31.5.11

Լավագույն տղերքը հեռանում են Արցախից

Որ իրոք Արցախից մեկնում են, այն էլ, առավել հաճախ, լավագույն կադրերը, ոչ միայն փաստ է, այլև՝ տխուր փաստ է: Վերջին մի քանի տարում Արցախը լքել են տեղի շնորհալի լրագրողները՝ Կարինե Օհանյան, Նաիրա Հայրումյան, Գեղամ Բաղդասարյան... Երևան են մեկնել տարբեր պատճառներով՝ մեկն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ, մյուսին գործ են առաջարկել, երրորդը մեկնել է մի այլ պատճառով...

Պատճառները թերևս շատ են, իսկ փաստը մեկն է՝ լավագույն կադրերի մի մասը հեռանում է հայրենի երկրից...

Արցախից հեռացածների մի ստվար մասը Երևան է մեկնել տեղի քաղաքական վերնախավի առաջարկով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայելու: Նրանցից շատերն այստեղ վաճառել են իրենց տունուտեղը, Երևանում բնակարաններ ձեռք բերել: Հայաստանի մայրաքաղաք մեկնածների մեջ զգալի թիվ են կազմում բարձրագույն չինովնիկների բարեկամները, ընկերները, սրանց ծանոթները: Աստված նրանց հետ: Նրանց լինել-չլինելուց Արցախում ոչինչ չի փոխվում: Ցավը բարձրակարգ մասնագետների, ստեղծագործական մեծ պոտենցիալ ունեցող մարդկանց Արցախից հեռանալու մեջ է: Մարդիկ, ովքեր պատերազմական ծանր տարիներին երբեք չեն լքել մեր երկիրը՝ իրենց ներդրումն ունենալով Արցախի ազատագրական պայքարում:

Ցավոք, Արցախից հեռանում են նաև տաղանդավոր արվեստագետները, որոնց կարիքը պետք է որ շատ ունենա մեր երկիրը, մեր մշակույթը, մեր արվեստը:
Վերջին երկտասնամյակում Արցախում ամենատաղանդավոր երգիչն անկասկած Տիգրան Մկրտչյանն էր: Ծննդով Արթիկից է: Սովորել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1989-ից տեղափոխվել է Ղարաբաղ: Եկավ, սիրեց Արցախը և մնաց: Մասնակցել է Արցախյան գոյամարտին: Աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, ղեկավարել «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը:

Բազմիցս հանդիպել, զրուցել ենք: Ձգտում էր ազատ ու ինքնուրույն լինել, ազատ հնարավորություն ունենալ ստեղծելու իր համույթը՝ ազգագրական կատարման իր դպրոցը: Եվ 2002-ին ստեղծեց «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը, որն աչքի էր ընկնում հայկական երգերի բարձրաճաշակ ընտրությամբ, ինքնատիպ երաժշտամտածողությամբ ու կատարողական վարպետությամբ: Երաժշտասերների շրջանում «Վերնատունը» դարձել էր սիրված երաժտական համույթը: «Վերնատունը» հայկական ազգային երգարվեստ էր քարոզում և տարածում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում ու Արցախում մեծ տարածում է գտել ռաբիսը, արևելյան, արաբական-թուրքական ելևեջներով շաղախված թեթև ու էժանագին երաժշտությունը: Տիգրանի ասելով՝ «Վերնատունը» դպրոց է, որի առաքելության նպատակն է դաստիարակել սերունդներին, ուսուցանել նրանց իրենց պապերի ու ապուպապերի երգարվեստը. երգեր, որոնք մեր ազգային հպարտությունն են ու մեր խիղճը, մեր պատիվը, մեր սրբություն-սրբոցը:

Ցավն այն է, որ զրկված լինելով պետական աջակցությունից, քառյակը հիմնականում գոյատևում էր ինքնաֆինանսավորմամբ և որոշ չափով էլ գործարարների հովանավորությամբ: Տիգրան Մկրտչյանը համերգներ է ունեցել Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի, Ուկրաինայի տարբեր քաղաքներում, Մերձբալթյան և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում:

Տիգրանի հետ վերջին հանդիպումներին զգացվում էր, որ մարդու մեջ մեծացել է դժգոհությունը: Մշակույթի նախարարությունում այդպես էլ լիովին չընկալեցին այդ արվեստագետի արժեքը: «Ուզում եմ գնալ: Այլևս անիմաստ եմ համարում այստեղ իմ մնալը,- մի օր ասաց նա:- Արդեն հոգնել եմ իշխանություն ունեցող այդ մարդկանց բացատրել, թե ինչ ասել է Արվեստ, ազգային երաժշտություն...»:
2002 թ. Արցախի իշխանությունները նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալ են տվել, ապա, տևական քաշքշուկից հետո հանրապետության վաստակավոր արտիստի կոչում շնորհել: Բայց արդյո՞ք դա ամենակարևորն է արվեստագետի համար:

Մոտ մի տարի առաջ մի օր էլ թողեց ու մեկնեց Երևան: Նրա մեկնումից չգիտեմ ինչ կորցրեց ինքը, բայց Արցախը կորցրեց մի բարձրակարգ ու անկրկնելի երգիչ ու արվեստագետ, որ կոչվում է Տիգրան Մկրտչյան:
Ընդամենը մի ճակատագիր: Մի մարդու ճակատագիր՝ մի քանի տասնյակներից... Ցավոք, կարծես նույն ճակատագիրն է սպասում նաև մի այլ արվեստագետի՝ պարուսույց Գենադի Բադալյանին, մասնագետ, որի նմաններին Երևանում մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել...

