8.3.12

ՄԵՐՕՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀՀ շարքային, սովորական մի քաղաքացի գնում է Ամենաբարձրյալի մոտ։
- Տեր իմ, քո օգնությունն եմ հայցում,- ասում է։
- Ի՞նչ է պատահել, որդյա՛կ։

- Տղայիս համար չեմ կարողանում աշխատանք գտնել։ Խնդրում եմ օգնես։
- Դիպլոմ-միպլոմ ունի՞։

Քաղաքացին զարմանքով նայեց պատկառելի ծերունուն։
- Տեր իմ, մեզ մոտ հիմա ո՞վ չունի դրանից... Ունի, բայց ապուշ է։
- Լրի՞վ։

- Հա։ Անհուսալի՛։ Դրան գումարած՝ բարձրագույնում սովորելու ժամանակ երկրորդ հարկից գլխիվայր ընկել է...
- Գլուխը հո չե՞ն վիրահատել, մեջը բամբակ-բան խցկել։

- Չէ։ Բայց ընկնելուց եղած-չեղած խելքը թռցրել է,- պատասխանեց քաղաքացին։
- Այդպես էլ է պատահում, որդյակ,- Ամենաբարձրյալը ակնոցը հանեց և սկսեց հոգնած աչքերը տրորել։

- Տեր իմ, եթե այդ բանի, այդ զահրումարի, այսինքն՝ ուղեղի տեղ բամբակ լիներ ճխտած, ավելի հարմար գործ կգտնվե՞ր...
- Հա։ Ոստիկանությունում թափուր տեղեր կան... Բայց, ինչպես ասում են, վերադառնանք մեր ոչխարներին։ Քո այդ տղան նյութապաշտական հակումներ ունի՞։

- Չէ, ի՞նչ ես ասում։ Էդ հարցում էլ է դմբո։ Օրերով մեկնվում է բազմոցին և զառանցում. «Մաֆիան անմահ է... Հայաստանը դարձնենք ծաղկուն Սիցիլիա... Մորը դանակահարելու և քրոջ որդուն առևանգելու համար սրոկ են տվել... Գրպանի փողը պրծել էր, որոշեց բանկ թալանել»... և նման հիմարություններ։
- Պարզ է։ Իսկ տերերին կարո՞ղ է հնազանդորեն, շան պես ծառայել։

- Ձե՞զ...
- Չէ՛, որդյակ։ Նախ՝ ես «տերեր» չեմ, ես եզակի եմ, և երկրորդ՝ խոսքը ձեր երկնային տերերի մասին է, որ գլխներիդ նստած՝ քշում են...

- Ներող եղեք, Ամենակարող։ Ինչ մնում է մեր տերերին շան պես ծառայելուն, ո՞ւր է թե այդքան խորաթափանցություն ունենար։ Նրա դատարկ գխում միայն ինքն է. ոնց-որ ինքնասիրահարված փքված հնդկահավ լինի...
- Լավ, դա էլ հասկացանք։ Կուղարկենք ձեր հայկական հեռուստատեսությունում սերիալների համար սցենարներ կգրի։

- Տեր իմ, բայց տակից դուրս կգա՞։ Այսինքն կկարողանա՞ աշխատել։ Կընդունե՞ն...
- Անմիջապե՛ս։ Այնտեղ իր նմաններից մի դյուժին կան, իրար հետ լեզու կգտնեն։ Ինքը սերիալի համար ախմախ բաներ կգրի, նրանք կինո կսարքեն...

