30.9.13

ՀՈՐԵՂԲՈՐՍ ՏՂԱՆ ԵՎ ԼԵՆԻՆԸ


Հորեղբորս տղան՝ Վահրամը, որ մանկության տարիներին արտակարգ աշխույժ, չարաճճի երեխա էր, չափազանց հետաքրքրասեր ու հարցասեր էր նաև։ Ինչպես ասում են՝ գյուղում մի հատ էր նա՝ բոլորի սիրելին ու զվարճության առարկան...

Խորհրդային տարիներին էր. գյուղի ակումբում ինչ-որ կարևոր ժողով կար, որին մասնակցում էին նաև շրջկոմից եկած պաշտոնյաներ։ Հորեղբայրս իր հետ ակումբ էր տարել նաև որդուն։ Ասեղ գցելու տեղ չկար, և փոքրիկը տեղ էր գրավել հոր ծնկներին։

Փոքրիկն առաջին անգամ էր ակումբում: Հետաքրքրությամբ ու զարմացած նայում էր շուրջբոլորը: Ակումբի դահլիճի պատերը զարդարված էին Լենինի նկարներով։ Այդ տարիներին միլիոնավոր տպաքանակով հրատարակում էին Լենինի լուսանկարներն ու սփռում խորհրդային երկրով մեկ: Մշակույթի օջախները, բոլոր մեծ ու փոքր ակումբները, գիտական հաստատությունները, պետական հիմնարկները լեցուն էին Առաջնորդի բազմաթիվ ու բազմաբղետ լուսանկարներով:

Ժողովն արդեն սկսվել էր։ Փոքրիկը նույնպես սկսել էր հարցերի տարափը.
- Պապ, էն նկարում ո՞վ է։
- Լենինն է։
- Ի՞նչ է անում։
- Զրուցում է գյուղացիների հետ...
- Պապ, բա էն մի նկարում ո՞վ է։
- Լենինն է։
- Ի՞նչ է անում։
- Ճառ է ասում...
- Էն մի նկարում ո՞վ է։
- Լենինն է,- համբերատար պատասխանում էր հայրը...

Եվ այսպես փոքրիկը մեկ առ մեկ քննարկեց Լենինի բոլոր լուսանկարները՝ տարբեր տեսարաններում։ Հետո ծանրումեծ խորհեց մի քիչ ու հարցրեց.
- Բա ինչո՞ւ Լենինին չիշիկ անելիս էլ չեն նկարել...

Սկզբում զվարթ քրքիջ պայթեց հորեղբորս շուրջ նստածների շրջանում, ապա, իրար ականջի շշնջալով, աշխուժության պատճառը հասցրին լեփ-լեցուն դահլիճի բոլոր անկյունները։ Ակումբում այնպիսի մի անկասելի ծիծաղ էր, որ ելույթ ունեցող պաշտոնյան մնացել էր շվարած՝ կարծելով, թե իր վրա են ծիծաղում...

Ժողովը դեռ նոր-նոր սկսած՝ արդեն խանգարված էր։ Նույնիսկ կես ժամ հետո բավական էր մեկը հիշեր փոքրիկի հարցն ու փռթկացներ, դահլիճում համերաշխ պայթում էր քրքիջը...

19.9.13

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

(Ընկերոջս պատմածը)

Սովորում էի չորրորդ դասարանում։ Իններորդցի եղբայրս սիրահարվել էր մեկին։ Իմ կարծիքով, նա մի երևելի բան չէր, բայց, չգիտեմ ինչու, եղբայրս խելքը թռցնում էր այդ աղջկա համար։ Նրան տեսնելիս լոլիկի պես կարմրում էր և կորցնում խոսելու ընդունակությունը։

Եվ մի օր էլ լուսանկարչական իր ապարատը տվեց ինձ ու խնդրեց կադրերն օգտագործել միայն նրան նկարելու համար։
- Չէ՜ մի,- ասացի,- նա ո՞վ է, որ ամբողջ օրը ետևից քարշ գամ։ Ուզում եմ ընկերներիս էլ նկարել։

- Քո գործը չի,- եղբայրս այնպես նայեց ինձ, որ հասկացա՝ այդ պահին առարկելն իմաստ չուներ։- Եթե բոլոր կադրերը լավ ստացվեն, քեզ համար ամեն օր պաղպաղակ եմ գնելու,- իմ հետևից հայտարարեց նա։
Ես, իհարկե, կատարեցի եղբորս խնդրանքը և երեկոյան կողմ նրան վերադարձրի լուսանկարչական ապարատը։

Ողջ օրը ասես այդ պահին էր սպասում։ Երկյուղածությամբ, ինչպես սուրբ մասունք, սկզբում հանեց ժապավենը, հետո ամենայն բծախնդրությամբ ձեռնամուխ եղավ այն երևակելու արարողությանը։ Մի կողմ քաշված, հրճվանքով հետևում էի նրա շարժումներին։ Նա այնպես էր քրտնել, ասես, կատարելիս լիներ աշխարհում ամենակարևոր գործը...
Վերջապես հանեց ժապավենը, խնամքով կախեց լվացքաթոկից և, աչքերը չռած, կադր առ կադր սկսեց նայել իր գեղեցկուհու համայնապատկերին։ Կաս-կարմիր կտրած նրա դեմքը աստիճանաբար սկսեց կապտել ու մռայլվել։ Վզի երակները կամաց-կամաց սկսեցին ուռչել։ Նախազգուշության համար, համենայն դեպս, մի քանի քայլ ետ քաշվեցի։

Եղբայրս ոռնոցի պես ինչ-որ ձայն արձակեց, ձեռքի ժապավենը մի կողմ նետեց և կատաղած ընկավ իմ հետևից։ Ես արդեն սպասում էի դրան և այնպես պուկ եկա, որ եթե որսի շուն էլ արձակեր հետևիցս, հազիվ կարողանային ինձ բռնել։ Մինչև գյուղի ծայրը իմ հետևից վազելուց հետո նա անզոր մեկնվեց ճանապարհին և սկսեց կատաղածի պես թավալվել։
Հեռվում մի ապահով տեղ թաքնվելով, ես լսում էի նրա ձայնը.
- Ապու՛շ... անասո՛ւն, դու միայն ոտքերն ես նկարել... Գոնե մի կադր դեմքը նկարեիր, բարբարոսի մեկը...
- Է՜յ, էդ չղջիկի համար ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել,- իմ թաքստոցից բղավեցի ես։- Դե նրա մոտ ամենագեղեցիկը ոտքերն էին, ես էլ ոտքերն եմ նկարել։ Եվ հետո՝ քեզ մի քիչ տղամարդու պես պահիր... Պա՜հ, դմբո սիրահա՜ր...

Երկու տարի հետո եղբայրս նշանվեց, բայց չհասցրեց ամուսնանալ. նահատակվեց Մարտակերտի ազատագրության ժամանակ։
Տարիներ անցան։ Ես էլ սիրահարվեցի, և երբ առաջին անգամ, լուսանկարչական ապարատը ձեռքիս, պատրաստվում էի լուսանկարել ինձ համար աշխարհի ամենալավ աղջկան, հանկարծ հիշեցի հեռավոր այն օրն ու եղբորս առաջին և վերջին սե՜րը...
Երեկոյան, երբ եղբորս պես երկյուղածությամբ երևակում էի լուսանկարչական ժապավենը, ամեն ինչ կտայի, որ Այն օրը նորից կրկնվեր, և ես ուղղեի իմ սխալը...
1996 թ.

1.9.13

Վ. Օվյան. «Գրող-ընթերցող հարթությունում ես միջնորդների, միությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»

Այս տարվա մայիսի 31-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարան էր դիմել ԼՂՀ Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը՝ ընդդեմ գրող Վարդգես Օվյանի՝«համացանցում իր պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորող տեղեկություններ» հրապարակելու համար: Հայցադիմումը դատարանը մերժել էր:

- Պարոն Օվյան, ի՞նչ է տեղի ունեցել: «Արժանապատվությունը և բարի համբավն արատավորող» ի՞նչ տեղեկությունների մասին է խոսքը:

- Հայցադիմում է ներկայացրել դատարան, որ ես համացանցի միջոցով իր հասցեին զրպարտչական և վիրավորական բնույթի նյութեր եմ տպագրել: Այնուհետև անընդհատ շեշտվում են «համացանց» և «լրատվամիջոց» տերմինները, որ այնտեղ հրապարակել եմ վերոհիշյալ նյութերը: Եվ ոչ մի լրատվամիջոցի անուն, որտեղ հրապարակվել է այն: Մեջբերել էր ս. թ. հունվարի 6-ին հորս ծննդյան օրվա կապակցությամբ Ֆեյսբուքում իմ ընկեր-բարեկամների համար արված իմ գրառումից մի հատված. «Հայ ընթերցողը վերջին 10-15 տարում իր համար նոր-նոր է հայտնաբերում իրական Օվյանին, նաև՝ դժվարությամբ, անտեսանելի խոչընդոտներ շատ կան ու, ինչպես Արցախում հայտնի լրագրող Գեղամ Բաղդասարյանն է գրել՝ դրա հիմնական պատճառն այն է, որ «...դեռ կենդանի են նրա հերոսները» (խոսքը նրա երգիծանքի, սարկազմի, էպիգրամների, պամֆլետների հերոսների մասին է)»։ Ապա ավելացրել, որ դրանից հետո հավելել եմ՝ «Այդ թվում՝ մեծագույն-մեծագլուխ տականքներից մեկը»... Նա գտնում է, որ անհասցե այդ «մեծագույն-մեծագլուխ տականք»-ն իրեն է ուղղված... Եթե ընդունենք, որ ենթատեքստից է նման հետևություն արել, ապա ստացվում է, որ նա գտնում է, որ իմ գրառման մեջ ակնարկած «անտեսանելի խոչընդոտը, հորս երգիծանքի, սարկազմի, էպիգրամների, պամֆլետների հերոսը հենց ինքն է...

- Ինչո՞ւ են ձեր հարաբերություններն այսքան լարված: Ոնց որ գրողները երկու ճամբարի լինեն բաժանված…

- Նախ՝ Արցախում շատ քիչ գրողներ կան: Գրող ասելով՝ ես նկատի չունեմ ԳՄ տոմս ունեցողներին: Ասեմ նաև, որ դեռ խորհրդային տարիներից, չնայած ԽՍՀՄ գրողների միության անդամ էի 1988-ից, ոչ այդ միությունն էր ինձ պետք, ոչ ես էի այդ միությանը պետք: Գրող-ընթերցող. այդ հարթության վրա ես միջնորդների, ինչ-որ միությունների կամ այլ կազմակերպությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է լարված հարաբերություններին, դրա հիմնական պատճառն այն է, որ 1990-ականների սկզբներին ես հորս հետմահու լույս տեսած անդրանիկ գրքում զետեղել էի նաև Վ. Հակոբյանի «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության պամֆլետ-պարոդիան, որտեղ կան նաև այսպիսի տողեր.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

- Սա տպագրել էի որպես հորս գրական ժառանգության մի մասնիկ՝ անկախ նրանից, թե ում էր ուղղված: Այդ ժամանակից՝ 1992 թվականից Հակոբյանը կորցրել է քունն ու հանգիստը:

- Իսկ Վարդան Հակոբյանի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը ո՞րն է:

- Այդ հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Մենք բոլորս այս կամ այն մարդու, գրողի, մտավորականի մասին ունենք մեր սուբյեկտիվ կարծիքը:

- Այ Դուք, պարոն Օվյան, ի՞նչ կարծիք ունեք Հակոբյանի մասին:

- Անկեղծորեն ասեմ՝ նա ինձ չի հետաքրքրում որպես բանաստեղծ կամ մտավորական, իմ հետաքրքրությունների ծիրում նա չկա:

- Իսկ որպես քաղաքացի՞, Արցախի ԳՄ նախագա՞հ...

- Ընդամենը երկու օրինակ բերեմ. 2005 թ. իմ և բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանի ստորագրությամբ ԼՂՀ ԳՄ ղեկավար Վ. Հակոբյանին նամակ-դիմում է ուղարկվել՝ խնդրելով օրենքով սահմանված ժամկետում գրավոր պատասխանել վերոհիշյալ հարցերին. ա) 1994-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն պետական բյուջեից որքա՞ն գումար է ստացել և ինչպե՞ս է տնօրինել այդ գումարը (յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ առանձին-առանձին)։ բ) 1988-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն որքա՞ն ֆինանսական և նյութական օգնություն է ստացել Հայաստանի և Սփյուռքի մեր բարեկամներից (նվիրատուների անունները և յուրաքանչյուրի օգնության չափը), ինչպե՞ս է տնօրինվել այդ օգնությունը (տես՝ «Դեմո», 15 հունվարի 2005 թ.)։ Սակայն ո՛չ օրենքով սահմանված ժամկետում, ո՛չ դրանից հետո նա այդ նամակին չի պատասխանել, որը «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ԼՂՀ օրենքի խախտում է։ Ավելի թարմ օրինակ. վերջերս Երևանում նյութ էր հրապարակվել «Գրական միջակությունները սողոսկել են Վիքիպեդիա» վերնագրով: Այնտեղ ասվում է, որ Հակոբյանը Վիքիպեդիայում Մեծ Եղեռնի զոհ Վարդան Հակոբյան կամ Հեսու վարդապետի (1862-1915) էջում կառուցել է իր անձնական էջը: Ստացվել է, որ բանաստեղծ Վարդան Հակոբյանը ծնվել է 1948-ին և վախճանվել 1915-ին Մուշի մոտ... Համացանցում կա այդ էջի պատճենը:

- Պարոն Օվյան, եթե լավ գրողն այսօր Գրողների միությանը չանդամակցի, որևէ կերպ դա կխանգարի՞ իր գրական գործունեությանը:

ԳՄ հասարակական կազմակերպությունը խորհրդային, իր դարն ապրած կառույց է: Այսօր այն բացարձակապես դեր չունի գրողի (չեմ ասում՝ գրիչ բռնողի, գրչակի և այլն) կյանքում: Հարյուրավոր մարդիկ այսօր հովանավորներ են գտնում ու գրքեր տպագրում՝ առանց ԳՄ կամ այլ կազմակերպության տոմսերի: Միաժամանակ՝ ԳՄ տոմս ունեցող շատ-շատերը պետական բյուջեի հաշվին գրքեր են տպագրում, որոնք ոչ ոք չի կարդում…Ես նկատի չունեմ միայն Արցախը...

- Նույնատիպ հայցադիմումներ ներկայացվել էին նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանի և քաղծառայող Տիգրան Աթանեսյանի դեմ՝ նույն բովանդակությամբ: Դրանք նույնպե՞ս դատարանը մերժել է:

- Այո, ս.թ. օգոստոսի 14-ին դատարանը բոլոր երեք հայցադիմումները մերժել է:

- Պարոն Օվյան, Վարդան Հակոբյանի հետ ապագայում է՞լ կլինեն նման պատմություններ:

- Չգիտեմ: Այդ գործում նախաձեռնողը ես չեմ...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
«Հետք»

ԿԱՂԱՄԲԸ

Մեծի նրա չափանիշը ծավալն է, արտաքին չափսերն ու կշիռը։ Մեծ ու ծանրակշիռ գրողը նրա կարծիքով նա է, ով առնվազն 120 կգ քաշ ունի և կարողանում է հաստափոր գրքեր տպագրել (200 էջանոց գրքերին նա «բրոշյուր» է անվանում), մեծ պաշտոնյան՝ ով մեծ ու բարձր աթոռի վրա է նստում և այլն։

Դեռ մանկությունից երազում էր «մեծ մարդ» դառնալ և հիմնովին նետվեց այդ գաղափարի մեջ։ Ինչպես մեծն Օտյանը կասեր՝ ոչ թե գաղափարը մտավ նրա գլուխը, այլ նա ինքը մտավ գաղափարի մեջ։ Եվ գոմաղբի մեջ ընկած կարտոֆիլի պես սկսեց «աճել»։ Արդեն 6-րդ դասարանում այդ ասպարեզում հասել էր զգալի նվաճումների. գլխի չափերով առաջին տեղն էր գրավում ոչ միայն համադասարանցիների մեջ, այլև ողջ դպրոցում, իսկ մի քանի տարի հետո՝ նաև քաղաքում։

Տարիներ անցան։ Մեծացավ այն քաղաքը, որտեղ նա էր ապրում։ Մեծացավ ու պարարտացավ նաև նրա գլուխը։ Այլևս հնարավոր չէր տարբերել՝ որն է գլուխը, որը՝ նստուկը։ Ինքն էլ էր հաճախ շփոթում, երբեմն գլխիվայր նստում՝ թյուրիմացության մեջ գցելով մարդկանց։ Իսկ երջանիկ մի օր էլ հանկարծ պարզեց, որ ինքը ևս կարող է ծանրա-կշիռ գրքեր տպագրել։ Ամեն տարի առնվազն 15-20 կիլոգրամ գիրք էր տպագրում։ Տանն այլևս ազատ տեղ չէր մնացել։

- Այս տարի 24 կիլոգրամ գիրք եմ տպագրել,- մի անգամ հպարտությամբ հայտնեց ծանոթ-բարեկամներին,- դա 4 կիլոգրամով գերազանցում է նախորդ տարվա ռեկորդս։ Եթե այսպես շարունակեմ, մի քանի տարի հետո ավելի մեծ եմ լինելու, քան Լերմոնտովն ու Մայակովսկին, Թումանյանն ու Տերյանը...