«Լավագույն տղերքը հեռանում են...»՝ ասվում է Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգում: Ցավոք, հեռանում էին ոչ միայն այն դաժան ու ծանր պատերազմական տարիներին, և հեռանում էին ընդմիշտ, հեռանում են նաև այսօր՝ ազատ ու անկախ մեր երկրից: Վախենում եմ, որ մի օր երբ ինչ-որ մանչուկ հարցնի՝ «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», նրան այլևս պատասխանող չլինի: Կամ, լավագույն դեպքում, պատասխանեն... ռաբիսով:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Իսկ կոտրած տաշտակը դեռ մնում է

Կադրային հարցը եղել և մնում է հայկական պետությունների աքիլեսյան գարշապարը: Այդպես է Հայաստանում, այդպես՝ նաև Արցախում: Առավելապես բարձր ու պատասխանատու պաշտոններ են ստանում մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային որակներով, բարոյական և այլ հատկանիշներով բացարձակապես անհամատեղելի են այդ պաշտոններին, հակացուցված են զբաղեցրած պաշտոններին...

ԼՂՀ երկրորդ նախագահ Ա. Ղուկասյանի պաշտոնավարությունից հետո զգալի փոփոխություններ կատարվեցին կառավարական համակարգում: Գրեթե բոլոր նախարարություններում ու գերատեսչություններում կադրային փոփոխություններ են կատարվել: Նախկին նախագահի օրոք քիչ չէր խոսվում պետական-կառավարական ապարատի ուռճացվածության մասին: Այդ առումով՝ նոր նախագահից հակառակ գործողություններ են սպասում: Մինչդեռ հաճախ նախկին նախագահի «կադրերը», ազատվելով զբաղեցրած պաշտոններից, հաջողությամբ տեղավորվում են այլ «փափուկ» պաշտոններում: Այս ամենը հիշեցնում է երթուղային միկրոավտոբուսներում տարածված երևույթը. մի կերպ տեղավորված, իրար կպած ուղևորները սպասում են, որ մոտակա կանգառում մի քանիսը կիջնեն և տեղ կազատվի: Հաջորդ կանգառում ոչ միայն ոչ ոք չի իջնում, այլև մեքենա են բարձրանում մի քանի նոր ուղևորներ ևս: Թե այդքանը ոնց են տեղավորվում, անհասկանալի է:

Պետական ուռճացված ապարատի յուրաքանչյուր միջին տրամաչափի ղեկավարի որդին կամ դուստրը, խնամին կամ սիրուհին պարտադիր աշխատում է հարևան նախարարությունում: Պետական ապարատն իրենից ներկայացնում է մի մեծ տուն, որտեղ բոլորը «յուրային» են:

Հայկական կադրային քաղաքականության ամենաբնորոշ, ամենատարածված երևույթներից մեկը «ռակիրովկան» է: Երկու բարձր պաշտոնյայի վերցնում ու... գումարելիների տեղերը փոխում են: Եվ արդյունքում՝ գումարը չի փոխվում: Ըստ երևույթին՝ մերօրյա կադրերն այնքան «ունիվերսալ են», որ նրանց կարելի է նշանակել մասնագիտության և նրանց ունակությունների հետ չնչին աղերս անգամ չունեցող պաշտոններում, և նրանք մշտապես իրենց զգում են ինչպես ձուկը ջրում:

Հանդիպումներից մեկի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ որոշ պաշտոնյաներ «իրենց պաշտոնը դիտում են որպես սեփականություն, ինչը նույնպես խոչընդոտ է հանդիսանում մի շարք խնդիրների լուծման գործում»: Նա նշել է նաև, որ որոշ պաշտոնյաներ մարդկանց աշխատանքի են ընդունում միայն «ծանոթ-բարեկամի» սկզբունքով: Ըստ իս, ցավն այն է, որ «ծանոթ-բարեկամի» սկզբունքով ոչ միայն աշխատանքի են ընդունում, այլև մինչևիսկ նոր հաստիք են ստեղծում այդ «կադրերի» համար:

Մեզ մոտ սիրում են կրկնել՝ կադրային ջարդ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, ցանկա՛լի է, որ լինի: Պե՛տք է լինի: Ու ամենից առաջ այն պիտի լինի ոչ միայն բարձր, այլև միջին օղակներում, որտեղ տարիներ շարունակ «քուջուջ են անում» կադրեր, որոնց միակ կարողությունը, բան ու գործը քուջուջ անելն է՝ ամենաուղիղ և փոխաբերական իմաստներով:
Եթե ուզում ենք կյանքը փոխել դեպի լավը, ապա առաջին հերթին պիտի դեն նետել «կոտրած տաշտակը»:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Ի ԴԵՊ. Չգիտեմ, Աստծո ստեղծած առաջին մարդը կարևո՞ր անձ էր, թե՞ անկարևոր։ Եվ, ընդհանրապես, Ադամ ու Եվայից սերված առաջին երկոտանիները կարևո՞ր անձնավորություն էին, թե՞ անկարևոր։ Սակայն հազարամյակներ հետո մարդիկ բաժանվեցին երկու խմբի՝ կարևոր անձինք և անկարևոր անձինք։ Կարևորների խմբի մեջ մտնում են, անշուշտ, փող և իշխանություն ունեցողները։ Մնացյալը, որ ժողովուրդ է անվանվում և ոչինչ չունի, կազմում է մարդկության անկարևոր կեսը։

Առաջինները շատ բարձր բազկաթոռներ ու պաշտոններ են զբաղեցնում, օգտվում են լայնածավալ իրավունքներից, օրենքներ են սարքում ու օրենքներ շրջանցում, անկարևոր մարդիկ են դատում ու դատապարտում, սպանում ու անպատիժ մնում և այլն։ Կենդանության օրոք սրանք իրենց համար արձաններ ու կիսանդրիներ են պատվիրում, նրանց մասին փաստագրական և գեղարվեստական գրքեր ու կինոնկարներ են սարքվում, ձոներգեր ու քայլերգեր են նվիրում նրանց։

Շատ կարևոր այդ մարդկանց շուրջ, նրանց աթոռ-բազկաթոռների շուրջ վխտում են շատ մարդիկ, ովքեր իրենց կարևոր անձ են ներկայացնում։ Սրանք, ճիշտ է, առաջինների համեմատ պակաս կարևոր են, բայց թեթևակի «եղանակափոխությունների» ժամանակ սրանցից ոմանք, առավել ճարպիկները, կարող են հայտնվել շատ կարևոր անձերի աթոռներին...