Քաղաքացին ուրախացավ։ Ամենաբարձրյալի աջը համբուրեց, շնորհակալություն հայտնեց, բայց երբ ուզում էր դուրս գալ, վերջին պահին հանկարծ ինչ-որ բան հիշեց և ոտքը կախ գցեց.
- Ամենակարո՛ղ, եթե նյութապաշտ լիներ և, ինչպես ասում են, հնազանդ, ստրուկի պես ծառայեր իր տերերին, ի՞նչ աշխատանք կարող էր ստանալ,- հարցրեց։

- Ձեր Հայաստան երկրում կարող էր առնվազն նախարար աշխատել...
Քաղաքացին գլուխ տվեց և դուրս եկավ Ամենաբարձրյալի մոտից։ «Ափսո՜ս, շան տղան որ էդ զիբիլներից ունենար, մեր դեմ խաղ չէր լինի,- քթի տակ մրթմրթաց նա։- Բայց դե, մեր մեջ ասած, Հայաստանի հեռուստատեսությունն էլ մեր դմբոյի համար վատ տեղ չէ...»։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
8.03.12

10.2.12

ՄԻ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՄՅՈՒՍԸ


Լուրջ ազգ չենք։ Ծայրահեղությունների մի յուրօրինակ կծիկ ենք։ Ամեն ինչում և ամեն հարցում։ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու մասին Ֆրանսիայի Սենատի վերջին որոշման վերաբերյալ մեր արձագանքը դրա վառ ապացույցներից մեկն է։ Մի կողմից՝ անսահման, չափի մեջ չտեղավորվող հրճվանք, մյուս կողմից՝ արհամարհանք առ այդ որոշումը։ Վերջինները՝ արհամարհողները, գտնում են, որ ոգևորվելու պատճառ չեն տեսնում, Ֆրանսիան դա արել է իր շահերից ելնելով...

Հարգելիներս, աշխարհի քարտեզի վրա ցույց տվեք մի այլ երկիր, որ իր պետական-ազգային շահերը մի կողմ դրած, բարեգործություններ է շաղ տալիս շուրջբոլոր։ Մեր հյուսիսային եղբայր կոչվածը, որ իր «ավանդն» ունի մեր ժողովրդի վերջին երկհարյուրամյակի ողբերգությունների մեջ, Հայաստանը ծառայեցնում է բացառապես իր շահերին։ Նրա համար հայերը, վրացիները, ազերիները, չեչեն-ինգուշները, լեզգիները, կաբարդինները և այլք ընդամենը «կովկասյան ազգության ներկայացուցիչներ են»...

Այդ մենք ենք, որ կուրորեն բարեկամներ ենք փնտրում աշխարհով մեկ։ Մեզ հետ հարաբերվելիս յուրաքանչյուրն առաջնորդվում է միայն իր շահերից ելնելով... Պարզապես մենք պիտի կարողանանք բաց չթողնել առիթը՝ ինքներս էլ մեր ազգային խնդիրները լուծելու։ Ուրիշ ձև չկա, ու աշխարհը միայն սև և սպիտակ գույներից չի կազմված...

Մեր բոլոր դժբախտությունների պատճառներից մեկը հենց դա է։ Մենք առաջնորդվում ենք միայն այսրոպեական զգացմունքայնությամբ։ Մինչդեռ մարդուն ի վերուստ տրված է նաև սառը դատելու ունակությունը։ Աշխարհը պիտի ճանաչենք այնպես, ինչպես այն կա, այլ ոչ թե այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում կամ ինչպես մենք ենք ցանկանում...

Իրոք գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ն, շարունակ խաղարկում են ցեղասպանության հարցը... Շատ հնարավոր է, որ Ֆրանսիայի այս քայլը ամենից առաջ իրեն է պետք։ Բայց այն նաև մե՛զ է ձեռնտու։ Իրենք թող իրենց ուզած ձևով օգտվեն դրանից, մենք՝ մեր ուզած ձևով։ Քաղաքականությունը հենց դա է, այլ ոչ թե այն, որ ազերիները «փոխզիջում» բառը դեռ չեն արտաբերել, իսկ մեր վայ-դիվանագետներն արդեն ծայրից-ծայր բանակցասեղանին են դրել այն բոլորը, որ կարող ենք «փոխզիջել», հանձնել թշնամուն...