- Դու արդեն մեծ ես Բայրոնից, Պուշկինից, Իսահակյանից ու Չարենցից, դու հանճար ես,- սկսեցին ոգևորել նրա ճոխ սեղանի փշրանքներով գոյություն քարշ տվող մանկլավիկները։
- Գիտեմ,- համեստորեն խոստովանեց նա,- բայց այդ «հանճարն» արդեն ինձ վրա նեղ է գալիս։ Չեմ հասկանում, ինչո՞ւ մարդիկ մի ավելի մեծ կոչում չեն ստեղծում, ասենք՝ գերհանճար, ամենահանճար...

Իր նազիր-վեզիրներին հանձնարարեց, որ դպրոցներին հրահանգ ուղարկեն՝ գրական միջոցառումներում արտասանել միայն իր բանաստեղծությունները։ Հեռավոր մի գյուղի խարխուլ պահեստից կարտոֆիլ կշռելու հսկա մի կշեռք բերեց տուն, որով մեկ առ մեկ կշռում էր իր գրքերն ու ոգևորված ծափ զարկում. «Վերջին տասը տարում տպագրած իմ բոլոր գրքերը կշռել եմ։ Ինձ հետ միասին 257 կիլո է։ Ես արդեն անցել եմ հայրենի ու համաշխարհային շատ ու շատ մեծերից»...

Ամեն տարի խոշոր պլանով լուսանկարում էր խաշ գցելու ծավալներ ընդունած մեծ գլուխն ու հպարտությամբ զետեղում իր գրքերի վրա կամ, թանկագին մասունքների պես, իր մակագրությամբ, նվիրում ծանոթ-բարեկամներին։

Եվ մի օր մարդիկ նկատեցին, որ նրա գլխի տարբեր մասերից սկսել են ինչ-որ բաներ դուրս գալ։ Սկզբում ոչինչ չէին հասկանում, իսկ ոմանք մինչև անգամ սկսեցին կատակներ անել՝ «Դդումի վրա պոզեր են բուսնում... Մեծ գլուխը երկունքի մեջ է...»։ Բայց կես տարի հետո նրանք զարմանքով նկատեցին, որ «մեծ մարդու» գլխի տեղը հսկա մի կաղամբ է աճել։

Զարմանահրաշ լուրը կայծակի արագությամբ սուրաց երկրով մեկ և տարածվեց ողջ աշխարհում։ Մոլորակի տարբեր ծեգերից խոշոր գիտնականներ, հանրահայտ գյուղատնտեսներ եկան՝ իրենց աչքերով տեսնելու և պարզելու այդ հրաշքը։ Բոլորը միաձայն խոստովանեցին, որ իրենց ողջ կյանքում այդպիսի խոշոր կաղամբ չեն տեսել։ Նրանցից ոմանք այդ գլուխ-կաղամբից փոքրիկ թևիկներ կտրեցին և ուղարկեցին իրենց երկրների գիտահետազոտական ինստիտուտներին՝ լաբորատոր ստուգումների համար։ Եվ երբ մի ծեր գյուղատնտես փորձում էր փոքրիկ կաղամբաթև կտրել իր երկրի համար, չգիտես որտեղից մի աղջնակ հայտնվեց ու թախանձագին ասաց.

- Քեռի Կաղամբ, մայրիկս խնդրել է, որ մի թև էլ մեզ տաս՝ տոլմա փաթաթելու համար...
Ծեր գյուղատնտեսն իր ձեռքի կաղամբաթևից մի փոքր կծեց՝ համը ստուգելու համար, բայց հանկարծ զզվանքով դեմքը ծամածռեց.
- Թո՛ւհ, ինչ զզվելի համ ունի։ Այս ճիվաղի մեջ որքան չարություն, մաղձ ու թույն կա՝ տվել է զազրելի գլխին և կաղամբ դարձրել...

Ու բոլոր հայտնի գիտնականները հիասթափված շուռ տվեցին գլուխներն ու հաջորդ օրը մեկնեցին իրենց երկրները։ Սակայն այդ ամենը մարդ-կաղամբին ամենևին չանհանգստացրեց։ Կարևորն ու տեսանելին ոչ թե բովանդակությունն է, այլ ձևը, արտաքինը։ Թող որ անհամ ու գարշելի է, բայց իր կաղամբն ամենամեծն է աշխարհում։

Նա հասել էր իր նպատակին։ Նա արդեն «մեծ» էր։

ՍԱՐԴԸ

Սենիկ Հավկիթյանը շատ նրբազգաց ու պատվախնդիր մարդ է, և այնպիսի նուրբ սիրտ ունի, որ հաճախ վախենում ես որևէ սրիկայի մասին վատ բան ասել, որովհետև նա իր սրտին շատ մոտ է ընդունում դա... Երբ առաջին անգամ պամֆլետ գրեցի ոմն պաշտոնյայի մասին, որն իր աշխատավայրն երբեմն շփոթում է սեփական բնակարանի հետ, և ինչ կա-չկա իր առանձնասենյակում, թռցնում-տանում իրենց տուն, Սենիկ Հավկիթյանը շատ խիստ նեղացավ ինձնից: «Չնայած անունը չես գրել, բայց ես գիտեմ, որ ինձ ես նկատի ունեցել»,- հեռախոսագծի հակառակ ծայրից լսեցի վերջինիս դժգոհ ձայնը:

Մի ամիս հետո նա բռնեցրեց ինձ փողոցում և, իմիջիայլոց, ասաց. «Երեկ թերթում կարդացի պատմվածքդ: Անմիջապես հասկացա, որ դարձյալ ինձ ես նկատի ունեցել»: Մնացի տարակուսած, որովհետև իմ այդ պատմվածքի հերոս էի ընտրել մեկին, որն իր ղեկավարած հիմնարկում աջ ու ձախ ինտրիգներ է սարքում, բոլորին լարում իրար դեմ, որպեսզի ժամանակ չունենան մտածելու իրեն գահընկեց անելու մասին:

Դրանից հետո ես սկսեցի ավելի զգույշ լինել իմ հերոսների կերպարը կերտելիս, որպեսզի Սենիկ Հավկիթյանը հանկարծ չկարծի, թե ես իրեն եմ նկատի ունեցել: Սակայն ամենևին ոչինչ չէր փոխվում: Հենց որ տպագրվում էր իմ այս կամ այն ստեղծագործությունը որևէ կաշառակերի, բյուրոկրատի կամ գողի մասին, Սենիկ Սիսակովիչն անմիջապես զանգում էր ինձ և նեղացած քրթմնջում. «Քեզ ի՞նչ վատություն եմ արել, որ շարունակ ինձ ձեռ ես առնում քո պատմվածքներում»:

Այնուհետև տարբեր ժամանակներում ես գրեցի աչքածակի և աթոռամոլի, ստորաքարշ պաշտոնյայի և աներես շողոքորթի, բոլոր բարեկամ-ազգականներին իր ղեկավարած հիմնարկում տեղավորած չինովնիկի և իշխանությունների առջև չորս վերջավորությունների վրա տրտինգ տվող մարդուկի, ամեն տարի ոչ մեկին պետք չեկող ծանրաքաշ գրքեր տպագրող պոետի և մեծագլուխ փոքրոգի ստահակի, կարիերիստի և աջ ու ձախ կնոջ պես բամբասող տղամարդու մասին, ու ամեն անգամ Սենիկ Հավկիթյանը դժգոհում և խռովում է ինձնից, գտնելով, որ ես խայտառակում եմ իրեն:

Նա իմ մասին թաքուն չարախոսում ու լուտանքներ էր շաղ տալիս և ինձ մեղադրում բազմաթիվ մեղքերի մեջ: «Հիմա էլ գրել ես, որ ես ինձ շրջապատել եմ ոչնչություններով ու մանր-մունր թփերով, որպեսզի նրանց մեջ բարձր երևամ,- կրկին ու կրկին նեղացած բողոքում էր Հավկիթյանը,- անուն-ազգանունը դիտմամբ փոխել ես, որպեսզի գլխի չընկնեմ, որ ինձ ես նկատի ունեցել: Բայց քո ամեն մի տողից, ամեն մի բառից պարզ երևում է, որ քո այդ Սաքո Գրիգորիչը ես եմ»:

Երբ մի անգամ նա ինձ ասաց, որ հակառակ իր լավաթյուններին, ես իրեն դարձրել եմ իմ անձնական թշնամին, ես անկեղծորեն խոստովանեցի, որ իրեն ոչ միայն թշնամի չեմ համարում, այլև իր մասին այնքան եմ մտածում, որքան, ասենք, փողոցով խռխռացնելով անցնող այն բեռնատարի կամ փողկապավոր այն գիշերանոթի մասին: Իմ այս սրտաբաց խոստովանությունը նույնպես նրան դուր չեկավ և նա, «Ինձ վիրավորում ես» խոսքերը մրթմրթալով, թթված հեռացավ:

Մի օր հանկարծ ինքս ինձ համար պարզեցի, որ Սենիկ Հավկիթյանը դժգոհում է իմ այն ստեղծագործություններից, որոնց հերոսը սրիկա է կամ ինչ-որ այլանդակ արարած: Կասկածներս ստուգելու համար ես գրեցի մի մարդու մասին, որին ոչ ոք չի սիրում, և նա ծանր բեռ է դարձել ոչ միայն իր ղեկավարած հիմնարկի, այլև ողջ երկրի համար, ու երբ նա մահանում է և նրա հոգին ընկնում է դժոխք: Այստեղ էլ բոլոր մեղավոր հոգիները վրդոված բողոքի ցույց ու հանրահավաքներ են կազմակերպում՝ մեր հերոսին իրենց «երկրից» դուրս շպրտելու կոչերով...

Իմ այդ ստեղծագործությունը տպագրվելու հաջորդ օրը հնչեց հեռախոսազանգը, և հեռախոսագծի մյուս ծայրում դարձյալ Սենիկ Հավկիթյանն էր՝ իր դժգոհ քրթմնջոցով...

Իր վարք ու բարքով նա դարձել էր յուրատիպ կենդանի թիրախ. ինչ սրիկայի խփում ես՝ նրան է կպչում, ինչ շան վրա քար ես շպրտում՝ նա է վայնասուն բարձրացնում:

Վերջնականապես համոզվեցի, որ Սենիկ Հավկիթյանը ոտուգլուխ աղտոտված տիպ է, որ նրա մեջ մարդկային ու լուսավոր ոչինչ չկա, որ նրան ամենևին չի փրկի ամեն օր ժավելով լողանալն անգամ, որովհետև նրա հոգու վրա տարիներ շարունակ այնքան կեղտ էր կպել-կարծրացել, որ փլավքամիչով անգամ այն հնարավոր չէ զատել։ Այդ ճիվաղն իրեն կապել է պաշտոնական իր աթոռին և մեծ փուչիկի պես օրորվում է նրա վերևում: Նա նման է մեր երկրի մակերևույթին կպած հսկա մի սարդի, որից սկիզբ են առնում մարդկային բոլոր արատներն ու այլանդակությունները:

Ժողովրդական իմաստությունն ասում է. «Կուզին գերեզմանը կուղղի»: Հոգով կուզը, սակայն, հանդերձյալ աշխարհում անգամ չի ուղղվի:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Կարմիր ծաղկաթերթիկներ» գրքից

ՈՒ ԱՅՍՊԵՍ ԱՐԱՐՎԵՑ ԼԱՏԻՆԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԸ

Երկար ժամանակ ինձ հանգիստ չէր տալիս այն հարցը, թե ո՞վ է հնարել «լատինատառ հայերենը»: Տևական հետազոտություններից հետո պարզեցի, որ ի տարբերություն մաշտոցյան գրերի, լատինատառ հայերենը շատ ավելի ուշ է ստեղծվել՝ առաջինի ստեղծումից շուրջ 2 հազար տարի հետո: Պարզեցի, որ այն հնարել է Պողոս Պետրոսով (ինքը գրում էր՝ Pagos Petrosoff) անվամբ մեկը: Հասկանալով, որ մեսրոպատառ գրերը վաղուց հնացել, իրենց սպառել ու դրանցով բառեր ու նախադասություններ կազմելիս ակնհայտորեն երևում է դրանց հեղինակների անգրագիտությունը, Pagos Petrosoff-ի գլխում հղացավ լատինատառ հայերեն ստեղծելու միտքը:

Տարիներ շարունակ նա երկրից երկիր է մեկնել, ծանոթացել տարբեր ազգերի ու ցեղերի այբուբեններին, որպեսզի դրանց հիման վրա արարի հայոց նորագույն այբուբենը: Վերջինս եղել է Չինաստանում ու Ճապոնիայում, այնտեղից ինքնաթիռով սլացել Սինգապուր ու Նոր Զելանդիա, նավարկելով հասել Հայիթիի ափերն ու Նոր Գվինեա, ապա Պապուասների երկիր ու Մոզամբիկ, այնուհետև՝ Հյուսիսային Ամերիկա ու Անտարկտիդա... Սկզբում նույնիսկ մտածում էր ստեղծել չինատառ հայերեն, հետո նրան սկսեց հրապուրել պապուասների այբուբենը, արաբատառ հայերենի միտքը, բայց ի վերջո նրա ընտրությունը կանգ առավ հենց «լատինտառ հայերենի» վրա: «Ays grerov menk anmijapes durs kgank mijazgayin shuka...» («Այս գրերով մենք անմիջապես դուրս կգանք միջազգային շուկա»),- իր օրագրում գրեց Pagos Petrosoff-ը և ձեռնամուխ եղավ Հայկի ծոռնածոռներին այն ուսուցանելուն:

Նոր գրերը շատ բախտավոր դուրս եկան: Իրեն հայ անվանող ժողովրդի մի ստվար մասն անմիջապես սիրով կապվեց այդ գրերին: Անգամ նրանք, որ հայատառ հինգ բառ անգամ չէին կարողանում իրար կցմցել, համացանցը սկսեցին հեղեղել լատինատառ հայերեն մարգարիտներով: Եվ ինչպիսի՜ հավեսով էին տկտկացնում իրենց համակարգիչների ստեղներին...

Սակայն ինձ, ցավոք, չհաջողվեց պարզել այդ անմահ գրերի գյուտի հեղինակի հետագա ճակատագիրը: Pagos Petrosoff-ի մասին վերջին տեղեկությունն այն է, որ նա սիրահարվել է մոզամբիկցի մի գեղեցկուհու, ամուսնացել ու դարձել Պավլոս Պետերսոն: Ինձ հաջողվեց գտնել վերջինիս ամենավերջին գրառումը՝ Martkayin tkhmarutyun sahmanner chuni (ասել է թե՝ մարդկային տխմարությունը սահմաններ չունի)...

P.S. - Խնդրում եմ իմ այս գրառումը հանկարծ չհրապարակել հատկապես այն լրատվամիջոցներում, որտեղ մեկնաբանություններ են գրում: Լատինատառ հայերենի աննկուն մասնագետների ձեռքից չեմ պրծնի...