Այժմ անցնենք անկարևորներին։ Դա ժողովուրդն է և ընդհանրապես իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, քանի դեռ առջևում ընտրություններ ու պատերազմ չկա, քանի դեռ Հայրենիքը վտանգի մեջ չէ և չի զգում նրա կարիքը։ Նրանք այնքան անկարևոր են, որ նույնիսկ իմաստ չունի երկար խոսել նրանց մասին...

Առա՜ջ, դեպի հետ...

Երկրի առաջադեմ, հայրենասիրական ուժերը երբ շարունակ փաստում են, թե հրադադարից ի վեր ՀՀ իշխանությունները Ղարաբաղի հարցում վարում են պարտվողական, ապազգային քաղաքականություն, դրանից չպիտի հետեւություն անել, թե, ի տարբերություն արտաքին քաղաքական գործունեության, ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամեն ինչ հիանալի է։ Լավ կյանքից ու սոցիալ-տնտեսական դաշտում իշխանությունների վարած փայլուն քաղաքականությունից չէ, որ վերջին երկտասնամյակում շուրջ 1.2 մլն մարդ լքել է Հայաստանը։

Օրենքի գերակայության փոխարեն իշխում է պաշտոնեական դիրքի եւ փողի գերակայությունը, Հայրենիք եւ Պետություն հասկացությունները տարանջատվել են, ինչպես իրարից անդունդով բաժանվել են ժողովուրդն ու իշխանությունները, հողի սեփականաշնորհումը կատարվել է ոչ թե ի շահ երկրի իրական տիրոջ՝ ժողովրդի, այլ փողատեր իշխանավորի եւ կասկածելի ճանապարհով հարստություն կուտակած, այսպես կոչված՝ բիզնեսմեն-գործարարի...

Մխիթարվելու ոչինչ չկա նաեւ հոգեւոր դաշտում՝ քամահրական վերաբերմունք ազգային արժեքների հանդեպ եւ համընդհանուր արժեզրկում։ Երկրի գիտնականն ու ակադեմիկոսը՝ նյութական վիճակից խեղճացած, վիզ ծռած սպասում են, թե ով է մի քանի գրոշ նետելու իրենց, որ ստրկահաճորեն պատվեր կատարեն (խոսքը այն փոքրաթիվ մարդկանց մասին չէ, ովքեր իրենց արժանապատվությունը երբեք չեն վաճառում)։

Ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում իշխանությունների վարած ապազգային քաղաքականության ընդամենը երկու օրինակ։ Վերջերս ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տալիս երկրում հիմնել օտարալեզու դպրոցներ։ Ասել է թե՝ փորձ է արվում օրինական հիմքերի վրա դնել հայոց լեզվի նպատակաուղղված դուրսմղման գործընթացը, դրանով ավելի խախուտ դարձնելով հայկական պետականության հիմքերը։ Բարեբախտաբար, դրանից դժգոհության ալիք է բարձրացել երկրում, սակայն այն փաստը, որ այդ օրինագիծն արդեն հայտնվել է ՀՀ ԱԺ-ում, ենթադրել է տալիս, թե չի բացառվում, որ իշխանությունները հերթական անգամ թքած ունենան հանրության կարծիքի վրա եւ ներքաղաքական կյանքում առաջ տանեն իրենց «ֆուտբոլային դիվանագիտությունը»...

Մի օրինակ էլ արտաքին քաղաքական դաշտից։ Մինչ երեւանյան հայտնի քաղաքագետները, իրավագետներն ու փորձագետները (Ալեքսանդր Մանասյան, Իգոր Մուրադյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Մանվել Սարգսյան եւ այլք) Ստեփանակերտում մասնակցում են զանազան «կլոր սեղանների» ու այլ միջոցառումների, տեղի հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքիր ու արժեքավոր տեսակետներ հայտնում ղարաբաղյան հարցում ստեղծված մեզ համար կործանարար վիճակից դուրս գալու մասին, նրանք, ովքեր առաջնորդում են պետական մեր Նավը, այն աննկուն տանում են «Տիտանիկի» կուրսով։ Դրա վերջին խայտառակ ապացույցը Եվրախորհրդարանի մայիսի 20-ի թիվ 2216 բանաձեւն է, որտեղ պահանջ է ներկայացվում «հայկական ուժերը ադրբեջանական օկուպացված տարածքներից» անհապաղ դուրս բերելու մասին...

Որտե՞ղ է, ապա, հայ դիվանագիտությունը, ո՞ւր են արդյոք այն կտրիճները, որ այսօր արտաքին քաղաքական դաշտում (ըստ իրենց՝ ֆուտբոլի դաշտում) ստանձնել են Արցախի եւ, ընդհանրապես, հայ ժողովրդի ճակատագիրը որոշողի դերը։

Նախկին ազատամարտիկ երեւանաբնակ ընկերս, որ մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին եւ այն տարիներին մի քանի անգամ հազիվ է փրկվել մահից, վերջերս այսպես ասաց. «Հայրենիք եւ պետություն հասկացություններն այսօր միանգամայն տարբեր բաներ են։ Ես սիրում եմ իմ Հայրենիքը, այսօր էլ պատրաստ եմ կյանքս զոհաբերել հանուն նրա, բայց ես չեմ հարգում այն պետությունը, որ այս 20 տարում հիմնվել է այն տարածքում, որտեղ իմ հայրենիքն է, իմ երկիրը։ Ասես դիվերսիոն խումբ է մտել հայրենի երկիրս...»։