Որ մենք այսօր գործոն չենք, սուբյեկտ չենք, դրանում ամենաառաջին և ամենամեծ մեղավորը մենք ինքներս ենք։ Երբ ինքներս մեզ չենք հարգում, լուրջ չենք ընդունում (խոսքը դատարկ սնապարծության մասին չէ - դա մեր մի այլ ծայրահեղություններից է), ինչպե՞ս կարող է ուրիշը, աշխարհը մեզ հարգել և լուրջ ընդունել։

Ամենաթարմ օրինակը։ Ընդամենը մեկևկես տասնամյակ առաջ Արցախը սուբյեկտ էր, հաշվի էին նստում հետը, անգամ թշնամին ստիպված էր նույն բանակցասեղանի շուրջ նստել Արցախի ներկայացուցչի հետ... Այսօր այդ նույն Արցախը մեր իսկ մեղքով, մեր, այսպես կոչված, ՀՀ ղեկավարների, դիվանագետների մեղքով դարձել է ողորմելի մի ՕԲՅԵԿՏ, որի գլխի վրա վարսավիրություն են սովորում ամեն տրամաչափի հայ և այլազգի բախտախնդիրներ...

Մեր պատմության ոչ մի սխալից այդպես էլ դասեր չքաղեցինք, և մեր պարագայում պատմությունն անընդհատ կրկնվում է, և անընդհատ կորցնում ենք, կորցնում հող, երկիր, արժանապատվություն... Բայց մի օր պետք է կանգնեցվի այս նահանջը։ Մեծ հայրենականում ասում էին՝ ետևում Մոսկվան է...




ԱՆԴԱՐՁ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ...


Այս լուսանկարն արվել է Արցախից, Հայկական լեռնաշխարհից շատ հեռու մի տեղ։ Նախապես նախագծել, մայրուղի են կառուցել, որ անցնում է տափաստանով։ Ճանապարհը կառուցելիս նկատել են, որ անցնելիք մայրուղու տեղը ծառ կա։ Եվ անմիջապես ելքը գտել են՝ պարզապես շրջանցելով ծառը։ Արդյունքում՝ շահել է բնությունը, շահել է նաև մարդը՝ փրկելով իրեն արարող, սնուցող բնության թեկուզ աննշան մի մասնիկը, սովորական մի ծառ։

Այսօր վերոհիշյալ լուսանկարը հաստատ մեզանում տարակուսանք կարող է առաջացնել որոշ խավի մարդկանց մեջ։ Նրանք հաստատ այլ կերպ կվարվեին. տեղնուտեղը արմատահան կանեին ծառը, գիշերը մի հսկա խարույկ կվառեին՝ մի քանի շամփուր միս խորովելու համար, ապա կշարունակեին ճանապարհաշինական իրենց գործը։

Այդ լուսանկարն ինձ մտքերի մեջ գցեց. հետաքրքիր է, վերջին 10-15 տարում թեկուզ միայն Ստեփանակերտում քանի՞ հարյուր կամ քանի հազար ծառ է գլխատվել։ Եվ այդ ծառահատման հրամանատարներն իրենց կյանքում քանի՞ հատիկ ծառ են տնկել սեփական ձեռքով։

Տասնամյակներ առաջ դեռ դպրոցական նստարանից թե՛ մեր ծնողները, թե՛ ուսուցիչները մեզ սովորեցնում էին սիրել կենդանի բնությունը, խնամքով վերաբերվել ցանկացած ծառի՝ անկախ նրանից՝ բերքատո՞ւ է այն, թե՞ ոչ։ Այսօր ինչպե՞ս պիտի սովորեցնենք մերօրյա դպրոցականին ու մեր երեխաներին՝ սիրել ու հարգել բնությունը, ինչպե՞ս նրանց բացատրենք սեփական ձեռքերով ծառ տնկելու հաճույքը, տարիներ հետո քո տնկած ծառին արդեն ներքևից նայելու և զմայլվելու բերկրանքը, երբ գրեթե յուրաքանչյուր օր նրանց աչքի առաջ ծառեր են գետնին տապալում ու էլեկտրական սղոցներով հարձակվում վերջին «ջարդը տալու»...