ԻՆՉ ԱՍԵԼ Է՝ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամեն անգամ լսելով՝ «արցախահայեր», «արցախահայություն», «արցախուհի» նորահայտ բառերը, ինչ-որ անբացատրելի տհաճություն եմ զգում, զարմանում, զայրանում ու մի ավելորդ անգամ համոզվում, որ իրոք մարդկային տգիտությունը սահմաններ չի ճանաչում:

Վերջին տարիներին հատկապես Հայաստանում (ՀՀ-ում) բնակվող իմ ընկերների մոտ նկատում եմ նույն զարմանք-զայրույթը՝ կապված «Արցախ» տեղանվամբ նմանատիպ բառագոյացությունների հանդիպելու հետ:

Արցախը Մեծ Հայքի տասնհինգ նահանգներից մեկն է եղել, ավելի կոնկրետ՝ տասերորդ նահանգը: Այն տեղանուն է, ինչպես, ասենք՝ Սյունիքը, Ծոփքը, Վասպուրականը, Աղձնիքը, Փայտակարանը, Գուգարքը, Ուտիքը և այլն: Մեծ Հայքը, Հայաստանը, Հայկական բարձրավանդակը պատմականորեն հայերի բնօրրանն է: Բնականաբար հայերի բնօրրանն են նաև «Հայաստան» ընդգրկուն-հավաքական տեղանվան մեջ մտնող մյուս բոլոր մեծ ու փոքր տեղանունները:

«Հայաստան» ասելիս, չեմ կարծում, թե երբևե կարող է մեկի մտքով անցնել պատկերացնել, ասենք՝ հնդիկ, անգլիացի, ճապոնացի, արաբ, հրեա, կորեացի, մոնղոլ կամ ալբանացի: «Հայաստան» երկրի անվանումը լսելիս յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է հայերի երկիր, այսինքն՝ երկիր, որտեղ գերազանցապես հայեր են ապրում ու դա նրանց երկրի անվանումն է: Չնայած շատ հնարավոր է, որ այնտեղ բնակվելիս լինեն նաև ռուսներ, պարսիկներ, քրդեր, անգլիացիներ և այլն, բայց՝ որպես ազգային փոքրամասնություն:

Իմ գործընկեր, երևանաբնակ լրագրող Ռուզան Մինասյանի ֆեյսբուքյան էջում նկատեցի Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց համալսարանի» պատին փակցված մի ցուցապաստառի լուսանկար և իմ գործընկերոջ զարմացախառն հարցը՝ «Արցախահայկակա՞ն... համալսարանի հարգելի ղեկավարություն, խնդրում եմ հանել այս ցուցապաստառը Ձեր շենքից: Ի՞նչ է նշանակում արցախահայկական»...

Կրկնում եմ, հատկապես ՀՀ-ում բնակվող իմ ընկերների, ծանոթների և անծանոթների մոտ հաճախ եմ նման զարմանք-զայրույթ-դժգոհություն նկատում «արցախահայեր», «արցախահայություն», «արցախուհի» ու նմանատիպ բառակազմությունների կապակցությամբ: Երբևէ լսած կա՞ք՝ հայաստանահայեր, հայաստանահայություն, կամ, ասենք, տեղի կանանց ու աղջիկներին անվանեն հայաստանուհի: Մի պահ պատկերացրեք նույն ձևով բառակազմություններ հնարեն Հայոց մյուս մարզերի և շրջանների մեր հայրենակիցները՝ շիրակահայություն, սյունիքահայեր, զանգեզուրուհի, վասպուրականահայեր, վայքահայություն, լոռուհի, գուգարքահայեր և այլն:

Հարգելիներս, երբ ասում եք՝ «արցախահայեր», «արցախահայություն», նշանակում է Արցախում հայերից բացի, որպես բնիկներ, ապրում են նաև այլ ազգություններ՝ արցախառուսներ, արցախաադրբեջանցիներ, արցախաչինացիներ կամ արցախաբուշմեններ...

Բոլորս մի քիչ ավել կամ մի քիչ պակաս սիրում ենք մեր բնօրրանը, մեր ծննդավայրը, մեր հայրենի եզերքը, բայց այդ սերը չպիտի թույլ տա «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևակայել մեզ ու նման զվարճալի-անհեթեթ ձևերով արտահայտել մեր սերն առ հայրենի Արցախ: Երբ կարելի է պարզապես ասել՝ արցախցի, արցախցիներ, և ամենաապուշն անգամ կհասկանա, որ խոսքը հայերի մասին է, տվյալ դեպքում՝ Արցախում ապրող հայերի:

Ի դեպ, այդ անհեթեթ բառակազմություններով ու բառաձևերով արդյո՞ք մեզ չենք առանձնացնում աշխարհի մյուս բոլոր հայերից: Հասկանում եմ, որ շատերն ուղղակի չհասկանալով են օգտագործում դրանք՝ չգիտակցելով այդ բառակազմությունների ողջ անհեթեթությունը (չեմ բացառում, որ նույնիսկ շատ հնարավոր է տարիներ առաջ ինքնաբերաբար 1-2 անգամ ես էլ օգտագործած լինեմ «արցախահայություն»-ը. հստակ չգիտեմ՝ հնարավոր է երբեք չեմ օգտագործել, ուղղակի չեմ բացառում):

Պարզապես ինչ-որ մի շատ «խելոք» մի անգամ նման բառեր է հնարել, նրան հետևել են ևս մի քանի «խելոքներ» և... անհեթեթության ձնագունդը գլորվելով՝ սկսել է աջ ու ձախ տարածվել՝ իր մեջ առնելով շատ-շատերին... Նույնիսկ պետական-պաշտոնական բազմաթիվ փաստաթղթեր են ստեղծվել՝ այդ, մեղմ ասած, անիմաստ բառակազմություններով:

Վաղուց ժամանակն է ձերբազատվենք արհեստածին այդ անհեթեթությունից, եթե չենք ուզում մեզ առանձնացնել աշխարհասփյուռ մեր բոլոր ազգակիցներից ու դառնալ ոչ արցախաբնակ մեր հազարավոր, միլիոնավոր հայրենակիցների ծիծաղի առարկան:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

ԱՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

ԼՂՀ ԳԽ նստաշրջանն էր՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամթատրոնի շենքում: Այդ տարիներին մշտապես ներկա էի լինում ԳԽ նիստերին: Դահլիճում պատգամավորներն էին և մոտ տասնյակ այլք: Արցախում իշխանության գլուխ ՀՅԴ-ն էր:
Սիրում եմ միշտ նստել վերջին շարքում. այնտեղից ամեն ինչ լավ տեսանելի է լինում: Տվյալ դեպքում՝ նստած էի դահլիճի կենտրոնում մի տեղ: Իմ մոտակայքում բոլոր նստատեղերն ազատ էին: Մյուսները բեմին մոտ շարքերում էին:

Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը ևս հրավիրված էր: Լարված իրավիճակ էր: ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի փոխադարձ անհանդուրժողականությունն ակնհայտ էր: Ամբիոնին մոտեցավ Կոմանդոսն ու սկսեց բորբոքված խոսել: Կարճ ելույթը դաշնակցության դեմ էր: Վերջիններս ինչ-որ շվարել էին: Գիտեի, որ Կոմանդոսի հետ հարաբերությունները վատ չէին: Այդ ելույթն անսպասելի էր նրանց համար:

Խոսքն ավարտելուց հետո Արկադի Տեր-Թադևոսյանը շարքերի միջով եկավ ու նստեց ինձնից մի նստատեղ աջ թե ձախ... Բորբոքված էր: Նայում էր բեմի ուղղությամբ ու ինքն իրեն խոսում: Ես էլ էի նայում նույն ուղղությամբ. չէի ուզում ցույց տալ, որ լսում եմ: Նա ինձ բացարձակապես չգիտեր, պարզապես մեկը պետք էր, որ «կիսվեր» հետը... Բառացի չեմ հիշում, բայց մոտավորապես այս էր ասում՝ ի՞նչ են անում սրանք, ինչո՞ւ են ինձ խառնում իրենց քաղաքական խաղերին, ես զինվորական եմ, ինչո՞ւ չեն թողնում իմ գործով զբաղվեմ, թշնամուն թողած իրար մեջ են թշնամիներ որոնում...

Հասկացա, որ ստիպել են ելույթ ունենալ դաշնակցության դեմ, ու ինքը դժգոհ է նաև իրենից, որ խառնվել է նրանց քաղաքական ինտրիգներին...

Թշնամին նստած էր մեր դռանը: Ծանր ու դաժան ժամանակներ էին: Ու դա նաև մե՛ր մեղքով...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

ՄԻ «ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Ընկերոջս հետ դպրոցական տարիներն էինք հիշել: Հուշեր էինք պատմում, յոթ սարի հետևում մնացած դեպքեր հիշում: Նա հանկարծ ասաց.
- Մի բան եմ ուզում պատմել, չնայած մի պատմելու բան էլ չէ: Դպրոցում լավ էի սովորում: Կարելի է ասել՝ դասարանի աչքն էի: Գեղեցիկ ու խելացի աղջիկներ կային մեր դասարանում: Զուգահեռ դասարաններում ու մեզնից մեկ-երկու տարով փոքր աշակերտուհիների մեջ էլ կային: Դե, գիտես, որ շատ ուշ ամուսնացա: Այդ տարիներին աղջիկների վրա ուշադրություն չէի դարձնում: Ավելի ճիշտ՝ նրանք ինձ համար ընդամենը դասընկերներ էին, ընկերուհիներ: Նկատում էի, որ շատերն ինձ այլ աչքով են նայում, բայց վեջս չէր: Մտածում էի՝ բարձրագույն կընդունվեմ, այնտեղ ավելի լավ աղջիկներ կլինեն...

Ի դեպ, նույնը կատարվեց նաև բարձրագույնում: Ինքս ինձ ասում էի՝ բարձրագույնը կավարտեմ, աշխատանքի կանցնեմ, ավելի գեղեցիկ ու խելացի ընկերուհի կգտնեմ: Ու բոլոր գնացքները մեկնեցին, մնացի մենակ:

Ու հրաշք կատարվեց՝ վերջապես գտա Նրան ու ամուսնացա: Հետո հրեշտականման երեխաներ ծնվեցին... Դե, դա դու լավ գիտես:

Ինչ որ է: Դպրոցական տարիներին ութերորդում թե իններորդում փոխեցի իմ դասարանը, որովհետև այնտեղ հիանալի տղաներ կային, որոնց հետ էի հիմնականում ընկերություն անում: Գեղեցիկ ու խելոք աղջիկներ էլ կային: Մի աղջիկ կար այդ դասարանում, շատ աղոտ եմ հիշում նրա դեմքը: Անհետաքրքիր, անհրապույր էր շատ: Կարծեմ վատ չէր սովորում, բայց ընդամենը մեկ-երկու աղջկա հետ էր լինում հիմնականում: Աղջիկներն անգամ մտերիմ չէին հետը: Հիմա եմ մտածում, որ երևի պատճառն այն է, որ ոչ միայն արտաքինից էր անհրապույր...

Բայց շատ անհամ պատմություն է սա: Նույնիսկ չգիտեմ, թե ինչու եմ պատմում: Չնայած ուզում եմ նաև պատմել: Ինչ-որ է: Դպրոցն ավարտելուց հետո 20 տարի է անցել, բայց ես նրան երբեք չեմ տեսել, նրան երբեք չեմ հիշել: Չնայած հնարավոր է, որ բազմիցս անցած լինի կողքովս, բայց ես իրեն նկատած կամ ճանաչած չլինեմ:
Մի քանի օր առաջ բարեկամիս հարսանքի ժամանակ կողքիս նստած էր վերջինիս տարեց ազգականուհին: Զրուցասեր կին էր:

- Գիտե՞ս, քո դասընկերուհին իմ հարևանուհին է,- ասաց նա և ինչ-որ անուն-ազգանուն ավելացրեց:

Անմիջապես չկարողացա հիշել, բայց հետո մի կերպ գլխի ընկա, որ խոսքը վերոհիշյալ աղջկա մասին է:

- Հաճախ է մոտս պատմում դպրոցական տարիների մասին: Քո մասին էլ է շատ պատմել,- ասաց տարեց զրուցակիցս:- Մի անգամ խոստովանել է, որ իրեն սիրում էիր, երկու անգամ առաջարկություն ես արել իրեն, իսկ ինքը մերժել է: Հիմա փոշմանել է, որ մերժել է քեզ...
Ա՜յ քեզ բան, մնացել էի շվարած: Մի քանի օր է այդ խոսքերը գլխիցս դուրս չեն գալիս: Չեմ հասկանում, ինչո՞ւ է ստել: Դա նրա ինչի՞ն է պետք...

Ընկերոջս պատմության վերջաբանն ինձ համար էլ անսպասելի ու տարօրինակ էր: Ի վերջո ասացի.

- Կարծում եմ, մանկության, դպրոցական տարիներին մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ մի հեքիաթ էր հորինում իր համար: Այդ աղջիկն ուղղակի իր հեքիաթը պատմում է ուրիշներին...

ԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԻՍԿ ԵԹԵ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ՞...

Մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու որոշման շուրջ հայկական մամուլում և սոցիալական ցանցերում աշխույժ քննարկումներ են գնում. մի մասը հարցին մոտենում են ռուսների դիրքերից, հնարավոր ու անհնարին բոլոր ձևերով փորձելով արդարացնել մեր հյուսիսային հարևանին, մյուս մասը փորձում է ցույց տալ, որ ռուսները հայերի նոր ցեղասպանություն են նախապատրաստում։ Այս երկու տարակարծիք ճամբարների ներսում կարծիքները նույնպես բաժանվում են։ Օրինակ, ռուսների խայտառակ գործարքի դեմ գրողների մի որոշ մասը գտնում է, որ ռուսները միշտ էլ բացասական դերակատարություն են ունեցել վերջին 200-ամյա մեր ողբերգություններում, և այս անգամ նրանց «սմերչները» ավելացնելու են մեր պատմության սև էջերի թիվը, մի այլ մասը գտնում է, որ ռուսները, ճիշտ է, հերթական սրիկայությունն են անում մեր դեմ, բայց «սմերչն» այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում... և այլն։

Այսօրինակ հրապարակումներ էլ կան՝ «Սմերչով» Ստեփանակերտը ռմբակոծելու դեպքում ադրբեջանցիները ստիպված կլինեն մտածել միլիոնանոց Գանձակի ու հարակից բնակավայրերի ֆիզիկական գոյության մասին...
Ինձ մտահոգում են ոչ միայն այն հրապարակումները, որտեղ ստրկահաճորեն արդարացնում են հյուսիսային հարևանի ցանկացած ձեռնարկում, ներառյալ այնպիսիք, որ միանշանակ ուղղված են մեր լինելության դեմ, այլև վերջին կարգի կարծիքները՝ եթե դուք ռմբահարեք Ստեփանակերտը, մենք էլ «միլիոնանոց Գանձակի» ու հարակից բնակավայրերի բմբուլները քամուն կտանք։ Երևի շատ հեշտ է այս կարգի «վերլուծություններ» նկարել, հատկապես երբ աշխարհին նայում ես 9-րդ հարկի լուսամուտից, դիմացդ նոութբուք է, կողքիդ՝ հաճելի բույրով սուրճի բաժակ։

Ասենք թե նրանք հարվածեցին 40-50 հազար բնակչությամբ Ստեփանակերտին, մենք էլ նրանց «միլիոնանոց Գանձակին»։ Արդյունքում՝ զոհվեցին 2-3 տասնյակ հազար ստեփանակերտցի երեխաներ, կանայք, ծերեր, մենք էլ ոչնչացրինք, ասենք, հակառակորդի հնգապատիկ ավելի շատ խաղաղ բնակչություն (100-150 հազար ազերիների)։ Հետո՞։ Ու սա մխիթարի՞չ է։ Որ դրանից հետո եռակի, քառակի անգամ մեծ թափ է ստանալու արտագաղթը՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում,- դա չի՞ մտահոգում մեր ուռա-վերլուծաբաններին...