Սա է, ահա, ամենամտահոգիչը։ Ու նաեւ այն, որ տասնամյակներ առաջ անկախ պետականություն չունեինք, բայց ունեինք զարգացած, գիտության ու մշակույթի երկիր Հայաստան, իսկ այսօր հայերս ազատ ու անկախ ենք կարծես, բայց հայոց երկիրը՝ իր դիվանագիտությամբ, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր ոլորտներով, գետնաքարշ է։

Ահա թե ինչու փաստել ու կրկին փաստում ենք, որ հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին։ Փոխարենը՝ տեր կանգնեցին միայն երկրի նյութական հարստությանը։

Սիրում ենք ազգովի մեղավորներ փնտրել մեր դժբախտությունների, ողբերգությունների ու չկայացման համար։ Մի անգամ շրջվենք եւ կողմնակի մարդու քննադատական հայացքով նայենք մեր ժողովրդի պատմությանը։ Մեր բոլոր դժբախտությունների ամենաառաջին մեղավորը մենք ենք՝ մեր տհաս առաջնորդներով, ողորմելի դիվանագիտությամբ եւ սխալներից երբեք դասեր չքաղելու բացառիկ ունակությամբ։ Եվ մեր դժբախտությունների հիմնական պատճառն այն է, որ մեր իսկ մեղքով դարեր ի վեր ընտրություն ենք կատարում վատի ու վատթարագույնի միջեւ, եւ ցավն այն է, սակայն, որ հայերս մշտապես ընտրում ենք վատթարագույնը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Արվեստը զոհեր է պահանջում. թեկուզ դա լինի թատրոնը

Մոտ 3 տարի առաջ Ստեփանակերտի պետդրամթատրոնի բեմ բարձրացավ Կոմիտաս Դանիելյանի անդրանիկ «Մենք մեր սարերն ենք» պիեսը։ Արցախի մայր թատրոնի պատմության մեջ երևի թե առաջին անգամ պիես է բեմ բարձրացել առանց թատրոնի գեղխորհրդում քննարկվելու-ընդունվելու։ Ես, որ որպես գեղխորհրդի անդամ հրավիրված էի ներկայացման փակ դիտմանը, իմ տարակուսանքը հայտնեցի, որին հեղինակը մոտավորապես պատասխանեց, թե պիեսն ուղարկել է հայաստանյան մի քանի թատերագետների և դրական արձագանք ստացել...

Փակ դիտումից հետո գեղխորհրդի նիստում հնչած իմ խոսքում ասացի, որ ճանաչված ռեժիսոր Նարեկ Դուրյանը և գրեթե բոլոր դերակատարներն իրենց ուժերի գերլարումով կատարել են իրենց գործը, բայց, ցավոք, այստեղ ներկայացում չկա։ Նույնիսկ տեր Աստված հազիվ թե փրկեր ներկայացումը, որովհետև բեմադրության համար առաջին հերթին պիտի ձեռքի տակ պիես լինի։ Իսկ պիես չկա, փոխարենը հեղինակի ինչ-որ պատմվածքներից հավաքած-սարքած վինեգրետ է, որ անգամ հեռավոր առնչություն չունի թե՛ ռեալ իրականության, թե՛ հատկապես արվեստի հետ...

Պիեսում ղարաբաղյան բանակը ներկայացնում են երեք հոգի, որոնցից մեկը հրամանատար է, երկուսը՝ զինվոր։ Երկու զինվորներից մեկը ներկայացման ողջ ընթացքում հայ ժողովրդի պատմությունից դասագրքային քարոզներ է կարդում չգիտես՝ մյուս զինվորի՞, հանդիսատեսի՞համար, թե՞հեղինակի ռազմահայրենասիրական ոգին ամենքիս ցուցանելու համար։ Բայց սա «մեդալի» մի կողմն է միայն։ Մյուսում թշնամու կողմից գրավված հայկական գյուղում թաքնված հղի կինն է՝ ութ թե տասը տարեկան որդու հետ։ Եվ մինչ հայկական զորամասի հրամանատարությունը գերյալներին փրկելու ծրագրեր է մշակում, փոքրիկն իր հղի մորը հակառակորդի քթի տակով և առանց մեր զինվորների աջակցության, բերում, հասցնում է զինվորական բուժմաս, որտեղ լույս աշխարհ է գալիս նորածինը։

Հարց է ծագում. փոքրիկն այդ ինչպե՞ս է կարողանում ծննդաբերության շեմին գտնվող, հազիվ ոտքի վրա կանգնող մորը երկու թշնամի զորամասերի դիրքերի մոտով աննկատ բերել, տեղ հասցնել։ Մյուս կողմից՝ էլ ո՞ւմ են պետք պիեսի, այսպես կոչված, «բանակային» տեսարանները, հայ ժողովրդի պատմությունից հերոսական դասերը, երբ այդ նույն բանակը ոչ միայն ներդրում չունի գերյալներին ազատելու գործում, այլև այնքան թույլ է, որ նույնիսկ չի նկատում, թե վերջիններս ինչպես են իր վերահսկած տարածքով հասնում զորամաս...

Պիեսի, այսպես կոչված, զինվորական տեսարանների վերաբերյալ հնչած քննադատությանը հեղինակը ջղայնացած պատասխանել է, թե ինքը կռվել է և պետք չէ բան սովորեցնել իրեն։ Բայց մոռացավ ներկաներին հիշեցնել, թե որ թվականին, ամսի քանիսին և որտեղ է կռվել...