Մեզ սովորեցնում էին կառուցել, հպարտությամբ մեզ բացատրում էին, որ հայը շինարար ժողովուրդ է, դարեր ի վեր կառուցել է՝ տուն, բերդ, քաղաք, երկիր... Վերջին մեկևկես տասնամյակում նույն այդ հայը միայն մայրաքաղաք Ստեփանակերտում քանի՞ տուն կամ շենք է քանդել, հողին հավասարեցրել՝ տեղը դղյակ, սուպերմարկետ, բանկ կամ որևէ մի զվարճատեղի կառուցելու համար։

Մեզանում վերջին տասնամյակում կառուցողի, շինարարի մեր կերտվածքի կողքին հայտնվել է սեփական արտադրության մի այլ տիպ՝ ջարդողի, քանդողի, սպառողի տիպը։ Ի՞նչ փույթ, որ նա քանդածի տեղը հետո նորն է կառուցում։ Միևնույն է, նա արդեն տուն է քանդել, նա արդեն ծառ է գլխատել։ Իր ուզածին հասնելու համար նա ավերել է ուրիշինը, ժողովրդինը, հանրայինը։

Մեր երկրի տարածքի չափ հող ենք ազատագրել, որտեղ ամայություն է տիրում այսօր։ Արցախյան շատ գյուղեր դատարկվում են։ Գնացեք այնտե՛ղ կառուցեք, պարոնայք «կառուցողներ» ու «շինարարներ»։

Այսօր օր-օրի Ստեփանակերտը փոխվում է։ Նորանոր բարձրահարկեր, նոր տիպի շինություններ են վեր խոյանում հատկապես քաղաքի կենտրոնում։ Մայթեզրերին երբեմնի հպարտ վեր խոյացող ծառերի փոխարեն այսօր սրբատաշ քարերով «բորդյուրներն» են միայն արևի տակ կուրացնելու չափ «աչք շոյում»։ Գեղեցկանո՜ւմ է մեր մայրաքաղաքը։ Բայց միայն քաղքենու, չտեսի, այսօր մայրաքաղաքը հեղեղած գեղցի տիպի համար, որ թանկարժեք ջիպ-մերսեդեսով է հյուր գնում հարևան շենքի իր բարեկամին...

Անդառնալիորեն կորցնում ենք մեր Ստեփանակերտը՝ կանաչազարդ ու գողտրիկ մեր քաղաքը, բայց դա ամենամեծ ցավը չէ։ Անդարձ կորցնում ենք բարոյական մեր կերպարը, արարող, շինարար հայի, ամենահաս ու բարեհոգի արցախցու մեր տեսակը...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

ՄԵԽԸ


Աշխարհի քարտեզի վրա հազիվ նշմարվող մի երկրում, որտեղ խոսքն ու գործը մշտապես հակասության մեջ են և պարբերաբար հաղթողը խոսքն է լինում, այս անգամ տոն է և համատարած ուրախություն։ Չէ, այս համընդհանուր ուրախության պատճառը պատերազմում կամ դիվանագիտական դաշտում ձեռք բերած բարոյական հաղթանակը չէ, այլ շատ ավելի լուրջ ու կարևոր մի իրադարձություն է, քան, ասենք, այդ երկրի ղեկավարի պարը հերթական մի հարսանիքում։ Փոքրիկ այդ երկրի մայրաքաղաքում վերջապես մի հզոր գործարան է կառուցվել՝ մեխի գործարան։

Գործարանի շուրջ հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ ժողովրդավարության մասին ցուցապաստառներով և իրենց երկրի ղեկավարների մեծադիր լուսանկարներով։ Իսկ քաղաքացիների շուրջ, մի տեսակ նրանց օղակած, ոստիկաններ էին շարվել, որոնց թիվը կրկնակի գերազանցում էր քաղաքացիների թվին։

Ժողովրդի մեջ շշնջոցներ լսվեցին՝ «նախագան գալիս է»։ Ոստիկանների արհեստավարժ գործողությունների շնորհիվ ամբոխը երկու մասի բաժանվեց և միջանցք բացեց։ Միջանցքի ողջ երկարությամբ, մինչև գործարանի դիմաց դրված ամբիոն, հատուկ այդ օրվա համար հարևան երկրից գնված գորգեր փռեցին։