Հնարավոր պատերազմի դեպքում Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության խնդրի մասին «Եթե վաղը պատերազմ լինի» վերնագրով «Նոր էջ»-ում և հայաստանյան մամուլում ես հոդվածներ եմ տպագրել 2011, ապա 2012 թվականներին։ Եվ՝ ոչ մի արձագանք իրավասու մարմինների, հատկապես նրանց կողմից (քաղաքացիական պաշտպանություն և այլն), ովքեր թեկուզ իրենց «մունդիրի պատիվը» պաշտպանելու համար պարտավոր էին ձայն հանել, փորձել ինչ-որ կերպ արդարացնել իրենց անգործունեությունը, որի պատճառով վաղը կարող ենք անդառնալի խոշոր կուրուստներ ունենալ խաղաղ բնակչության շրջանում։

Այսօր, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից շուրջ երկու տասնամյակ հետո արդյո՞ք իրեն հնարավորինս պաշտպանված է զգում Արցախի շարքային քաղաքացին։ Արդյո՞ք իրենց պաշտպանված են զգում Արցախի ամենախոշոր բնակավայրում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Հատկապես երբ քաղաքագետները, ռազմագետներն ու այլ մասնագետներ ակնարկում են, որ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու ու բազմիցս մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու։

Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն, որտեղ մարդիկ են աշխատում, պարբերաբար աշխատավարձ են ստանում։ Հետո «վաստակած հանգստի» են անցնում և բարձր թոշակ ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենախոշոր քաղաքի՝ Ստեփանակերտի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները։ Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից և օդից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, և որոնք աղբանոց են հիշեցնում ու առնետներն են տերուտնօրինություն անում այնտեղ։ Որոշ նկուղներ ամիսներով «ողողված» են լինում ջրով, անգամ՝ կոյուղու խարխուլ խողովակներից թափված։ Լրիվ զուրկ են էլեկտրական գծերից...

Խորհրդային տարիներին մայրաքաղաքի որոշ հատվածներում ապաստարաններ կային, անգամ հակագազերի որոշ քանակություն էր պահվում այնտեղ։ Ո՞վ գիտե, թե հիմա այդ հատուկենտ ապաստարաններն ինչ վիճակում են։ Ստեփանակերտում բազմաթիվ, այսպես կոչված, «խրուշչովկաներ» կան, որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաև, որ շուկայական հարաբերությունների հաստատման և օրինական անօրինության վերջին մեկևկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայրեր...

Հետաքրքիր է, անսպասելի օդային հարձակման ենթարկված Ստեփանակերտի բնակիչներին պետք է խնդրել՝ մի քանի ժամ սպասե՞լ, որպեսզի գետնահարկ օբյեկտի տերը «կարգավորի» այն ու տրամադրի քաղաքացիներին։ Իսկ եթե այդ պահին նա այլ թաղամասում գտնվող իրենց շենքում է և զբաղված է իր հարազատների տեղավորման խնդրո՞վ։ Այդ դեպքում ինչպե՞ս պիտի վարվել։ Թշնամուն խնդրել սպասե՞լ... այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր վայրկյանը կարող է տասնյակ, հարյուրավոր մարդու կյանք արժենալ...

Իսկ մնացած հազարավոր քաղաքացիները, ովքեր նկուղ չունեն, որոնց նկուղներն աղբանոց են հիշեցնում, ի՞նչ պիտի անեն։ Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա և որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մասին պատասխանատու որևէ չինովնիկ մտածե՞լ է։ Այս մեկևկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման կամ հրթիռակոծության ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը... Դպրոցներում երբեմն «օդային տագնապ» են հայտարարում։ Աշակերտները շտապ լքում են դպրոցի շենքն ու վազում դուրս... Հնարավոր պատերազմի և օդային հարձակման դեպքում էլ պիտի՞ նրանք իրենց «անվտանգությունը» գտնեն բաց երկնքի տակ...

Հակառակորդը վաղը կարող է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։
Ստեփանակերտում գրեթե շենք չի մնացել, որին վերջին 10-15 տարում կցված չլինի մի նոր մասնավոր շինություն։ Խնդիրն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է «ռեզոնանսի օրենքի» համաձայն հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները՝ իրենց բնակիչներով։ Նման ավերածության տեղիք կարող է տալ նաև շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը...
Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի... Արդյո՞ք դա այսօր կենսական անհրաժեշտություն է ռազմական դրության մեջ գտնվող մեր երկրի համար, որի սոցիալական խնդիրների ծայրը չի երևում։

Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու նենգ հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Բանակն ուժեղ և մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը։
Ի պատասխան «եթե վաղը պատերազմ լինի...» հարցի, շարունակ հակադարձում ենք՝ «Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում...», կարծես պատերազմի լինել-չլինելու հավանականությունը պայմանավորված է միայն մեր պատերազմ չուզելու և խաղաղություն ուզելու ցանկությամբ։ Եվ ոչ թե հնարավոր պատերազմը կանխելու մեր նպատակաուղղված գործողություններով և արդեն անխուսափելի պատերազմը հնարավորինս քիչ կորուստներով դիմագրավելուն միտված կոնկրետ քայլերով։ Եթե հակառակորդն, ասենք, միջուկային զենք ունի, ապա մյուս կողմը պետք է մտածի պաշտպանական այնպիսի մեխանիզմի մասին, որ հնարավորինս նվազեցնում է սպասվելիք կորուստները։ Եթե այսօր թշնամին «Սմերչ» ունի, ապա մենք պետք է անհապաղ մտածենք համարժեք պաշտպանության մասին...

Վերջում կրկին հիշեցնենք Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանի խոսքերը. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին, և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝  խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

350 մտավորական նամակ են ստորագրել կամ՝ երբ երկրի ու ժողովրդի անվտանգությանը սպառնացող մեծագույն վտանգը Գանձասարի շրջապարսպի սալիկներն են

Կարդալով վերնագիրը՝ «Մտավորականների բաց նամակը Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին և Ամենայն հայոց կաթողիկոսին», ապա նայելով այն ստորագրողների պատկառելի քանակը (350 հոգի)՝ անկեղծորեն ուրախացա. վերջապես հայ մտավորականները լեթարգիական քնից զարթնել են, հասկացել են, որ Հայոց երկիրը սրընթաց ու անշեղորեն սլանում է դեպ կործանում։ Քրեաօլիգարխիկ անօրինություններն ու ավերածությունները, սարսափելի չափերի հասած արտագաղթը, դրան գումարած՝ Արցախի հարցում մեր «ռազմավարական դաշնակցի» ադրբեջանանպաստ հայտարարությունները, 1 մլրդ դոլարի հասնող ռուսական տեխնիկայի վաճառքը մեր թշնամուն, դրան զուգահեռ՝ Հայաստան ներմուծվող գազի սակագնի բարձրացումը, «Գազպրոմի» կողմից հայաստանյան մասնաբաժնի 20 տոկոսը զավթելուն ուղղված գործընթացները և Հայաստանը հայաթափելուն միտված բազում մյուս գործողությունները արթնացրել են հայ մտավորականներին...

Կարդացի նամակի առաջին տողը՝ «2011 թ. ամռանը, ռուսաստանաբնակ Լևոն Հայրապետյանը ձեռնարկեց Գանձասարի վանքային համալիրի պարիսպների սալիկապատման աշխատանքները, որն առաջացրեց մասնագիտական և հանրային վրդովմունք, բարձրացավ քննադատական մեծ ալիք` Հայաստանում և Արցախում...» ու, շատ մեղմ ասած, մնացի ապշած։ Մտածելով, որ երևի տեսողական խաբկանք է, որոշեցի մի նախադասություն էլ ընթերցել «Բաց նամակի» միջնամասից. «Ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով չի արգելվում սալիկապատումը… Ինչո՞ւ միջոցներ չեն կիրառվում Գանձասարի վանքային համալիրի պատմությունը ոչնչացնող ձեռնարկումների դեմ»…

Համամիտ եմ, պատվարժան տիկնայք և պարոնայք, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հռչակավոր համալիրի տեսքն աղճատելն անօրինություն է, բայց, հարգելիներս, այսօր Ձեզ համար մեր ազգային լինելությանն ու երկրին սպառնող ամենամեծ վտանգն արդյո՞ք Գանձասարի շրջապարսպի սալիկապատումն է։ Ինչո՞ւ վանքի սալիկապատումն է միայն այդպես համերաշխ համախմբել Ձեզ։ Մտավորականի Ձեր սուր աչքն առնվազն վերջին 2-3 շաբթում միայն դա նկատե՞ց։ Ուրիշ համազգային խնդիրներ ու պրոբլեմներ չկա՞ն «Հայաստան՝ երկիր դրախտավայրում»։ Հայոց հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտակրթական ու մշակութային կյանքում ամեն ինչ Ok է ու մեր հանգիստ, անհոգ ու երջանիկ կյանքին միակ խանգարողը Գանձասարի շրջապարսպի սալիկապատո՞ւմն է։

Նամակը ստորագրողների մեջ, բարեբախտաբար, կան մարդիկ, ովքեր իրենց հրապարակումներում բազմիցս ահազանգել են Հայոց երկիրը դեպ կործանում տանող հիմնական խնդիրների մասին, իրենց քաղաքացիական կեցվածքով երիցս բարձր են նամակում իրենց կողքին կանգնած բազմաթիվ մտավորական կոչվածներից, ու վերոհիշյալ նամակը ստորագրելով, ապացուցում են, որ իրենք անտարբեր չեն մեր երկրի ցանկացած պրոբլեմային հարցի հանդեպ։

Իմ խոսքն ուղղված է երեք հարյուրից ավելի մյուս նամակագիրներին, ովքեր իրենց թանկագին ժամանակը զոհաբերել, համերաշխ հավաքվել ու բազում վերքերից մահամերձ «հիվանդի» մարմնի վրա գոյացած «գորտնուկի» հարցն են բարձրացնում... Հարգելիներս, շատ կներեք, բայց ինձ թվում է, որ Դուք և երկիրն ու ժողովուրդն այս պահին միանգամայն տարբեր ժամանակատարածքային «գոտում» եք ապրում։ Ձեզ բարի ժամանց եմ մաղթում ու անկեղծորեն նախանձում, որ Ձեր գոյությանն ու երջանկությանը սպառնացող միակ վտանգը Գանձասարի շրջապարսպի սալիկներն են...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս

ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՄԵՐ ՄԵՋ ԵՆ

Երբ լուրջ-լուրջ վերլուծություններ ու կարծիքներ եմ կարդում առ այն, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն իր դաշնակից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը բարձրացրել է կամ «Եվրոտեսիլ» կոչվող շոուում Հայաստանի ներկայացուցչին 2 միավոր է տվել, Ադրբեջանին՝ 12, ներառյալ նաև՝ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում «ռազմավարական դաշնակցի» հայտարարությունը, ըստ որի՝ Ղարաբաղյան խնդրում «Ռուսաստանի համար ստատուս-քվոն անընդունելի է» և այլն, մնում եմ տարակուսած հարցադրումներից՝ «մեր մեծ բարեկամ», «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանն ինչո՞ւ է այդպես անում...

Այդ հարցի պատասխանն իմանալու համար ընդամենը պետք է ճանաչել դիմացինին։ Տվյալ դեպքում՝ Ռուսաստանին։ Իսկ նրան ճանաչելը դա ռուս ընկերոջ հետ բաժակ զարկելը չէ միայն և ոչ էլ ռուս ժողովրդի ազնիվ զավակ ու տղամարդ լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ մեր ժողովրդի մասին ասված հիանալի խոսքերը։

Պարզապես պետք է դիմել սեփական պատմությանը, այլ ոչ թե այն ամուր փակել ու բանալին դնել գրպանում։ Պատմությունը հպարտանալու կամ դառն ճակատագիրը ողբալու համար չէ միայն։ Պատմությունից սովորաբար նաև դասեր են քաղում, որպեսզի ոչ միայն անցյալի սխալները չկրկնեն, այլև նոր սխալներ չգործեն։

1828 թվականից ի վեր, երբ «ռուսի օրհնած ոտքը» մտել է Հայաստան ու այն դարձրել իր գաղութը, կարճ ժամանակ հետո պարզ է դարձել, որ այդ երկրին Հայաստանը պետք է միայն որպես տարածք՝ առանց բնիկ ազգաբնակչության։ Առայսօր ոչինչ չի փոխվել, որովհետև Ռուսաստանն առաջին հերթին կայսրություն է, որ դարեր ի վեր ընդարձակվել է ոչ միայն արևմուտքից արևելք, այլև՝ հյուսիսից հարավ՝ մինչև Կամչատկա և Հայաստան, ճանապարհին ոտնատակ անելով կամ միաձուլելով բազում մանր-մունր ցեղերի ու ժողովուրդների։
Թե այդ կայսրությունն ինչքան է գոյատևելու, դժվար է գուշակել։ Թերևս մեզ համար դա չէ էականը, այլ այն, որ այդ ընթացքում մեր երկիրն ավելի շուտ չվերանա աշխարհի քարտեզից։ Ի տարբերություն մեզ, ռուսները բազմամիլիոն ազգ են, կայսրության փլուզումից հետո առնվազն երկու Ուկրաինայի չափ պետություն մնալու է։ Մեր պարագայում գլխավոր խնդիրն այն է լինելու, որ ոտնատակ չընկնենք ու ընդմիշտ կորցնենք մեր մատնաչափ երկիրը։
Հատկապես երբ դրա շատ դառը փորձն ունենք՝ Արևմտյան Հայաստանի կորուստը։

Վերջապես եկեք հասկանանք, որ այսօր Հայաստանի ու Ռուսաստանի միջև «բարեկամությունն» ընդամենը Ստրուկի և Տիրոջ բարեկամություն է։ Դրա թարմ վկայությունները՝ էներգակիրների մենաշնորհը Ռուսաստանին հանձնելը, սեփական տարածքի մի որոշ մասը երկարաժամկետ ու առանց վարձավճար նրան հանձնելը՝ ռազմաբազաների համար։ Որքան գիտեմ, Կիրգիզիան իր տարածքում տեղադրված ռազմաբազաների համար վարձավճար է ստանում թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ՌԴ-ից...

Սա լուրջ հոդվածի թեմա է։ Այս պահին ավելի ծավալվելու ցանկություն ու ժամանակ չունեմ։ Եզրափակեմ. մեր բոլոր դժբախտությունների ու սխալների պատճառները պետք չէ ուրիշ տեղ փնտրել։ Այն մեր մեջ է։ Քանի դեռ ինքներս չենք ուզում ձերբազատվել մեր մեջ նստած ստրուկից, քանի դեռ ազգային արժանապատվություն, ինքնասիրություն հասկացությունները մեզ համար վերացական ինչ-որ բաներ են, մեր դռանն ուղտի պես միշտ չոքած է լինելու ոտնատակ ընկնելու և որպես ազգ ու երկիր վերանալու վտանգը։

ՉԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ, ԲԱՅՑ...

Արցախյան գոյամարտի տարիներին երբ տղամարդիկ հեռանում, փախչում էին վտանգված հայրենիքից, ես նրանց չէի կարողանում ներել։ Անգամ երբ իմ ծանոթներից կամ ընկերներից էին։ Հանրապետական թերթում հրապարակել էի այն գրող-մտավորականների ցուցակը, ովքեր այդ տարիներին լքել էին Հայրենիքը։

Շուրջ 20 տարի է անցել։ Պատերազմի տարիներին Արցախից հեռացած շատերն այսօր ռուսաստաններում և այլուր երիցս լավ են ապրում, առնվազն 100 անգամ ավելի լավ քան ես՝ իմ ընտանիքով։ Սակայն այսօր ևս ինչ էլ պատահի, ես երբեք չեմ լքի հայրենի հողը։ Իմ կյանքն աշխարհի ուրիշ ոչ մի անկյունում չեմ պատկերացնում...

Նոր ժամանակներ եկան։ Կարծես թե մեր լեռնաշխարհն ու մենք չենք փոխվել։ Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է, և այսօր ես չեմ կարողանում մեղադրել պատերազմի դաժան բովով անցած այն մարդկանց, այն տղաններին, ովքեր հեռանում են Հայրենիքից։ Բացարձակապես չեմ կարողանում մեղադրել, հիմք ու պատճառներ չեմ գտնում, և դա է ամենասարսափելին...