Խորհրդային տարիներին Ստեփանակերտում կար Ստեղծագործությունների տուն, որտեղ ժողբանահյուսության նմուշներ էին հավաքում, երբեմն էլ համեմատաբար «թեթև» պիեսներ վերցնում՝ գյուղական ակումբներում բեմադրելու համար։ Խիստ կասկածում եմ, որ Կ. Դանիելյանի այս պիեսն արժանանար այդ պատվին։ Բայց մարդը որոշել է ոչ միայն պիեսներ գրել, այլև՝ ամեն գնով բեմադրել, քանի դեռ թատրոնի տնօրեն է։ Պիտի խոստովանել, որ հեղինակի դրամատիկական տաղանդը հատկապես փայլատակում է հոբելյանական տարեթվերի առիթով։

Եթե անդրանիկ պիեսը նվիրված էր Արցախի ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին, ապա այս անգամ պիես բեմ հանելու առիթը Հայոց ցեղասպանության 95-ամյակն էր։ Եվ լույս աշխարհ եկավ ու բեմ ելավ «Տո, լաճ տնավեր»-ը։ Ընդհանրապես Կ. Դանիելյանը սիրում է պիեսներ գրել այնպիսի հոբելյանների առթիվ, որ հեշտ լինի ընդդիմախոսների բերանը փակել. ի՞նչ է, մեր սուրբ պայքարին կամ մեր մեծ ողբերգության տարելիցին նվիրված ստեղծագործություն չպիտի՞բեմադրենք... Կամ՝ մեր ազգային պայքարին ու համազգային ողբերգությանը նվիրված գործե՞րն ես քննադատում...

Չեմ կարծում, թե որևէ մեկը դեմ լիներ, որ ֆրանսահայ ռեժիսոր Նարեկ Դուրյանը կամ Հայաստանից հրավիրված ռեժիսորը բեմադրեին հայ կամ արտասահմանյան դրամատուրգիայի որևէ արժեքավոր գործ՝ ի ցույց դնելով իրենց ողջ կարողություններն ու տաղանդը... Ասենք՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս»-ը, Աղասի Այվազյանի լավագույն պիեսներից որևէ մեկը կամ ժամանակակից մի երկ՝ արտասահմանյան անվանի դրամատուրգներից։

Դարձյալ չեմ խոսելու դերասանների խաղի մասին, հրավիրված ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանի անուրանալի չարչարանքների մասին (որքան ինձ հայտնի է, նրա մեկնելուց հետո հեղինակն անմիջապես ուղղել է վերջինիս «սխալները»՝ վերականգնելով փորձառու ռեժիսորի կողմից կրճատված հատվածներն ու խմբագրել որոշ տեսարաններ)։ Ռեժիսոր, որ պիես բեմադրելու դասական ավանդույթների հարուստ փորձով և վարպետությամբ ասես մի հրաշքով կյանք էր տվել պարապությունից հոգնած, ձանձրացած կոլեկտիվին։ Ասում են՝ երիտասարդ դերասաններն ամեն օր անհամբեր սպասում էին փորձերին, որտեղ ամեն օր մի բան էին սովորում դասական բեմարվեստի նվիրյալ ռեժիսորից...

Համառոտ ես խոսելու եմ միայն պիեսի մասին։ Մեր թատրոնի հնագույն երկրպագուները երևի հիշում են հայ բեմի վարպետ Բենիկ Օվչյանի Թումանյանը՝ «Մեծ լոռեցին» պիեսում։ Ներկայացման յուրաքանչյուր դերակատար ուներ իր «դուբլյորը», որպեսզի եթե հանկարծ ինչ-որ պատճառով ինքը չկարողանա մասնակցել ներկայացմանը, իր տեղը գրավի փոխարինողը։ Օվչյանը վատառողջ էր կամ հիվանդ, ուրեմն՝ ներկայացումը հետաձգվում է։ Նա փոխարինող չուներ, որովհետև հազիվ թե մեկ ուրիշը կարողանար կերպավորել մի մարդու, որին ասես անձամբ ճանաչում ենք ամենավաղ մանկությունից, և որի փառահեղ կերպարը մեր մեջ ամրացել է նրա իսկ անմահ ստեղծագործություններից։ Օվչյանը մեզ ներկայացրեց մեր իսկ ճանաչած, մեր մեջ նստած Թումանյանին։

Վարպետ դերասանի համար երևի թե դժվար չէ գրական կերպար կերտելը։ Երիցս դժվար է իրական, հանրահայտ, տաղանդավոր անհատի կերպարը մարմնավորելը։ Հատկապես եթե այդ անհատը Թումանյանն է, Տերյանը, Կոմիտասը, Դանիել Վարուժանը կամ Սիամանթոն... Մարդիկ, որոնց կերպարներն իրենց իսկ ստեղծագործություններից արդեն ամուր նստած են մեր մեջ։ Դա է ահա ամենադժվարը՝ արվեստասեր հանրությանն անխաթար ու իրական ցույց տաս Տաղանդավոր այն անհատին, որին ժողովուրդը գիտե և ճանաչում է...

Եվ Կոմիտաս Դանիելյանը որոշեց միանգամից մեզ ներկայացնել Դանիել Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սևակին ու Կոմիտասին։ Մարզաշխարհում յուրաքանչյուրը գիտե իր ուժերի և կարողությունների ամենավերին սահմանը։ Շատ հազվադեպ են լինում դեպքեր, երբ ծանրորդը պատվիրում է իր քաշը բազմիցս գերազանցող ծանրաձող։ Թե արդյունքում ինչ է լինում՝ դժվար չէ կռահել... Ի դեպ, պիեսի փակ դիտումից հետո գեղխորհրդի անդամներից մեկն ասել է. «Կողմ եմ քվեարկում, բայց առաջարկում եմ այս ներկայացումը Ղարաբաղից դուրս ուրիշ տեղ չտանել...»։