Վերջապես երևաց Նորին գերազանցությունը։ Չէ, ինքն անձամբ չերևաց։ Երևացին թիկնապահները։ Երկշարք պահարանի պես շարված բարձրահասակ, լայնաթիկունք ու սափրագլուխ թիկնապահների միջով կարծես թե մեկը հպարտ շարժվում էր դեպի ամբիոն, ու դա պետք է որ «նախագան» լիներ։ Հավաքվածների առաջին շարքում՝ ամբիոնի դիմաց, հատուկ շարված էին լայն ժպտացող փողկապավոր մարդիկ, ովքեր անմիջապես «ուռա՜» վանկարկեցին, որին հետևեց ամբոխը։

Երկու գեղեցիկ աղջիկ ամբիոնի վրա դրեցին Նախագահի այդ հանդիսավոր օրվա ճառն ու մի բաժակ ջուր։

Ամբիոնին մոտենալով և ինքն իրենով հիացած շուրջը նայելով, Նորին գերազանցությունը սկսեց կարդալ։ Չնայած մինչ այդ մի քանի անգամ արդեն ընթերցել էր տեքստը, բայց հնարավորինս դանդաղ էր կարդում, որպեսզի հանկարծ չսխալվի։ Նա սկսեց հին ժամանակներից, երբ աշխարհում մարդիկ ծառի վրա էին, իսկ իրենց նախահայրերն ու նախամայրերը գետնի վրա արդեն թատրոն էին խաղում, իրենց դյուցազունները նետերով երկնքից աստղեր էին ցած գցում, ապա հասավ միջնադար ու ասաց, որ «Ռենեսանսը» իրենք են սկսել և առագաստանավերով արտահանել եվրոպական երկրներ։ Հետո երկար խոսեց իրենց ժողովրդավարական նվաճումների մասին ու վերջապես վայրէջք կատարեց օրվա թեմայի վրա։

- Հարգելի հայրենակիցներ, այս պայծառ օրը մենք ձեզ հետ միասին մի կարևոր իրադարձության մասնակիցն ենք։ Մեր փառապանծ գիտնականների և տաղանդաշատ մասնագետների ջանքերով մեր երկրում կառուցեցինք տարածաշրջանում ամենահզոր մեխի գործարանը,- կարդաց Նորին գերազանցությունը, ապա մի քանի րոպե սպասելով, որ ծափողջույններից դղրդացող տարածքը հանդարտվի, շարունակեց.- Այդ գործարանը նաև կունենա ռազմավարական վիթխարի նշանակություն, քանի որ մեր արտադրած մեխերը պատերազմի դաշտում մեր զինվորները կարող են օգտագործել որպես սառը զենք՝ սառնասրտորեն մխրճելով թշնամու, ներողություն՝ հակառակորդի մարմի ամենատարբեր մասերը։

Այս անգամ Նախագահն ավելի երկար սպասեց, որ ծափողջույններն ավարտվեն։ Այդ ընթացքում նա երկու բաժակ ջուր խմեց և սկսեց շատ երկար խոսել հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական առարկաներ մտցնելու կարևորության, այդ թվում՝ ռազմավարական նշանակության մասին։ Նա շեշտեց, որ մի շարք ուսումնական առարկաներ՝ գրականություն, մաթեմատիկա, ֆիզիկա և այլն, իրենց սպառել են, որովհետև համակարգչի դարում ինտերնետում ամեն ինչի մասին արդեն բազմաթիվ նյութեր կան, և բնականաբար վերոհիշյալ անպետք առարկաները պետք է հանել ուսումնական ծրագրից։ «Փոխարենը մեր երեխաներն այդ դասաժամերին ավելի խորը կուսումնասիրեն շախմատի գաղտնիքները,- ասաց նա,- իսկ նոր մտցված ուսումնական առարկաներն են՝ պարի ուսուցումն ու դոմինո խաղալը...