Իմ այս խոսքերը մորթապաշտներին, վախկոտներին չեն վերաբերվում։ Այստեղ նրանց լինել-չլինելը մի հաշիվ է։ Ամենափոքր վտանգի դեպքում նրանք, միևնույն է, ծլկելու են։ Իմ աչքի առաջ այն տղաներն են, ովքեր արյուն են թափել մեր հողի համար։ Նրանցից շատերը բազմանդամ ընտանիք ունեն, երեխաներ ունեն։ Ոմանք սարսափելի պայմաններում են ապրում, ոմանք, դրան գումարած՝ ոչ մի կերպ չեն կարողանում աշխատանք գտնել։ Շատերը տասնյակ, անգամ հարյուրավոր անգամ ճակատները պատին խփելուց հետո կոտրվում են, հերթական անգամ հիասթափված տուն վերադառնալով ու փոքրիկների անմեղ ու սպասողական աչքերին նայելով, անզորությունից քիչ է մնում լան։ Եվ մի օր էլ, ուրիշ ոչ մի ելք չտեսնելով, ցավով կապում են ճամպրուկներն ու հեռանում իրենց արյան, առողջության գնով ազատագրված և մերսեդեսներով, դղյակներով հեղեղված հայրենի երկրից... Իմ աչքի առաջ այդ մարդիկ են...

Իմ հարազատներից մեկն Արցախյան ազատամարտի տարիներին վիրավորվել էր։ Տեղափոխվել էր Երևան և վիրահատվել։ Պատերազմից հետո նպաստ էր ստանում՝ որպես 2-րդ կարգի հաշմանդամ։ Մի քանի տարի հետո 2-րդ կարգը փոխեցին ու դարձրին 3-րդ կարգ։ Մի որոշ ժամանակ էլ անցավ։ Երևանից ժամանած բժշկական հանձնաժողովը «ստուգեց» ու նրան զրկեց կարգից։ Ընտանիքը, երեխաներին պահելու համար ստիպված այնպիսի աշխատանքներ էր կատարում, որ իրեն հակացուցված էր, չէր կարելի։ Հետո «աշխատանքային սեզոնն» ավարտվեց ու նա մնաց անգործ...

Բարեբախտաբար, նա չի մտածում հայրենի հողը լքելու մասին։ Ավագ որդին մի տարի հետո կզորակոչվի բանակ՝ իր նման հազարավոր տղաների պես պաշտպանելու մեր երկիրը։ Այս մարդիկ են մեր ներկան ու ապագան։ Ամեն ինչ պետք է անել, որ նրանք երբեք չմտածեն օտար ափեր մեկնելու մասին։ Այլապես մի օր մենք կորցնելու ենք այն ամենաթանկը, ինչ թշնամուց պաշտպանել ենք կյանքի ու արյան գնով՝ մեր Հայրենիքը։

«ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՑ ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅԱՍՏԱ՞Ն...

Արա Նախշքարյանի «ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ»-ն էի դիտում։ Ամեն անգամ անբացատրելի խորը ցավ ես զգում քո Մեծ ու իրական կորուսյալ երկրի մասին լսելիս։ Հազարամյակներ շարունակ այդ երկրում ապրող, այդտեղ քաղաքակրթություն ստեղծած բնիկների՝ քո նախնիների բնօրրանը, հայրենիքը պատկանում է օտարին, քո ժողովրդին կործանողին, ֆիզիկապես ոչնչացնողին։ Քո նախնիների, պապերի կառուցած տներում օտարներ են ապրում, նրանց կառուցած կոթողներն անտերության են մատնված, քանդում են կամ, լավագույն դեպքում, օգտագործում որպես հարդանոց ու ախոռ, որպես մզկիթ...


Այդ երկիրն այլևս կորսված է, այլևս քոնը չի լինելու։ Քոնը միայն քարտեզն է մնացել այդ երկրից՝ Մեծ Հայք անվամբ։ Սա է դառն իրողությունը։ Վանը, Մուշը, Սասունը ետ բերելու մասին խոսքերը պարապ զառանցանք են, ցավոք։ Այն ետ վերադարձնելու համար մենք պետք է Մեծ հայրենիքից մի կերպ փրկված, ՀՀ կոչվող այս տարածքում Իսրայելի պես պետություն կառուցեինք։ Միակ ելքը դա էր։ Դրա հնարավորությունը մենք ունեինք, բայց ոչինչ չենք արել։ Բոլոր գնացքները բաց ենք թողել։ Փոխարենն ավելի վատթարագույնն ենք անում՝ հակառակ ուղղությամբ ենք շարժվում...

Կորուստները ողբալու, կորուստների համար լալու ժամանակ չկա այլևս։ Այսօր պիտի մտածենք Մեծ երկրից մի կերպ փրկված բեկորը (ՀՀ և Արցախ) պահելու մասին։ Հիմա թուրքը, ազերին մեր ամենաառաջին թշնամին չէ։ Հիմա նա մնացել է սահմանի մյուս կողմում։ Հիմա մի նոր թշնամի կա, քեզնից սերվածը, քո կողքին մեծացած տականքը՝ ներքին թուրքը։ Եղածը փրկելու համար պետք է սրանցից ազատվել։ Նա թուրքից ոչ պակաս նենգ ու ստոր է, ոչ պակաս ագահ ու գարշելի։ Սրանց դեմ պետք է պայքարել ու հաղթել։ Փախուստը, հեռանալը փոքրոգություն է, սեփական արժանապատվության կոխկրտում, պապերիդ, նախնիներիդ կողմից քեզ կտակածի հանդեպ դավաճանություն։ Այլապես...

Այլապես վաղը աշխարհի տարբեր ծերերից մենք ողբալու ենք ոչ միայն Զեյթունի, Մուշի, Վանի, Կարսի համար, այլ նաև Երևանի, Սևանի, Սյունիքի, Արցախի, մի ողջ երկրի՝ Հայոց երկրի կորուստը։ Իսկ մեր խղճին ծանրացած է լինելու մի շատ մեծ ու անբացատրելի դաժան ցավ՝ սեփական Մեղքի ցավը։ Մենք նման ենք լինելու այն անառակ որդուն, որը մսխել է իրեն կտակված ամեն ինչ և, ի տարբերություն բիբլիական հերոսի, հետդարձի տեղ չունի...

28.04.13

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Զարմանում եմ, տարակուսում եմ, երբ ամեն տարի Հայաստանը անկախության տոն է նշում, հեռուստաէկրաններից ինչ-որ պարոններ շքեղ ճառեր են ասում, գողտրիկ խոսքեր են նվիրում այդ անկախությանը, փորձում են ցույց տալ, որ ՀՀ տարածքում ժողովրդական, ազգային տոն է, ժողովրդավարական, ազատ ու անկախ Հայոց երկրի բնակիչները երջանկությունից փայլում են։

Ախր շատ հետաքրքիր է, արդեն քանի՜ տարի է մարդիկ, ՀՀ քաղաքացիները սեփական երկրից անընդհատ գնում են, մեկնում են, անգամ փախչում են այլ երկրներ, օտար երկրներ։ Որքան գիտեմ, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան նույնպես անկախ, ժողովրդավարական երկրներ են։ Ինչո՞ւ այնտեղից քաղաքացիները չեն գալիս Հայաստան, ինչո՞ւ մերոնք են հնարավորության դեպքում անմիջապես ճամպրուկներ կապում։ Գուցե նրանց անկախությունը, ժողովրդավարությունը մերինից տարբեր, սխալ անկախություն է, նրանց ազատությունը սխալ ազատություն է։ Կամ գուցե մե՛ր անկախությունը, մեր ազատություն-ժողովրդավարությունն է սխալ։ Այդ դեպքում ինչո՞ւ այս սխալն անվերջ կրկնվում է չար երազի պես։ Բայց սա երազ չէ, ախր։ Երազում կարող են քեզ խաբել, իրական կյանքում հնարավոր չէ շարունակ խաբել։

Նստել ու մտածում եմ. ինչո՞ւ իրերը չենք կոչում իրենց անուններով։ Ախր սա կրկնակի հանցագործություն է։ Դրանով նաև մարդկանց հավատը, երազանքն ենք սպանում։ Եթե դու ասում ես՝ սա ժողովրդավարություն է, ապա նշանակում է, որ դու ասում ես՝ դրանից առաջ այլևս մարդավարի ոչինչ չկա, սա ամենավերջն է, սա բոլորիս իրական ու անիրական երազանքների գագաթնակետն է։ Դրանից վեր այլևս բարձունքն չկա, մի՛ երազեք այլևս, դուք արդեն ձեր երազների գրկում եք...

Բայց, գրողը տանի, ախր երազներից չեն փախչում՝ ինչպես բորոտից։ Ուրեմն ինչ-որ բան այն չէ, ուրեմն սա մեր երազածը չէ, ուրեմն մեզ խաբում եք։ Սպանում եք վաղվա, ապագայի մասին մեր վարդագույն երազները։

Սակայն ավելի լավ չէ՞ չխաբեք մեզ, տղամարդու պես խոստովանեք, որ սա ժողովրդավարություն չէ, սա անկախություն չէ, սա բոլորովին ուրիշ բան է՝ անարխիա է, բռնապետություն է, անօրինություն է, ոստիկանական երկիր է կամ նման մի այլ իրավակարգ է, որտեղ մարդ բացարձակապես արժեք չէ, մարդը ոչինչ է, արժեքը փողն է միայն, որտեղ Ոսկե հորթն է միակ աստվածը... Ու մարդիկ կհասկանան, թե որտեղ են ապրում ու կսկսեն երազել Ազատության, Անկախության, Ժողովրդավարության մասին։ Մարդիկ արդեն երազանք կունենան։ Այս երկրում, Հայոց մեր երկրում, իրենց սեփական երկրում մարդավարի ապրելու երազանք։ Եվ գուցե նաև սկսեն պայքարել այդ երազանքի իրականացման համար...

2008 թ.

ԱՐՁԱՆԸ

Երբ նա պաշտոն ստացավ, նրա բոլոր ծանոթներն, ընկերներն ու բարեկամներն ուրախացան։ Նրանք բոլորը մտածեցին, որ վերջապես բախտը ժպտաց, իրենք էլ թիկունք կունենան։ Իսկ ամենից շատ ուրախացավ նա. վերջապես բոլորը կիմանան, թե ով է ինքը։ Աշխարհում ամենաշատը ինքն էր իրեն տեսնում, և առաջինը հենց նա հասկացավ, թե ով է ինքը։ Եվ իր մեծության գիտակցությունից ու իր անգերազանցելիության բարձունքից նա կամաց-կամաց սկսեց ամաչել իր մեծությանն անհամապատասխան ընկեր-բարեկամների համար։

Գրողը տանի, մի՞թե սրանց հետ էի նստում-վերկենում,- մտածեց նա։ Հետո սկսեց ամաչել իր հարազատների՝ ծնողների ու քույր-եղբայրների համար և ամեն կերպ ձգտում էր խուսափել նրանց հանդիպելուց։ Եվ հարազատներին փոխարինեցին իր ստորադրյալները, իսկ ընտանիքը փոխարինվեց աշխատավայրով։

Սկզբում նա ամեն օր տեսնում էր իր աշխատակիցներին, բայց երբ սկսեց ամաչել նաև իր ստորադրյալների համար, նրա «բարի լույսի» և «բարի գիշերի» միակ արձագանքողը դարձավ քարտուղարուհին, որ ժամանակին թեյ ու սուրճ, շոկալադ ու թխվածք էր մատակարարում իրեն, պատասխանում հեռախոսազանգերին։

Նա սկսեց ավելի ու ավելի հազվադեպ տուն գնալ։ Աշխատավայրում սենյակներից մեկը դարձրեց ննջարան, և շենքից դուրս էր գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ տոն օրերին, որպեսզի մարդիկ տեսնեն իրեն։ Իսկ օրվա, շաբաթվա, ամիսների ու տարիների մյուս բոլոր ժամերին քարտուղարուհին աստիճանաբար սակավացող հեռախոսազանգերին պատասխանում էր. «Նա խիստ զբաղված է...»։

Նա ոչ մեկին այլևս չէր սիրում, չէր սիրում ընկերներին ու բարեկամներին, անգամ հարազատ երեխաներին ու կնոջը։ Աշխարհում նա սիրում էր միայն մեկին՝ իրեն, նա հարգում էր միայն մի մեծություն. այդ մեծությունն ինքն էր։

Կամաց-կամաց նա մոռացավ բոլորին, ու բոլորն էլ աստիճանաբար մոռացան նրան։
Առավոտից երեկո նա անշարժ նստում էր իր աշխատասենյակում՝ գրասեղանի հետևում, թեյ ու սուրճ խմում, հեռուստացույց դիտում և պարտականություններն անբավարար կատարելու համար կոպտում քարտուղարուհուն։

Անցան տարիներ։ Մի օր ինչ-որ մեկը հանկարծ հիշեց նրան և այդ մասին պատմեց իր ընկերոջը։ Վերջինս էլ մի ուրիշին պատմեց, սրանք էլ՝ այլոց, ու մարդիկ հիշեցին նրան։

Ամբոխը պաշարեց այն շենքը, որի ամենավերին՝ իններորդ հարկում գտնվում էր նրա աշխատասենյակը։ Երբ մարդիկ խուժեցին նրա աշխատասենյակը, զարմանքից սառեցին. գրասեղանի հետևում նստած էր քարե մի արձան։ Փոքրիկ մի աղջիկ մոտեցավ և ծաղիկներ դրեց արձանի դիմաց։ Հետո երկու հաղթանդամ տղամարդ արձանն աթոռով բարձրացրին և դրեցին սեղանի վրա, որ այդ պահին քարացավ և դարձավ պատվանդան։

Հաջորդ օրը հուշարձանը տեղադրվեց քաղաքի տեսարժան վայրերից մեկում։ Իսկ պատվանդանի վրա ընդամենը մի բառ էր գրված՝ «Պաշտոնյան»։


*   *   *
Անցավ մի տարի։ Մարդիկ մոռացան նաև արձանին։ Անցնում էին մոտով՝ առանց նվազագույն ուշադրության արժանացնելու։ Ասես այն արձան էլ չէր, այլ չորացած ու անպետք մի կոճղ կամ քարե տձև մի անհեթեթություն։

Սակայն մի օր այնպիսի բաներ սկսեցին կատարվել, որ մարդիկ երազում անգամ չէին կարող պատկերացնել։

...Արձանը սկսեց խոսել։ Սկզբում կողքով անցնող թափառական շների ու փոքրիկների վրա էր մատ ճոճում և լեզու ցույց տալիս, հետո սկսեց նկատողություն անել ու բղավել մեծահասակների վրա։ Այնուհետև նա հանկարծ իջավ իր աթոռից, այն գլխիվայր շուռ տվեց ու դարձրեց ամբիոն և սկսեց ճառել։ Խոսում էր իր մասին, հետո անցավ քաղաքականությանը, սակայն դարձյալ խոսում էր իր մասին։

Մարդիկ սկզբում բան չհասկացան, բայց հետո կամաց-կամաց սկսեցին ըմբռնել, որ մարդ-արձանը հերոս է, իսկ իրենք տարիներ շարունակ գլխի չեն ընկել այդ հասարակ ճշմարտությունը։

Մի քանի հոգի մոտեցան ու ծաղիկներ դրեցին Արձանի պատվանդանին։ Վերջինս արհամարհանքով նայեց ծաղիկներին ու ասաց, որ աշխարհում բոլորը՝ մարդիկ, ծաղիկները, ինչպես նաև աստղերն ու լուսինը իրեն են պարտական իրենց գոյությամբ։

Եվ մարդիկ բաժանվեցին մի քանի խմբերի. մարդիկ, ովքեր կարծում էին, թե բան են հասկանում Արձանի ասածներից, մարդիկ, ովքեր ոչինչ չէին հասկանում այդ ամենից և մարդիկ, ովքեր ընդհանրապես թքած ունեին Արձանի և ամեն ինչի վրա։

Ժողովուրդն աստիճանաբար մոռացավ իր հոգսերը, մոռացավ, որ թշվառ ու աղքատ է, դաժանաբար խաբված ու անարգված, և քաղաքականությունը կամաց-կամաց խուժեց մարդկանց խոսքուզրույցի մեջ, բաց ու փակ դռներից, պատուհաններից և անգամ երդիկներից ու ծխնելույզներից քաղաքականությունը մտավ մարդկանց տները...