Կ. Դանիելյանի պիեսում չկա կերպար, չկա անհատականություն։ Լսելով Վարուժանի, Սիամանթոյի և Սևակի զրույցը, թվում է, թե պիեսի հեղինակը թուրքերի, ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության, առաջին համաշխարհայինի տարիների Ռուսաստանի, Գերմանիայի մասին դասագրքային իր պատկերացումները երեք մասի է բաժանել և մաս առ մաս դրել արևմտահայ պոեզիայի երեք անկրկնելի վարպետների բերանում։

Սևակը հարցնում է Սիամանթոյին. «Ատոմ, հիմա չե՞ս զղջում, որ Ժնևից վերադարձար Պոլիս»։ Հետո Կ. Դանիելյանը մոռանալով, որ այդ հարցաշարը սկսել է Սևակը, այժմ էլ Վարուժանի շուրթերից է շարունակում. «Կամ դու, Ռուբեն, Լոզանում երջանիկ ապրում էիր...»։ Սիամանթոյի բերանում դրած տեքստից ցանկացած հատված (եթե ոչ ամբողջ տեքստը) կարելի է դնել Վարուժանի կամ Սևակի բերանում, Վարուժանինն էլ՝ Սիամանթոյի կամ Սևակի... Եվ ոչինչ չի փոխվելու, որովհետև պիեսում նրանք տարբեր անհատներ ու մեծ մտածողներ չեն, այլ հեղինակի սարքած «բաց դասի» մասնակիցներ, որտեղ ամեն մեկն արդեն գիտե, թե տարիներ հետո խորհրդային դասագրքերում իրենցից յուրաքանչյուրին որքան տեղ է հատկացվելու։ «Դուք էլ հրաշալի գիտեք, որ դուք եք մեր բանաստեղծության պառնասի ներկայացուցիչները»,- երկու բանաստեղծներին ասում է Ռուբեն Սևակը, որին վերջիններս պարզ է, որ պիտի ընդդիմանան. «Սխալվում ես, Ռուբեն... Հապա քո հանճարեղ «Հայաստանը», քո «Կիլիկյան երգերը»...

Թուրք ոստիկանը հայ աքսորյալներին ասում է. «Էֆենդիներ, ես զինվորներ չունեմ, հույսս դնում եմ ձեր ազնվության վրա», ապա ջերմ խոսքուզրույցից հետո, չգիտես ինչու, լկտիաբար նետում. «Շնորհակալ եղեք, գյավուրներ...»։ Ինչո՞ւ հանկարծ կոպտեց նրանց, որոնց ազնվությանն էր ուզում ապավինել։ Որտե՞ղ է տրամաբանությունը։

Թուրք փաշայի աղջկա՝ Լաթիֆայի սերն առ իրեն բուժած Սևակը նույնքան համոզիչ է, որքան այն, որ թուրք աղջկա «սեղանի գիրքը» Գրիգոր Զոհրապի «Նովելներ»-ն է։ Մնում է աղջիկը խոստովանի, որ սիրած երաժշտությունն էլ Կոմիտասի «Անտունին» կամ «Հով արեք, սարեր ջան»-ն է... Եվ սիրո դրամայի վերջին «համոզիչ» ակորդը՝ հազարավոր հայերի արյամբ ձեռքերը թաթախած հորն աղջիկը համոզում է իրեն ամուսնացնել Սևակի հետ...

Որ հեղինակը ծանոթ չէ իր ներկայացրած ժամանակաշրջանին ու միջավայրին, երևում է ամեն քայլափոխում։ Ինչպես նախորդ պիեսում, այստեղ ևս չկան կերպարներ, կան միայն մարդիկ, որ նախադասություններ են արտասանում, հաճախ նաև բանաստեղծություներ անգիր ասում՝ ինչպես գրական ցերեկույթում կամ գրական-գեղարվեստական կոմպոզիցիայի ժամանակ։

Ընդհանրապես Կ. Դանիելյանը սիրում է անակնկալներ մատուցել։ Թատրոնի ու դրամատուրգիայի հետ երբեք առնչություն չունեցող մարդը նշանակվելով թատրոնի տնօրենի պաշտոնում, իր կյանքի յոթերորդ տասնամյակի շեմին հանկարծ սկսել է պիեսներ երկնել ու բեմ հանել... Ավելի հետաքրքիր անակնկալը. որպես հետգրություն իր երկի վերջում հավելել է. «Պիեսում օգտագործվել են առանձին հատվածներ Հրանտ Հրահանի «Խոսում են անմահները» վեպից»։ Կհասկանայի հեղինակին, եթե նա վերցներ ու պիեսի կամ սցենարի վերածեր Հրահանի վեպը։ Դա միանգամայն ընդունված է գրական աշխարհում։

Բայց որ մեկը վերցնի ու մի այլ գեղարվեստական երկից առանձին հատվածներ օգտագործի իր գրական երկում, չեմ կարծում, թե գրականության պատմության մեջ նման երկրորդ դեպք լինի... Յուրաքանչյուր գեղարվեստական գործ, անգամ պատմավեպը, տվյալ հեղինակի ստեղծագործական երևակայության արգասիք է և հաճախ շատ չնչին աղերսներ ունի իրական անցքերի ու իրադարձությունների հետ։ Դասագրքերից ու գեղարվեստական զանազան երկերից ծաղկաքաղ անելով արվեստ ու գրականություն չեն ստեղծում։

Ս. թ. ապրիլից առայսօր պիեսը մայրաքաղաքում ներկայացվել է ընդամենը 3 անգամ։ Վերջին անգամ մայիսի 4-ին՝ կիսադատարկ դահլիճով։ Սպասենք Դանիելյանի հաջորդ ներկայացման ծնունդին՝ որևէ այլ հոբելյանի առիթով։ Հետո ի՞նչ, որ Արցախի մայր թատրոնը շարունակում է մնալ ցեխի մեջ։ Արվեստը զոհեր է պահանջում։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Աշխարհում ուժեղին են հարգում

