29.6.11

«Մեր 20-ամյա ազատությունը կամավոր չենք տա»

Արցախում հասարակական-քաղաքական գործիչներին, ընդհանուր առմամբ, կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին խմբում Ղարաբաղյան խնդրով, մեր երկրամասի ճակատագրով մտահոգվող գործիչներն են, ովքեր անմիջապես արձագանքում են Արցախին վերաբերող գրեթե յուրաքանչյուր իրադարձության, զարգացումների, եւ որոնք շատ փոքր թիվ են կազմում։ Երկրորդ խումբը շատ ավելի ստվարաթիվ է եւ կազմված է այն գործիչներից, ովքեր սպասում են «վերեւից» ուղորդող փայտիկի շարժումներին, արվող հրահանգներին, որպեսզի «կողմնորոշվեն» իրենց հետագա անելիքի խնդրում։

Առաջին խմբի գործիչներից են ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանը, նախկին փոխարտգործնախարար, Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ ՀԿ-ի նախագահ Մասիս Մայիլյանը եւ այլք։ Շատ հաճախ նրանց տեսակետները չեն համընկնում, միանգամայն տարբեր դիքորոշում ունեն Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Բայց այդ մարդիկ իրոք մտահոգվում են մեր երկրի ու ժողովրդի ապագայով, փորձում իրենց ասելիքը, իրենց տեսակետը հասցնել հանրությանը։

Առաջին խմբի գործիչներից է նաեւ Արցախյան շարժման ակտիվիստ, պատերազմի մասնակից, ՀՀ ԳԽ առաջին գումարման պատգամավոր՝ Արցախից, պահեստի գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը։ Կազանում հունիսի 25-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ կայանալիք Ս. Սարգսյան - Ի. Ալիեւ հանդիպումը մտահոգում է նաեւ նրան։ Նա էլ գտնում է, թե շատ հնարավոր է, որ այդ հանդիպման ժամանակ ոչ մի փաստաթուղթ էլ չստորագրվի։ Սակայն, նրա կարծիքով, վաղուց գաղտնիք չէ, որ այդ եւ հետագա յուրաքանչյուր հանդիպում, որին ղարաբաղյան կողմը չի մասնակցում, իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի համար։

«Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Ռուսաստանի նախագահը կամ մյուսներն իրոք անկեղծորեն ձգտում են, որ Ադրբեջանը վերջ տա տարածաշրջանի խաղաղությանը սպառնող իր արկածախնդրական պահվածքին, հիստերիկ դեմարշերին եւ լրջորեն մասնակցի բանակցային գործընթացին, ապա միջնորդները Ի. Ալիեւի առջեւ պետք է նախապայման դնեն։ Այն է՝ եթե Կազանի հանդիպումը ոչ մի արդյունք չտա, ապա իրենք, միջազգային հանրությունը ճանաչելու է ԼՂ անկախությունը»,- ասում է Ռ. Պետրոսյանը։

Արցախցի գործիչի կարծիքով հայկական կողմի փոխզիզիջումների վերջին սահմանը պիտի լինի՝ Արցախի անկախ հանրապետություն՝ արեւմուտքից Հայաստանի հետ ամբողջական սահմանով՝ հյուսիսից հարավ, Իրանի հետ պարտադիր սահման եւ արեւելքից սահման Ադրբեջանի հետ։ «Ոչ մի մետր հող չպիտի զիջվի թշնամուն (հակառակորդ չեմ ասում, հակառակորդը երբեք խաղաղ բնակչություն, անգամ խաչքարեր չի ոչնչացնում), իսկ եթե ինչ-որ բան պիտի տանք, ապա միայն այն պայմանով, որ փոխարենն անմիջապես լուծվի ԼՂ կարգավիճակի հարցը,- գտնում է Ռազմիկ Պետրոսյանը։- Արդեն 20 տարի է, որ ես, իմ զավակները, թոռները, մի ողջ նոր սերունդ ապրում է ազատ ու անկախ իր հայրենիքում։ Ինչպե՞ս կարող ենք համաձայնվել, որ մեր այս 20-ամյա ազատությունը կամավոր տանք, ինչ-որ միջանկյալ կարգավիճակ ընդունենք, ինչ է թե՝ հետագայում, 10 կամ 20 տարի հետո մեր վերջնական կարգավիճակը նոր-նոր պիտի որոշեն։ Դա լինելու բան չէ։ Դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»։

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչը գտնում է, որ Արցախի կորուստն ի վերջո կբերի ողջ Հայաստանի կորստին, որովհետեւ թուրքը երբեք ձեռքբերածով չի կշտանում։ «Նրանք վաղուց խոսում են նաեւ Զանգեզուրի, Մեղրիի, անգամ Սեւանի ադրբեջանական տարածք լինելու մասին,- շարունակեց Ռ. Պետրոսյանը եւ հավելեց, որ ոչ միայն Արցախյան կողմը պիտի պարտադիր մասնակցի բանակցություններին, այլեւ մենք պիտի մեր ռազմական պոտենցիալը շարունակ համալրենք նորագույն զինատեսակներով՝ հակահրթիռային ՍԿԱԴ համակարգով, միջին եւ երկար հեռահարության հրթիռներով, ռազմական ուղղաթիռներով եւ այլն, որպեսզի ոչ ոք այլեւս չմտածի մեզ պայմաններ թելադրելու մասին։ «Միայն այդ դեպքում Ադրբեջանը, նրա հոգեհայր Թուրքիան եւ նրանց գրգռող, երկակի խաղ խաղացող գերտերությունները ձեռ կքաշեն Արցախից»,- եզրափակեց ադրբեջանա-արցախյան պատերազմի վետերան հասարակական-քաղաքական գործիչը։

Комментариев нет:

Отправить комментарий