Երկիրը հեղեղվեց կուսակցություններով ու միություններով, խմբակներով ու խմբավորումներով։ Կուսակցություններ ու ընկերություններ սկսեցին ստեղծվել նաև մարդկանց բնակարաններում։ Քաղաքական տարբեր բևեռներում հայտնվեցին կին ու ամուսին, մայր ու որդի, քույր ու եղբայր, պապ ու թոռ, մանուկներն անգամ մանկապարտեզներում սկսեցին «քաղաքականություն» խաղալ և բողոքի ցույցեր ու հանրահավաքներ էին կազմակերպում դաստիարակների տիրապետության դեմ, ահաբեկչական գործողություններ ու հեղաշրջման փորձեր անում...

Երկիրն, ի վերջո, բաժանվեց երկու մասի՝ քաղաքացիներ, որ սատարում են Արձանին և մարդիկ, ովքեր Արձանի մասին այնքան են մտածում, որքան, ասենք, մայթերի եզրերին շարված «բորդյուրների» մասին։

...Ու մի օր, երբ քաղաքականության բացիլներով վարակված երկրի վրա սկսեցին գորշ ամպեր կուտակվել, ոչ ոք այդպես էլ չնկատեց, որ այդ ամենի պատճառը՝ Արձանը, գիշերն իջել է իր պատվանդանից ու փախել երկրից...

1999-2000 թթ.

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

- Հայրի՛կ, այդ Ֆեյսբուքն ի՞նչ է։
- Տղաս, դա մի հսկա տոնավաճառ է, որտեղ վաճառքի են հանում մտքեր, գաղափարներ, անձնական, ընտանեկան ու ամեն կարգի լուսանկարներ։ Իսկ նրանք, որ սեփական միտք ու գաղափարներ չունեն, հայտնի ու անհայտ իմաստունների մտքերն են դնում վաձառասեղանին։ Դրանցից ոմանք էլ ուրիշների մտքերը ներկայացնում են որպես սեփական՝ «ամաչելով» նշել իրական հեղինակի անունը։ Ոմանք էլ գովազդում են ինչ պատահի՝ իրենց ապրանքը, իրենց ֆիրման կամ պարզապես իրենց...

- Այդ Ֆեյսբուքում երևի հազարավոր գնորդներ կան, չէ՞։
- Գրեթե չկան, շատ քիչ են։ Այս տոնավաճառում հիմնականում վաճառողներ են, գնորդների խոշորացույցով էլ դժվար կգտնես։ Մի օրինակ բերեմ։ Հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ սարսափելի վատ են ապրում ու չգիտեն ինչպես կարող են վերափոխել իրենց կյանքը։ ՖԲ-ում մի քանի շատ խելացի ընկերներ ունեմ, որոնք ժամանակ առ ժամանակ բացատրում են, թե ո՞ր ճանապարհն է տանում «ապահով ապագա» և ո՞րը մարդավարի ապագա...

- Հետո՞...
- Հետո ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրանց վրա։ Ավելի հարմար են գտնում սուրճի, արշավների, քարդաշյան քույրերի ու նման դատարկ ու անմիտ բաների մասին նկարներ ու հիմար պատմություններ ի ցույց դնել «տոնավաճառում», քան լրջորեն մտածել ցեխից ազատվելու մասին...

- Ի՞նչ ցեխ...
- Չէ՛, չէ՛, տղաս, սա քո իմացած ցեխը չէ, որտեղ միայն կոշիկներդ կամ տաբատիդ փողքերն ես կեղտոտում։ Սա ավելի սարսափելի ցեխ է, որտեղ մարդու վերնամասերն ու հոգին են փչանում, մարդկային հարաբերությունները, բարոյականությունը և քեզ համար անհասկանալի նմանօրինակ շատ բաներ են աղտոտվում, այլանդակվում։

- Է՜հ, հայրիկ, քո այդ Ֆեյսբուքից ոչինչ էլ չհասկացա։ Մի քիչ կարճ ու ավելի հասկանալի բացատրիր...
- Ճիշտ ես, զավա՛կս, ավելի շատ ինքս ինձ հետ էի խոսում... Մի խոսքով՝ Ֆեյսբուքը հիվանդություն է, վարակիչ, երբեմն էլ՝ անբուժելի։

- Հիվանդությո՞ւն...
- Հա։

Տղաս լրջացավ, մի որոշ ժամանակ ինչ-որ բան էր մտմտում, հետո հարցրեց.
- Այդ Ֆեյսբուքով դու է՞լ ես հիվանդ։
- Ինքդ որոշիր, տղաս...

Հետո, երբ համակարգչիս առջև նստած արդեն ավարտին էի հասցնում այս պատմությունը, ավելացրի. «Այս ողջ ժամանակում կարող էի մի ավելի լուրջ ու կարևոր բան գրել, բայց նստել, մեր այս զրույցն եմ գրի առնում»...

18.03.13

ԱՄԵՆԱԹԱՆԿԸ

Ես երիտասարդ էի և ունեի շատ երազանքներ։ Ես ուզում էի ամեն ինչ իմանալ և ամեն ինչ ունենալ։ Ես կարծում էի, թե կարող եմ ձեռք բերել աշխարհում ամենաթանկը, բայց չգիտեի, թե ինչն է ամենաթանկը։ Ես երիտասարդ էի և անհոգ, ու մտածում էի, թե մահն ինձ համար բացառություն կանի։ Եվ մի օր որոշեցի պարզել, թե որն է ամենաթանկ բանն աշխարհում։ Ես որոշեցի ձեռք բերել այդ ամենաթանկը։

Փողոցում մի օր ես հանդիպեցի հնամաշ շորերով միջին տարիքի մի տղամարդու։ Նրա աչքերը շատ հոգնած էին, իսկ դեմքին անսահման տխրություն կար։ Ես մտածեցի, որ հաստատ կիմանա, թե ո՞րն է ամենաթանկ բանն աշխարհում։
- Ամենաթանկ բա՞նը,- նրա հոգնած աչքերը մի վայրկյան պայծառացան։- Աշխարհում ամենաթանկ բանը փողն է։ Եթե դու փող ունենաս, մնացյալ ամեն ինչ կարող ես փողով ձեռք բերել։

Հետո ես գնացի մի բանկի տնօրենի մոտ և հարցրի.
- Ճի՞շտ է, որ աշխարհում ամենաթանկ բանը փողն է։
- Փողը միայն թուղթ է, երիտասարդ։ Այն երբեմն այնքան է արժեզրկվում, որ նրանով մի լուցկի անգամ չես կարող գնել։ Ամենաթանկն աշխարհում ոսկին է։ Այն երբեք չի փոխվում...

- Ճի՞շտ է, որ աշխարհում ամենաթանկ բանը ոսկին է,- հարցրի մի հարուստի։
- Ոսկին մետաղի կտոր է,- ասաց նա։- Ոսկով դու շատ բան կարող ես գնել, բայց ո՛չ ամեն ինչ։ Ես փող ու ոսկի շատ ունեմ, բայց երեկ կորցրի աշխարհում ամենաթանկն ինձ համար՝ իմ մորը։ Մայրական սերն է ամենաթանկ բանն աշխարհում։

Ես գնացի տուն և մորս սեղմեցի կրծքիս։
- Մայրիկ, ես արդեն գիտեմ, թե ինչն է աշխարհում ամենաթանկը։ Դա Մայրական սերն է։ Դու ես ամենաթանկը։
Մայրս շոյեց գլուխս և տխուր ասաց.
- Զավակս, կանցնեն տարիներ, և ես չեմ լինի։ Բայց դու ոչ մի տեղ չես գնա այն երկրից, ուր ծնվել ու մեծացել ես։ Այն երկրից, որտեղ քո բոլոր նախնիներն են ամփոփված։ Այդ ամենը Հայրենիքն է։ Ամենաթանկն աշխարհում Հայրենիքն է։

Ես դուրս եկա քաղաքից, բարձրացա ամենաբարձր լեռան կատարն ու, նայելով անծայրածիր դաշտերին և նրանց թիկունքում հպարտ ու վես կանգնած սարերին, գոչեցի.
- Հայրենիք, ես քեզ սիրում եմ։ Դու ամենաթանկն ես աշխարհում։
- Ամենաթա՜նկն աշխարհում,- արձագանքեցին լեռները։- Ամենաթանկն աշխարհում Սերն է, հանուն որի մարդիկ չեն խնայում ոչ մի հարստություն՝ ո՛չ փող, ո՛չ ոսկի... Սերը սահմաններ ու Հայրենիք չի ճանաչում։ Սերն ամեն ինչից վեր է...

Ես իջա լեռներից և գնացի սիրած աղջկա մոտ։
- Ես քեզ սիրում եմ,- ասացի,- դու ամենաթանկն ես աշխարհում։
Նա շատ երկար նայեց ինձ ու շշնջաց.
- Արդեն ուշ է, սիրելիս, ես շատ երկար եմ սպասել քեզ։ Մինչ զբաղված էիր ամենաթանկի որոնումներով, դու կորցրիր ինձ և...
- Եվ ի՞նչ...
- Աշխարհում ամենաթանկագինը...

Հանկարծ ես զգացի, որ աշխարհում ամենաաղքատն եմ ես, և նույնիսկ չհարցրի, թե այդ ինչ «ամենաթանկագին» է։ Ես չունեի փող ու ոսկի, մայրս այլևս չկար, իսկ սիրածս արդեն ինձ չէր պատկանում։ Լեռ ու դաշտերն էին մնացել, և ես հոգնած ու տխուր դուրս եկա քաղաքից։
Ես հազիվ բարձրացա մանկությունից ու երիտասարդական տարիներից ինձ ծանոթ լեռան կատարն ու մտածեցի, որ այլևս չարժե ապրել։

- Ի՞նչ է պատահել, տղաս...
Ես գլուխս բարձրացրի և իմ առջև տեսա ձյունաճերմակ մորուքով մի ծերունու։
- Ես կորցրել եմ աշխարհում ամենաթանկը՝ սիրածիս,- ասացի։
- Ո՛չ, տղաս, դու շատ ավելի թանկ բան ես կորցրել, քան կարծում ես։ Դու կորցրել ես ժամանակը։

- Ժամանակը՞,- զարմացա ես,- գրողը տանի, բայց ես դրա մասին ոչինչ չգիտեի։
- Ժամանակն ամենամեծ հարստությունն է։ Դա քո անհոգ մանկությունն է և երազուն երիտասարդությունը։ Դա քո մայրն է, սիրա՜ծը...
- Ես երբեք չեմ մտածել ժամանակի մասին։
- Մարդիկ տարիներ շարունակ փող ու հարստություն են կուտակում, որն իրենց այնքան էլ պետք չէ և, միաժամանակ, քամուն են տալիս ամենամեծ ու ամենաթանկ հարստությունը՝ ժամանակը... Սկզբում դու ամեն ինչ ունեիր, բայց երբ ցանկացար ձեռք բերել ավելին, կորցրիր նաև այն ամենը, ինչ ունեիր։
- Ես այլևս չեմ ուզում ապրել,- ասացի։

- Դու դեռ ժամանակ ունես, որդիս,- ծերունին ձեռքը դրեց ուսիս,- գնա, գնա ապրիր և արարիր։
- Իսկ հետո՞...
- Հետո,- ծերունին տխուր նայեց ինձ,- հետո արդեն՝ վերջ։
Երբ արդեն բավականին հեռացել էի ծերունուց, շատ հեռվից լսեցի նրա ձայնը.
- Հետո դու չես լինի, բայց կշարունակես ապրել քո Ստեղծածի մեջ...
Ես շրջվեցի, որ հարցնեմ՝ «Իսկ եթե չհասցնեմ...»։
Ծերունին այլևս չէր երևում...

Ապրիլ, 1998 թ.

ՄԻ՛ ՈՏՆԱՀԱՐԵՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Օրերս իմ բջջային հեռախոսով այսպիսի հաղորդագրություն ստացա. «Հարգելի բաժանորդ, Ստեփ. քաղաքապետարանը առաջարկում է Ձեզ վճարել գույքի, հողի հարկը և կումունալ վճարները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար»։ Հետո պարզեցի, որ նման sms-ներ են ստացել նաև իմ բարեկամներն ու ընկերները։ Հետաքրքիրն այն է, որ ես «գույքի, հողի հարկ և կումունալ վճարներ» կատարելու անհրաժեշտություն չունեմ (Ստեփանակերտում անձնական հողամաս չունեմ, ինչպես նաև իմ անունով կոմունալ որևէ ծառայության հետ կնքված պայմանագիր չկա)։

Նույն տարակուսանքն են հայտնել նաև իմ ընկեր-բարեկամները։ Կարելի է միայն ենթադրել, որ քաղաքապետարանն իր գործը դյուրացնելու համար դիմել է ՂՏ-ի ստեփանակերտաբնակ բոլոր բաժանորդներին՝ իրար խառնելով թացն ու չորը։ Հարց՝ որքանո՞վ է այս քայլը բարոյական և օրինական։ Արդեն ասացի, որ ես և ինձ նման շատերը նման վճարումներ կատարելու իրավական հիմք չունենք։ Բայց հաստատ կան հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր պարտաճանաչ կատարել են այդ վճարումները։ Որքանո՞վ է օրինական այդ մարդկանց այսպիսի տխմար հաղորդագրությամբ անհանգստացնելը (կասեի՝ անտեղի վիրավորելը)։ Այս տխմարության նախադեպն աչքի առաջ ունենալով, ՂՏ-ի բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է սեղմել քաղաքապետարանի ողջ անձնակազմի բնակարանի մուտքի զանգի կոճակը ու հարցնել. «Դրամապանակս գողացել են։ Կարո՞ղ է դուք եք թռցրել...» կամ նման մի բան։

Նույն կերպ «Ղարաբաղ Տելեկոմը» պարբերաբար այս տիպի sms-ներ է ուղարկում իր բաժանորդներին. «Մինչև հունվարի 13-ը կատարեք գնում ՂՏ մասնագիտացված խանութներից և շահեք Netbook+3Mb/s internet /Smartphone+Voske/artsate համար»... Եվ բազմիցս sms-ներ ստանալով, մտածելով, որ մեր բարեկամներից կամ ընկերներից շատ կարևոր հաղորդագրություն է եկել, գործից կտրվելով, բջջայինը բացում ու կարդում ենք նմանօրինակ անհեթեթություններ...

Մի անգամ զանգեցի ՂՏ-ի օպերատորի համարով և խնդրեցի իրենց մոտ նշել, որ այլևս նման աղտեղություններ չուղարկեն ինձ, որովհետև ես ոչ ոսկե կամ արծաթե և ոչ էլ ադամանդե կամ սուտակե համարի  կարիք չունեմ, նման հիմարություններով չեմ հետաքրքրվում... Օպերատորը փորձեց ինձ բացատրել, որ դա հնարավոր չէ, ես ՂՏ-ի բաժանորդն եմ, նման գրություններ ուղարկում են իրենց բոլոր բաժանորդներին... Հասկանալի է, որ դա օպերատորի մակարդակով լուծելի խնդիր չէ։ Պարզապես ՂՏ-ի բազազարտեմյան «էստի համեցեք»-ի ավանդույթներով աշխատող ղեկավարները պետք է հասկանան, որ ՂՏ-ի բաժանորդ լինելը դեռևս չի նշանակում լինել ՂՏ-ի սեփականությունը, որի հետ կարելի է վարվել ուզածի պես։

Ըստ երևույթին, այսօրինակ խեղկատակությունների հիմնական մեղավորը երևի թե մեր ժողովուրդն է, որ հանգիստ հանդուրժում է նման անօրինությունները։ Ցավոք, բազմիցս համոզվել եմ, որ օրինապաշտ իմ հայրենակիցները գիտեն միայն իրենց պարտականությունները։ Նրանք չգիտեն, որ ունեն նաև ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, որոնք ամրագրված են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», և այդ իրավունքները պարտադիր են աշխարհի ցանկացած երկիր-անկյունում ապրող մարդկանց համար՝ առանց որևէ խտրականության...