Մեզ թվում է, թե որքան շատ ասենք պատերազմը վատ բան է, մենք պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում, դրանով պատերազմի վերսկսման հավանականությունը կիջեցնենք զրոյի։ Հայկական մամուլը լեփ-լեցուն է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և հայկական կողմի խաղաղասիրական ձգտումների մասին հրապարակումներով։ Մինչդեռ ցանկացած գիտակից մարդ թերևս բազմիցս լսած ու կարդացած կլինի՝ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» կամ՝ «Խաղաղության ամենամեծ գրավականը հզոր երկիր և ուժեղ բանակ ունենալն է»։ Ժամանակին խորհրդային երկիրը եթե միջուկային զենք և ուժեղ ռազմական պոտենցիալ չունենար, նրա բմբուլները վաղուց քամուն տված կլինեին։

Միևնույն ժամանակ, որպես հակառակորդի ռազմական տեխնիկայի հակակշիռ, վկայակոչում ենք մարդկային գործոնը։ Այսինքն՝ Ադրբեջանը նախկինում էլ տեխնիկայով բազմիցս գերազանցում էր մեզ, բայց մենք մեր մարդկային գործոնով պատերազմում հաղթեցինք նրան՝ առգրավելով նրա տանկերն ու ռազմական մյուս տեխնիկան՝ դրանց փողերն ուղղելով թշնամու դեմ։ Այո, դա այդպես է եղել, և մենք դրան հասել ենք բազմաթիվ զոհերի կյանքի ու արյան գնով։ Այսօր մոռանում ենք, որ այդ տարիներին մենք մի այլ հզոր զենք ունեինք՝ մեր հավատն ու ոգին, որն այսօր սեփական իշխանությունների ջանքերով խաթարվել կամ իսպառ վերացել է։

Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը հարցազրույցներից մեկում ասում է. «Զարմանում եմ, թե ինչու, գտնվելով փաստացի պատերազմի մեջ, զենք չենք արտադրում։ Ազերիներն, օրինակ, արտադրում են, իսկ մենք, ունենալով այդ ամենի հնարավորությունը, չենք անում։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ կարողանում էինք արտադրել, նույնիսկ հրթիռ։ Ու այնպիսի զենքեր էինք արտադրում, որ նմանը չկա աշխարհում...»։

Որևէ շատ բարձր պաշտոնյա կարո՞ղ է պատասխանել այս հարցին։ Հասկանում եմ, որ մեր բարձրագույն չինովնիկության մի ստվար մասի գերնպատակը փող դիզելն ու բացառապես սեփական բարեկեցության խնդիրները լուծելն է։ Նրանցից «ամենահեռատեսները» այլ երկրներում բանկային հաշիվներ ունեն, և պատերազմի վերսկսման դեպքում իսկույն ճողոպրելու են, ինչպես դա մի քանի տարի առաջ արեցին Հարավային Օսեթիայի քաջարի այրերը։ Բայց ամենևին չեմ հասկանում բոլոր նրանց լռությունը, ովքեր այս երկրից հեռանալու ոչ հնարավորություն ու միջոցներ ունեն և, առավել ևս՝ ոչ ցանկություն, ու հենց նրանց ուսերին է ծանրանալու պատերազմի ողջ ծանր բառը։

Վերջերս Ռուսաստանի հետ կնքած ռազմական համագործակության պայմանագրով հայ առաջնորդներն այնպես են ոգևորվել, ինչպես սեփական տկարության ու անկարողության մեջ համոզվածը կարող է ուրախանալ՝ կանգնելով իրենից ուժեղի թիկունքում, հակառակորդին էլ լեզու ցույց տալով...

Թուրքիայի հետ սահմանի բացման մասին զօրուգիշեր խոսում է առավելապես հայ քաղաքական վերնախավը։ Որոշ խելոքներ էլ մի քանի անգամ հայտարարել են, թե ուր որ է՝ սահմանը բացվելու է (կարծես սահմանի «բանալիներն» իրենց գրպանում են)։ Իսկ հակառակորդը տեսնելով, թե հայ չինովնիկն ու գործարար զանգվածը որքան են փափագում ու տրտինգ տալիս սահմանի բացման համար, և որքան խեղճ ու ողորմելի են, շարունակում է նախապայմաններ առաջադրել՝ ամենից առաջ հենց Արցախի հարցում. Ղարաբաղը հանձնեք, սահմանը բացեմ...

Աշխարհում հարգում են միայն նրան, ով արժանապատվություն ունի և ուժեղ է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Երկու զրպարտիչ՝ նույն աղբամանում


Ռոբերտ Եսայան անունով մի ճիվաղի ստորագրությամբ «Չորրորդ իշխանություն» թերթում զազրախոսություն-զառանցանք է տպագրվել իմ մասին: Անզեն աչքով անգամ երևում են հոգեկանի հետ լուրջ խնդիրներ ունեցող իրական հեղինակի՝ Արցախի գրողների միություն կոչվող պորտաբուծարանի ղեկավարի ականջները: Այնուամենայնիվ, այդտեղ արտառոց կամ զարմանալի ոչինչ չկա. վերջինս իր ողջ կյանքն այդպես է ապրել՝ ուրիշների ստորագրությամբ հերյուրանքներ սփռելով, մարդկանց իրար դեմ լարելով, աթոռի համար ամենայն սրբություն ոտնակոխ անելով և դեպ վեր ճանապարհ հարթելով իր համար...