Խոստանում եմ առաջիկա համարում իմ հայրենակիցներին ներկայացնել այդ «Հռչակագիրը»։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԿՈՏՐԵԼ ՆՐԱՆՑ...

Մորեղբորս տղան տեսաժապավեն էր դիտում, արցախյան պատերազմի տարիներին նկարահանված տեսաժապավեն: Իրենց ջոկատի տղաներն են: Նայում ու մտքով տեղափոխվում էր այն տարիները... Տղաներից շատերին անձամբ ես էլ գիտեի, մի քանի երիտասարդներ արդեն չկային, զոհվել են... Տղերքը տեսախցիկ էին հաջողացրել և հիմնականում նկարել իրենց հանգստի ժամերին, երբ կատակում են, երգում, մաքրում հրազենն ու դեսից-դենից զրուցում: Հետո սկսեց երգել անծանոթ մի երիտասարդ: Եվ այնքա՜ն լավ, այնքա՜ն սքանչելի էր երգում, լավ օրերի որքա՜ն քաղցր հուշ ու կարոտ կար այդ երգում.
Կարծես գինովցա, պարտեզը իջա,
Աղվորիկ աղջիկ մը տեսա:
Ես ապշած մնացի, անունը հարցուցի,
Անունը, ասավ ինձ, կկոչվի Գեղուհի աղջիկ...
Հարցրի, թե ով է այդ երիտասարդը, ասաց՝ Աշոտն է, թիֆլիսահայ է: Եկել, կամավոր զինվորագրվել է մեր ջոկատում...
- Հետո՞,- հարցրի,- հետո ի՞նչ եղավ այդ տղան...
- Պատերազմից հետո ուզում էր մնալ Արցախում: Շուշիում էր հաստատվել, երկար ժամանակ փորձում էր աշխատանք գտնել, տունուտեղ դնել... Բայց այդպես էլ ոչինչ չստացվեց:  Մի քանի անգամ տեսա նրան: Աչքերի նախկին փայլը չկար, հոգնած էր, հիասթափված: Վերջին անգամ երբ տեսա, թեթևակի խմած էր... Հետո թողեց, գնաց: Այլևս չեմ տեսել նրան...
Աշոտի՝ այդ երիտասարդի երգը ձայնագրել ու պահում եմ ինձ մոտ: Հաճախ եմ դիտում այն, լսում  թիֆլիսահայ անծանոթ տղայի երգն ու ամեն անգամ մտածում. հետաքրքիր է, այն տարիներին որքա՜ն աշոտներ կային, որոնց թուրքը, պատերազմը չկարողացավ ծռել, չկարողացավ կոտրել նրանց: Եվ նրանք հաղթեցին թուրքին ու պատերազմին... Պատերազմը վերջացավ, խաղաղություն հաստատվեց մեր լեռնաշխարհում, ստեղծեցինք ազատ ու անկախ մեր պետությունը, և այդ տղաներից շատերը, որոնց պատերազմը չկարողացավ կոտրել, որոնք պողպատի պես ամուր ու պինդ էին, ծղոտի պես մեկ-մեկ կոտրվեցին ու ցիրուցան եղան...

ՆՈՒՅՆ ՃԱՄՓԱԲԱԺՆՈՒՄ

Վերջերս մի զրույցի ժամանակ երիտասարդ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե Արցախյան շարժման սկզբներին ինչն է առավել շատ տպավորվել հիշողությանս մեջ։ Այդ մասին երբեք չէի մտածել։ Բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են եղել, որ առայսօր ամենայն մանրամասնությամբ հիշում եմ։ Բայց երբ մտքում փորձում եմ առանձնացնել Շարժման առաջին ամիսները, անմիջապես հիշում եմ 1988-ի փետրվարի 20-ի մարզխորհրդի նստաշրջանի հանրահայտ որոշումը։ Ավելի շուտ՝ այն փաստաթուղթը, որի վրա վավերացվել էր արցախցիների 70-ամյա երազանքը՝ հայկական մեր երկրամասի վերամիավորումը Մայր Հայաստանին...

Այդ օրերին մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթում էի աշխատում։ Թերթ, որի տպաքանակը ամիսներ հետո հասավ 80 հազարի։ Երեկոյան ժամը 7-8-ը կլիներ։ Թերթի գլխավոր խմբագիր Եղիշե Սարգսյանի առանձնասենյակում խմբագրական խորհուրդն ու մի քանի լրագրողներս սպասում էինք պատմական այդ փաստաթուղթը տպագրելու որոշմանը (Բորիս Կևորկովը դեռևս շարունակում էր մնալ Ղարաբաղի փաստացի ղեկավարը, և մարզկոմից դեռևս լուրջ ճնշում կար թերթի վրա)։

Երբ հավաքվածներս միահամուռ հայտնեցինք, որ մարզխորհրդի որոշումը պիտի անպայման տպագրվի «Սովետական Ղարաբաղի» վաղվա համարում, Եղիշե Գրիգորիչն ասաց, որ դեմ չէ, միայն պետք է ձեռքի տակ ունենանք այդ որոշումը, որը դեռևս չէինք ստացել։

Խմբագրությունից զանգեցին պատմական նիստը նախագահող Վիգեն Հայրապետյանին և ասացին, որ լրագրողներից մեկին ուղարկում են իր մոտ՝ որոշումը ստանալու։ Այդ լրագրողը ես էի։

Մարզխորհրդի շենքից ներս մտա և բարձրացա Վիգեն Հայրապետյանի մոտ։ Նա խնդրեց մի քանի րոպե սպասել... Այդ «մի քանի րոպեն» զարմանալիորեն դանդաղ էր անցնում։ Առնվազն 20-25 րոպե սպասեցի։ Հետո հասկացա, որ կնիքի բացակայության պատճառով (մարզգործկոմի նախագահ ոմն Օսիպով այն վերցրել ու անհետացել էր։ Հետո անեկդոտ էին պատմում առ այն, որ իբր Օսիպովն ասել է՝ կնիկս կտամ, բայց կնիքը չեմ տա...) մարզխորհրդի պատգամավորների մի ինչ-որ մասը պետք է ստորագրի որոշման տակ, որպեսզի այն իրավական ուժ ունենա։

Վերջապես պատմական որոշումը ձեռքիս դուրս եկա մարզխորհրդի շենքից և շարժվեցի դեպի խմբագրություն։ Այդ պահին մտածում էի, որ Արցախի համար ճակատագրական նշանակություն ունեցող ամենաթանկ փաստաթուղթն է իմ ձեռքին... Լույսը դեռ նոր բացված, այդ որոշմամբ «Սովետական Ղարաբաղի» համարները ձեռքից ձեռք էին անցնում։ Իսկ մինչ այդ, տպարանում տնօրեն Յուրի Ներսիսյանի, մարզային ռադիոյի գլխավոր խմբագիր, գրող Մաքսիմ Հովհաննիսյանի հետ 7-8 հոգով բաժակ էինք խփել՝ հանուն մեր Հաղթանակի...

Այս ամենն ինչո՞ւ հիշեցի։ Փետրվարյան այդ երջանիկ օրից ավելի քան 24 տարի է անցել։ Հետո Սումգայիթ է եղել, Կիրովաբադ, Բաքու, 1988-ի դեկտեմբերյան սարսափելի երկրաշարժ է եղել, ապա՝ պատերազմ, հազարավոր անմեղ զոհեր ու, վերջապես, Հաղթանակ է եղել... Եվ այսօր մենք շարունակում ենք մնալ նույն ճամփաբաժնում, ինչպես 24 տարի առաջ։ Մայր Հայաստանին միանալու մեր 70-ամյա երազանքը դե-ֆակտո մնացել է թղթի վրա... Ինչ-որ գերիմաստուն մարդիկ մեզ բացատրել են, որ Հայաստանին վերամիավորվելու ամենակարճ ճանապարհն Արցախի անկախության հռչակումն է։ Եվ մենք հավատացել ենք...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Նոր էջ», 29.10.2012

ՁՄԵՌԱՄՈՒՏ ԿԱՄ՝ ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԵՐԳԸ

(Հովհաննես Շիրազի մոտիվներով)

Մերսեդեսներ ոտքերիս ու եվրոներ ձեռքերիս,
Ու դոլարներ այտերիս, ու մի ողջ բանկ կրծքիս տակ,
«Պապլավոկը» սրտիս մեջ, սև ակնոցներ աչքերիս,
Մաուզերը կողքից կախ, կազինոները՝ գրկիս,
«Տիրումերը» լեզվիս՝ ծառից իջա ես քաղաք,-
Արշավեցի՝ կոխ տալով ու շաղ տալով մայթերին
Կյանքեր, մարդիկ ու նաև՝ երազանքներ ճմրթված...

Քաղաքացիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, դժոխք տեսան հնաբույր,
- Ի՜նչ տականքն է,- ասացին,- ի՜նչ շանորդին,- ու փակին
Իրենց դռներն իմ առջև, ու ես «նագանն» իմ հանել՝
Անցնում էի գազազած, թալանելով իմ ճամփին
Ունեցվացքները նրանց ու գանձերը իմ երկրի...

Ու երկիրը Հայաստան մի բուռ ստրուկ էր դարձել,
Ծնկի իջել իմ առջև՝ գրպաններն էր թափ տալիս
Ու ծափ տալիս վերացած, հիմարի պես հիացած՝
Գորգեր փռում ոտքիս տակ, պսակ դնում սեգ գլխիս...
Ու ես թալանն իմ ուսերին, օրենքները՝ ոտքիս տակ,
Արշավում եմ աջ ու ձախ... Տո՛, ձեր հերն էլ անիծա՛ծ...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ

Կադրային քաղաքականությունը եղել և մնում է հայկական իշխանությունների «ամենաթույլ օղակը»։ Վերջին 20 տարում այդպես է թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո դեն նետեցինք ամեն ինչ։ Այդ թվում՝ գյուղական կոլեկտիվ տնտեսություններ, կրթական համակարգ, անգամ քարուքանդ արվեցին նախկին ձեռնարկությունները՝ փոխարենը կա՛մ դրսից ներմուծեցինք ինչ-որ տխմարություններ (հատկապես կրթական խայտառակ համակարգ), կա՛մ ոչինչ չստեղծեցինք։

Դեն նետեցինք նաև խորհրդային հայտնի կարգախոսը՝ «Կադրերն են որոշում ամեն ինչ»։ Մինչդեռ վերջին այս 20 տարում որքա՜ն լավ կլիներ շարունակ հիշեինք այդ հայտնի ճշմարտությունը։ Մեր օրերում «կադր» և «դատարկ պահածոյատուփ» հասկացություններն ինչ-որ տեղ նույնացվել են։ Դատարկ պահածոյատուփը կարելի է գցել աղբարկղ, կարելի է դնել, ասենք, սեղանի տակ, կարելի է դնել նաև սեղանի վրա կամ պարզապես նետել գրողի ծոցը։ Բայց որտեղ էլ որ լինի այն, մնում է նույն դատարկ պահածոյատուփը։

Մերօրյա կադրերը կարծես թե ներառել են նույն այդ ֆունկցիաները. նրանց կարելի է դնել (չեմ ասում՝ նշանակել, դա նրանց համար շատ վեհ է հնչում) ցանկացած պաշտոնում, անգամ եթե այդ ոլորտներն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Եվ այս 20 տարում հայկական իշխանություններն այդպես էլ վարվում են այդ «կադրերի» հետ՝ ուր (որտեղ) ասես դնում են։ Եվ նրանք նույն հաջողությամբ բոլոր ոլորտներում էլ «աշխատում են», աշխատավարձ են ստանում (հաճախ՝ շա՜տ բարձր)։ Բայց ես չեմ հիշում դեպք, որ այդ կադրերից գոնե մեկը ներողություն խնդրի ու ասի. «Կներեք, ախր դա իմ տեղը չէ, Մարկ Տվենի ասած՝ այդ ոլորտից ես այնքան եմ հասկանում, որքան կովը»...

ԼՂՀ նախագահական ընտրություններում վերընտրված նախագահ Բակո Սահակյանը շուրջ 20 տոկոս պակաս ձայն է ստացել, քան նախորդ՝ 2007 թ. ընտրություններում։ Այդ կապակցությամբ շրջանառվող ամենատարածված կարծիքն այն է, որ դրա հիմնական պատճառը կադրային քաղաքականությունն է։ Ակնհայտ է, որ Բ. Սահակյանը շատ ավելի ձայն կստանար, եթե նրա շրջապատում, անգամ վստահված անձանց մեջ չլինեին այնպիսի մարդիկ, ովքեր Արցախում, մեղմ ասած, բացարձակապես հեղինակություն չունեն։ Եթե ավելին չասենք։

Ու այդ մարդիկ վերջին 5 տարում միայնումիայն իրենց և իրենց մերձավորների անձնական խնդիրներն են լուծել, լիաբուռն օգտվել պետական միջոցներից ու հանգիստ խղճով բարձր  աշխատավարձ ստացել։ Նկատի ունեմ մարդկանց, ովքեր ամենուր շահարկում են նախագահի անունն ու հայտարարում՝ «Թուրս աջ էլ է կտրում, ձախ էլ...»։ Այսպիսի սուբյեկտների համար նշանակություն չունի, որ իրենք իրենց այլանդակ, անօրինական  գործողություններով ստվեր են գցում նախագահի անվան վրա։ Այսպիսիներին միայն մի հարց է հուզում՝ սեփական խնդիրների լուծումը։ Հիմնականում ահա այս կարգի «կադրերն» են ոչ միայն նախագահական ընտրություններում ձայների 20 տոկոս կորստի, այլև նախորդ տարիների բոլոր մեր թերացումների, չիրագործված ծրագրերի, խաթարված նախագծերի պատճառը...

Պարոնայք, իրոք փոխվել են ժամանակները, այլ բարքեր ու ավանդույթ դարձող այլանդակություններ են խուժել մեր կյանքն ու կենցաղը, բայց եկեք երբեմն ետ նայենք և հիշենք բաներ, որ այսօր այնքա՜ն պետք են մեզ։ Թեկուզ դաժանորեն մոռացված այս ճշմարտությունը. «Կադրերն են որոշում ամեն ինչ»...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
http://nor-ej.do.am/

ԵՎՐՈՊԱ. ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՐՈՆՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ... ԻՆՉՊԻՍԻ՜ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ. ՍՐԱՆՑ ՊԵՏԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂ ՉԿԱ՞...

Լուսանկարներում՝ բարձրաստիճան եվրոպացիները աշխատանքի են գնում հեծանիվներով։ Առաջին լուսանկարում Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, երկրորդում՝ Հոլանդիայի շատ բարձրաստիճան մի այլ պաշտոնյա։ Սկանդինավյան և եվրոպական այլ երկրներում բարձրաստիճան անձիք առիթից առիթ են օգտվում ծառայողական ավտոմեքենաներից։ Հիմնականում աշխատանքի են մեկնում շարքային քաղաքացիների պես՝ ավտոբուսով, մետրոյով կամ տաքսիով...
Հետաքրքիր է, զարգացած կոչվող այդ երկրների նախարարները, նահանգապետերը, քաղաքագլուխները և մյուս բոլոր մեծ գլուխները մի կարգին խորհրդական չունե՞ն սրանց հասկացնեն, որ նախարարը, քաղաքագլուխը, նահանգապետը և մյուս ավելի բարձր պետերը ղեկավար մարմին են, իշխանություն են, երկրի տեր ու տիրակալ են, իրավունք չունեն ինչ-որ շարքային քաղաքացիների պես հեծանվով, մետրոյով կամ քաղաքային այլ տրանսպորտով թռվռալու։ Բա ամոթ չէ՞, շարքային մարդիկ ի՞նչ կարծիք պիտի կազմեն նրանց մասին։ Էլ ո՞ր օրվա իշխանություն են, ո՞ր օրվա էլիտա են, որ շարքային մահկանացուների պես են իրենց պահում։ Գուցե սովորական քաղաքացիների պես ջրի, գազի, էլեկտրաէներգիայի, բնակտարածքի և բազում այլ վարձ ու հարկեր էլ մուծեն... Կամ գուցե շարքային ստեփանակերտցիներիս պես գետի անձրևախառը պղտոր խառնուրդ խմեն և այդ անպետքության դիմաց եռակի, քառակի բարձր «ջրավարձ» մուծեն...
Ու դեռ զարմանում են, որ իրենց երկրներում արտագաղթ չկա, «հացի խնդիր» չկա, կաշառակերության, գողության և զանազան այլ օրինազանցությունների համար ոչ թե ջիփ ու մերսեդես, այլ բանտ են նստում...
Է՜հ, աստված դրանց հետ։ Եվ դեռ ուզում ենք նմանվել քաղաքակիրթ կոչվող այդ հետամնաց ու աննամուս Եվրոպային։ Ու Աստված էլ դրանց հարստություն ու բարեկեցություն է տվել, իսկ մեզ՝ ընդամենը խելք...

ՈՒՍՏԱ ԿԱՐՈՅԻ «Օրագրից»
http://nor-ej.do.am/

ԶԻՆՎՈՐԸ

Աշնան արևը սկսեց կամաց-կամաց խոնարհվել դեպի արևմուտք։ Զինվորը, հանգցնելով ծխախոտը, գետնից վերցրեց հին ուսապարկն ու շարունակեց ճանապարհը ամայի դաշտով։ Արդեն երկու ժամ քայլում է ամռան արևից այրված ճանապարհով։ Նորից սկսեց վերհիշել հայրենի գյուղը, իրենց տունը՝ գյուղի ծայրին։ Վերհիշեց կնոջ կլոր, գեղեցիկ դեմքն ու ժպիտը, որից այտերին զույգ փոսիկներ էին գոյանում, մազերը՝ շագանակագույն, երկա՜ր...

Տղան արդեն ութ տարեկան է։ Իսկ աղջնակին քիչ մնաց մոռանար։ Ցանկացավ վերհիշել փոքրիկի դեմքը, բայց չկարողացավ։ Նա ընդամենը երեք ամսական էր, մեծ տիկնիկի չափ, իսկ աչքերը կապույտ էին։ Կապո՞ւյտ , թե՞ կանաչ... Նա այդպես էլ չկարողացավ վերհիշել աղջկա դեմքն ու աչքերի գույնը և դրանից տխրեց. լավ չէ, որ հարազատ աղջկա աչքերի գույնը չի հիշում...

Արևը հավասարվում էր երկնքի և երկրի սահմանագծին, ու զինվորն ավելի արագացրեց քայլերը։ Ավերված գյուղի մոտով անցնելիս, հանդիպեց մի ծերունու։ Բարևեց, իսկ ծերունին գլուխն անորոշ տմբտմբացրեց։ Երբ մի քանի քայլ էր արել, լսեց նրա ձայնը.
- Զգույշ, դաշտը ականապատված է... Նրանք ամեն տեղ ականապատել են... Իսկ մերոնք ուշացան, ամեն ինչ վերջացած էր...

Զինվորն անվստահ ետ նայեց, ուզում էր ինչ-որ բան հարցնել։ Ծերունին արդեն մոռացած իր զրուցակցին, փայտի ծայրով գետինն էր փորփրում ու քթի տակ երգ դնդնում։ Զինվորը թափ տվեց ձեռքն ու շարունակեց ճանապարհը։ Պետք է շտապել, մթնում է։ Օդը սկսեց կամաց-կամաց սառչել։ Ինչ-որ տեղ երեխայի ձայն լսեց, ապա ամեն ինչ լռեց։ Հեռվում երևաց դաշտը։ Նա ետ նայեց. ծերունին այլևս չէր երևում։ Իջավ զառիվայրով, ու նրա առաջ կարծես անվերջ տարածված էր դաշտը։ Նա մի քանի քայլ արեց, անվստահորեն այս ու այն կողմ նայեց ու քիչ էլ առաջ շարժվեց։ Թվաց հեռվից ինչ-որ ձայն լսվեց։ Ետ նայեց, ոչ ոք չկար։ Սկսում եմ հիմարանալ, մտածեց զինվորը։ Իհարկե, ոչ մի ական էլ չկա։ Ծերունին հավանաբար խենթ է։ Նա նորից առաջ շարժվեց ու հանկարծ անշարժացավ։ Թվաց, թե իրենից կես քայլ առաջ հողը չափազանց փափուկ է, ու զգուշությամբ տեղ որոնեց ոտք դնելու համար։ Ո՛չ, ծերունին ճիշտ էր ասում, ինչո՞ւ պիտի ստեր։ Պետք է զգույշ լինել։ Կարծես մերոնց մասին էլ բան ասաց։ Ի՞նչ ասաց։ Նա չկարողացավ հիշել ու սկսեց տեղ որոնել հաջորդ քայլի համար։ Ձախ ոտքը կամաց իջեցրեց գետնին, մարմնի ծանրությունը տեղափոխեց ձախ ոտքին ու աջ ոտքով սկսեց շոշափել մոտակա թուփը։ Ոնց-որ անվնաս է, այո, հուսալի է այստեղ։ Մի երկու քայլ էլ առաջ շարժվեց ու հանկարծ խայթվածի պես ոտքը ետ քաշեց։ Թփի տակ ինչ որ բան էր սևին տալիս, և նա կամաց-կամաց շրջանցեց վտանգավոր թուփը։

Արևն արդեն հավասարվել էր հորիզոնի գծին, և սառը քամի էր փչում։ Զինվորը մտածեց, որ լավ կլինի ետ դառնա ու սարսափով նկատեց, որ մեն-մենակ գտնվում է դաշտի կենտրոնում։ Ետ դառնալը նույնպես վտանգավոր է, որքան առաջ շարժվելը։ Նա չէր կարող հիշել անցած ճանապարհը, ամեն մի թուփ։ Ետ նայեց, նույնիսկ մոռացել է, թե որտեղ է դրել իր վերջին քայլը։ Զինվորը կռացավ ու սկսեց ձեռքով զգուշորեն շոշափել գետինը։ Մի փոքր էլ առաջ շարժվեց։ Թփերն հազիվ էին ուրվագծվում։ Արևի սկավառակն արդեն թաքնվել էր հորիզոնից ներքև ինչ-որ տեղ։ Նա սկսեց մատներով զգուշորեն շոշափել թփերը, գետինը։ Մի վերջին հույսով ետ նայեց. ոչ մի կենդանի շունչ, ոչ մի ձայն։ Սատանան տանի, սա ի՞նչ գերեզմանային լռություն է։ Մի՞թե ամեն ինչ չի վերջացել։

Մատների տակ հողը չափից դուրս փափուկ էր։ Նա զգուշությամբ ետ քաշվեց ու սկսեց հսկա դաշտի մեջ հուսալի տեղ որոնել ոտքը դնելու համար։ Լրիվ մութ էր, և յուրաքանչյուր թուփ այժմ ավելի չարագուշակ տեսք ուներ։ Իսկ գուցե պառկած փորձի, այդպես, փորսուղ տալով ավելի պակաս վտանգավոր կլինի, ինքն ավելի թեթև կլինի։ Զգուշությամբ նստեց գետնին ու դանդաղորեն պառկեց փորի վրա։ Ձեռքով շոշափում էր թփերն ու հողը և դանդաղ առաջ սողում։ Մի քիչ էլ առաջ շարժվեց ու նրան թվաց, թե ոտքը ինչ-որ մետաղյա կարծրության է դեմ առել։ Մարմնով սառը դող անցավ։ Իսկ եթե ոտքը ականի վրա է՞... Ատամները պինդ սեղմեց, ոտքը դանդաղ վեր բարձրացրեց ու զգուշությամբ ետ քաշեց։ Ոչ, այսպես ավելի վտանգավոր է։ Այսպես իր հենման մակերեսն ավելի մեծ է, և ինքը չի կարող ամբողջ հողակտորը ստուգել։ Իսկ եթե ականը դրված լինի ուղիղ դեմքի տա՞կ... Զինվորը սարսափեց այդ մտքից։ Անցնել բազմաթիվ կրակների միջով, արհամարհելով վտանգն ու մահը, պատերազմի դաշտում հաղթել Չարին, և երբ, թվում է, ամեն ինչ վերջացած է, զոհվել հայրենի գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ամայի մի դաշտո՞ւմ,- նա զգուշորեն, կամաց բարձրացրեց ձեռքն ու թևքով սրբեց ճակատի քրտինքը,- գրողը տանի, մեկ անգամ չէ, որ մահն անցել է իմ կողքով, բայց սարսափելիորեն անհեթեթ է, նվաստացուցիչ է, մեռնել այսպես, անիմաստ ու դաժան՝ դավադիր ինչ-որ մի բուռ անշունչ երկաթակտորից...

Պետք է զգուշությամբ ոտքի կանգնել։ Նա կամաց-կամաց կծկվեց, կողքին մոտ շոշափեց հողը։ Կարծես պինդ է, կարելի է հենվել։ Աջ ոտքը կամաց ուղղեց ու դանդաղ վեր բարձրացավ։ Արևի վերջին շողերն էլ վաղուց չքացել էին հորիզոնից։ Օդն սառն էր ու այդ սառնության մեջ չարագուշակ բան կար կարծես։ Զինվորը կանգնել, մտածում էր։ Հանկարծ ինչ-որ բան հիշեց. ձեռքը կամաց-կամաց մտցրեց գրպանն ու հանեց լուցկու տուփը։ Լուցկուց աննշան լուսավորված թփերն ավելի վտանգավոր թվացին, իսկ հեռվում մութն ավելի խտացավ։ Նորից սկսեց խորհել։ Պետք է մի ելք գտնել։

* * *
Արևելքում գիշերվա կապույտը սկսեց կամաց-կամաց լուսավորվել։ Մի երկու ժամ հետո կապույտը վերածվեց բաց երկնագույնի, այնուհետև նարնջագույնի և շուտով հորիզոնի վրա սկսեց բարձրանալ արևի գունդը։ Օդը սառն ու մաքուր էր, և դաշտում չորացող խոտի հաճելի բույր կար։

Զինվորը բացեց աչքերն ու նայեց արևի վեր բարձրացող գնդին, որից ջերմություն ու հարազատություն էր բուրում։ Նա տրորեց աչքերն ու զարմացած շուրջը նայեց։ Որտե՞ղ է գտնվում։ Քնել է ամայի դաշտո՞ւմ։ Դժվարությամբ ոտքի կանգնեց։ Մարմնի մեջ աշնան սառնություն զգաց։ Հիշեց. դաշտը ականապատված է։ Իսկ գուցե այդ ամենը տեսել է երազո՞ւմ։ Զինվորը վերջնականապես իրեն հավաքեց ու սառնասրտորեն առաջ շարժվեց։ Մնաց 15-20 մետր։ Ատամները պինդ սեղմեց ու մի քանի քայլ էլ կատարեց։ Չպետք է շտապել։ Մի քանի քայլ էլ, և ամեն ինչ կմնա ետևում։

Զինվորը ոտքը բարձրացրեց առաջ շարժվելու համար ու անշարժացավ տեղում. մեկ-երկու քայլ առաջ մետաղափայլ երևաց։ Սարսռաց։ Նա զգուշությամբ սկսեց հարմար ու վստահելի տեղ որոնել հաջորդ քայլի համար։ Մնաց մի քանի մետր։ Դիմացը փոքրիկ ձորակն է ու վերևում՝ լեռնանցքը։ Զինվորը մտածեց, որ ավելի լավ կլինի մի ուժեղ ցատկով կտրի անցնի այդ անիծյալ երկու-երեք մետրը։ Ոտքերը ծնկամասում ծալեց և պատրաստվեց ցատկի։ Իսկ եթե ցատկի ուղիղ սատանայի վրա՞։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ ձորակը ևս ականապատված չէ։ Ո՛չ, չպետք է սխալվել։ Այնտեղ, դեպի ձախ կարծես ավելի հուսալի է։ Ու նա դանդաղ, շատ դանդաղ առաջ շարժվեց։

* * *
Արևն սկսեց ավելի ուժեղ տաքացնել։ Ձորակից քիչ վերև, լեռնանցքի ցանցառ թփերի մեջ, թիկունքով դեպի անցած ճանապարհը նստած, զինվորը ծխում էր՝ տարվելով ծանոթ պատկերներով։ Երբեմն մտածում էր, որ քիչ էր մնում կորչեր կես ճանապարհին, հարազատ գյուղի մոտ, երբ մի ժամ հետո պիտի տեսնի սիրելիներին։ Նա կրնկի տակ հանգցրեց ծխախոտը, ուսապարկը հարմար տեղավորեց մեջքին, շրջվեց՝ մի վերջին անգամ անցած ճանապարհին նայելու համար ու, ասես, քարացավ։

Ականապատված դաշտում վստահ քայլերով առաջ էր շարժվում մի տղամարդ։ Զինվորը բերանը բացեց, որ ճչա, զգուշացնի անծանոթին, սակայն այն, ինչ դուրս եկավ նրա բերանից, չէր կարելի ձայն անվանել... Իսկ ինչո՞ւ վախեցնել անծանոթին, մտածեց զինվորը։ Առանց պատահարի վստահորեն անցել է ճանապարհի կեսից ավելին։ Գուցե այդպես ավելի լավ է. հանգիստ ու ինքնավստահ անցնել մահվան միջով, չիմանալով նրա գոյության մասին։

Անծանոթն ավելի ու ավելի էր մոտենում։ Նա շունչը պահած սպասում էր։ Մինչև ձորակը մնացել է մի քանի քայլ։ Իսկ եթե մոտերքում հանկարծ պայթի՞... Զինվորը ձգվեց գետնի վրա ու ձեռքերով պինդ ծածկեց գլուխը։ Ժամանակը կարծես քարացել էր։ Վայրկյանը թվաց մի ամբողջ հավիտենություն։ Նա դանդաղորեն բարձրացրեց գլուխը. տղամարդը անցել ձորակը, վեր էր բարձրանում։ Զինվորը թևքով սրբեց դեմքի սառը քրտինքն ու կամաց ոտքի կանգնեց։ Տղամարդը տեղում անշարժացավ։ Նրա առաջ կանգնած էր հողագույն դեմքով, չռված աչքերով մի զինվոր...

* * *
Արևմուտքում ամպի քրքրված ծվեններ երևացին, և թույլ քամին դրանք քշում էր դեպի հյուսիս-արևելք։
- Դու անցել ես ականապատված դաշտով...
- Ի՞նչ դաշտ,- զարմացավ տղամարդը։
- Դաշտը ականապատված է... Այնտեղ մի ծերունի ասաց, որ ականապատել են դաշտը...
- Ահա թե ինչ։ Դաշտում ոչ մի ական էլ չկա, ես միշտ այստեղով եմ անցնում։ Ծերունին... Նա մի քիչ... Նրա բոլոր հարազատներին...
- Դաշտում ական չկա՞,- կմկմաց զինվորը։
- Նրա հարազատներին այրել են։ Բոլորին լցրել են ակումբի շենք և հրդեհել... Պետք է շտապել, ուր որ է անձրև կգա։

Թեթև քամի բարձրացավ։ Խանձված խոտի հոտ էր տարածվել։ Խանձահոտ դաշտի լռության միջով երկու տղամարդ են անցնում։ Զինվորը անորոշ նայում էր դիմացը՝ չորանալ սկսող խոտերին։ Լռությունը երբեմն խախտում էր նրա գոտուց կախված դատարկ տափաշիշը, որ դիպչելով զինվորական բաճկոնի կոճակին, թույլ ծլնգոց էր արձակում։
Խանձահոտ դաշտի լռության միջով երկու տղամարդ են անցնում։ Նա, որ զինվորի հագուստով է, երբեմն հանկարծակի անշարժանում էր, գունատվում ու, ընկերոջ թևը բռնելով, շշնջում. «Նայիր թփերի մեջ, այնտեղ ական կա»...
Հեռվում երևաց գյուղը։ Զինվորը շատ երկար նայեց։ Նա բերանում այրված հացի համ զգաց, և կոկորդում ծանր շարժվեց ադամախնձորը...

Տես նաև՝
http://vardgesovyan.blogspot.com/p/2.html