Խնդիրն այստեղ նա չէ, այլ անձնական օգտագործման այն «թաշկինակը» (շատ մեղմ ասացինք), որի անունը Ռոբերտ Եսայան է: Սա, եթե մի կտոր արժանապատվություն ունենար, անմիջապես կբարձրաձայներ, որ ինքը չէ այդ զառանցանքի հեղինակը, որ նույնիսկ տեղյակ էլ չի եղել դրա գոյության մասին, միայն տպվելուց հետո է իր բոսը հարմար գտել տեղեկացնելու այդ մասին: Դե, իհարկե, չէր կարող ծպտուն հանել. մեջտեղ «հացի խնդիր» կա, տունուտեղ պահելու խնդիր կա: Համարձակությունը հերիքել է միայն իր բարեկամի մոտ խոստովանելու, որ զազրախոսության հեղինակն ինքը չէ, հետո է միայն իմացել այդ մասին...

Ինչ-որ է: Ամեն դեպքում ժողովրդական իմաստությունն առայսօր ոչ ոք չի «բեկանել», այն դեռ գործում է. «Նմանն զնմանը գտանի»... Երկուսն իրար արժանի են՝ ձև ու բովանդակությամբ և, կարծում եմ, իրենց լավ էլ զգում են նույն աղբամանում:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Նոր էջ», մարտ, 2009 թ.

Իսկ մենք սպասում ենք

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ հայաստանյան լրագրողները փորձում են պարզել, թե Ստեփանակերտն ինչ սպասելիքներ ունի այդ հանդիպումից և, բնականաբար, հանդիպումից հետո Արցախում ինչ են մտածում այդ կապակցությամբ։ Շատ հաճախ ինչ-որ բան փորձում են լսել կամ պարզել նաև ինձնից։ Իմ պատասխաններից ակնհայտորեն մնում են տարակուսած, որովհետև ամեն անգամ փորձում եմ բացատրել, որ Արցախում ընդհանրապես ոչինչ չեն մտածում տվյալ հանդիպման մասին, այնպես, ինչպես երկու, երեք կամ հինգ տարի առաջ ոչինչ չէին մտածում արդեն պատմության գիրկն անցած նախորդ բոլոր հանդիպումների մասին։

Դրա պատճառները շատ են և տարբեր. Արցախի ժողովուրդը, անգամ պաշտոնյաները, շատ քիչ են տեղեկացված։ Լավագույն դեպքում գիտեն այն, ինչ մատուցում են հայկական իշխանական ԶԼՄ-ները։ Բայց սա ընդամենը երրորդական պատճառ է։ Այդ հանդիպումները պարզապես չեն հետաքրքրում արցախցիներին։ Դա լավ է, թե վատ՝ միանգամյան այլ հարց է, և դրա պատճառները նույնպես շատ են։ Օրինակ, ինձ և իմ ընկերներին «Ղարաբաղյան խնդրի կարգավորման» անվան տակ տարվող հանդիպումները չեն հետաքրքրում առաջին հերթին այն պատճառով, որ դրանք ոչ մի առնչություն չունեն խնդրի իրական կարգավորման հետ։

Ինքնասիրության խնդիր էլ կա. անձամբ ես և հարյուրավոր իմ ընկերներն ու բարեկամները ՀՀ-ում ոչ մեկին չենք լիազորել որոշելու մեր երկրի ճակատագիրը։ Մեր երկիրը ևս ՀՀ այս կամ այն ղեկավարին չի լիազորել որոշելու Արցախի ճակատագիրը։ Համոզված եմ, որ ցանկության դեպքում անգամ այդ պարոնները չեն կարող ստորագրել փաստաթուղթ, որ անընդունելի լինի Արցախի համար։ Բայց ոչ թե այն պատճառով, որ նրանք հայրենասեր են և հասկանում են, որ դա կլինի Արցախի վերջի սկիզբը։ Ամենևին ո՛չ։ Այլ այն պարզ պատճառով, որ լավ հասկանում են, թե դա կլինի իրենց՝ ստորագրողների վերջը։

Անշուշտ, ցանկալի է, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցող այդ պարոնները դիլետանտ չլինեին, որքա՜ն լավ կլիներ, որ հայ դիվանագիտությունը երկչոտ ու գետնաքարշ չլիներ, բարձրագույն պաշտոնյաները նախ մտածեին երկրի, ապա հետո միայն իրենց աթոռի ու գրպանի մասին։ Մյուս կողմից՝ կցանկանայի, որ Արցախի քաղաքական վերնախավը երբեմն հանդես գար հաղթող երկրին վայել կոշտ հայտարարություններով... Բայց, ցավոք, այսօր ունենք այն, ինչ ունենք...

Կոսովոյի անկախության կապակցությամբ Հաագայի միջազգային դատարանի ընդունած որոշումից հետո, հուլիսի 23-ին Ստեփանակերտում հանրահավաք էր սպասվում։ Այդ մասին արդեն հայտարարել էին հայաստանյան ԶԼՄ-ները, և 34 լրագրողներ ուղևորվել էին Արցախ՝ լուսաբանելու հանրահավաքը, որն, ամենայն հավանականությամբ, պիտի աշխարհին ցույց տար, որ մենք ամենևին քնած չենք, հաստատակամ և ամուր ենք կանգնած՝ մեր անկախությունն ու ազատությունը պաշտպանելու թշնամու ցանկացած ոտնձգությունից... ՀՀ հեռուստալրագրողների ջանքերով այդ կադրերը կցուցադրվեին աշխարհի տարբեր հեռուստաալիքներով, բայց... Բայց, հանրահավաքի փոխարեն ԼՂՀ քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարությամբ...

Կարծում եմ՝ շա՜տ դժվար, անչա՜փ դժվար է լինելու մեր անցնելիք ուղին։ Նստել, սպասում ենք, որ մեր անկախությունը ճանաչեն, որ ինչ-որ պարոններ մեր «հարցը լուծեն»... Թումանյանը մի հեքիաթ ունի, կոչվում է «Անխելք մարդը»... Ի դեպ, պատերազմում տարած հաղթանակից հետո, հետագա տարիների մեր պահվածքում, ցավոք, հարգանքի արժանի ոչինչ չեմ տեսնում...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