Այնուհետև Նախագահը գրպանից հանեց ոսկեզօծ մկրատն ու կտրեց գործարանի դիմաց ցցված երկու հեռագրասյուներից կապած կարմիր ժապավենը։ Ժողովուրդը ոգևորված սկսեց ծափահարել։
Այդ պահին հուժկու պայթյուն լսվեց։ Պարզ չէր՝ հսկա փուչի՞կ էր, թե՞ ավտոմեքենայի անվադող կամ մի այլ բան։ Գործարանի շուրջ այլևս մարդ չկար ու կարծես չէր էլ եղել, իսկ այնտեղ, երկու հեռագրասյուների մոտ ուր ամբիոնն էր դրված, մի մեխ էր գետնին ընկած։

30.9.11

Մարիետա Բադալյանին կամ՝ եթե ուզում եք գտնել ձեր բարեկամներին, մտեք Facebook...


Մոտ 12 տարի առաջ մանրապատում էի գրել՝ նվիրված հիանալի արվեստագետ ու անկրկնելի երգչուհի Մարիետա Բադալյանին։ Այն 1999 թվականին տպագրվել էր «Իրավունք» թերթում։ Հետո նույն թերթի թղթակիցներից մեկի շնորհիվ գտա երգչուհու հեռախոսահամարն ու ստացա նրա կողմից ինձ նվիրած ձայներիզը։ Պարզվել է, որ նա արդեն կարդացել էր այդ ստեղծագործությունը։ Հետո հայաստանյան թերթերից մեկում կարդացի, որ երգչուհին մինչ այդ եղել է ԱՄՆ-ում, որտեղ, փաստորեն, չարաչար խաբել են իրեն... Ցավալի է, իհարկե, բայց ուրախ էի, որ տաղանդաշատ երգչուհին կրկին իր հայրենիքում է։

Երբ հեռախոսով կապվեցի հետը, Մարիետան հայտնեց, որ շուտով իր մենահամերգն է լինելու, ավելի շուտ՝ իրեն նվիրված երեկո է լինելու, որը նաև ցուցադրվելու է հայաստանյան հեռուստատեսությամբ։ Երգչուհին ինձ էլ հրավիրեց ներկա գտնվելու այդ երեկոյին։ Ցավոք, ինչ-ինչ պատճառներով չկարողացա մեկնել Երևան։ Մարիետա Բադալյանին նվիրված միջոցառումը դիտեցի հեռուստատեսությամբ...

Տարիներ անցան։ Երկար ժամանակ երգչուհու մասին լուր չունեի։ Փորձեցի կապվել հեռախոսով, խոսափողի մյուս ծայրից պատասխանեցին, որ երգչուհին այնտեղ չի ապրում։ Ասացին նաև, որ տեղեկություն չունեն, թե հիմա որտեղ է նա։ Այս անգամ «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանին խնդրեցի իր թղթակիցների միջոցով ինչ-որ բան իմանալ երգչուհու մասին։ Արմինեն ասաց, որ իրեն էլ է հետաքրքրում դա և կփորձի մի բան պարզել... Չգիտեմ, իմ գործընկերները ևս չկարողացա՞ն «հայտնաբերել» երգչուհուն, թե՞ լրագրողական ծանր առօրեան, դեռ որպես «վրադիր» էլ թերթի նկատմամբ իշխանավորների կողմից պարբերաբար սարքվող դատական ներկայացում-քաշքշուկները նրանց հնարավորություն չտվեցին կատարելու իմ խնդրանքը...

Ժամանակ անցավ։ Ընկերներս շարունակ խորհուրդ էին տալիս, որ ես էլ սեփական էջ բացեմ Facebook-ում։ Արդեն երեք տարի է իմ խմբագրած «Նոր էջ» թերթի կայքն էի բացել, հետո էլ՝ սեփական բլոգ-կայքեր ունեի, որոնք խլում էին «համակարգչային ժամանակիս» մի զգալի մասը... Բայց մի օր էլ ավելի շատ հետաքրքրասիրությունից էջ բացեցի Facebook-ում... Երկրորդ թե երրորդ օրը այդ սոցիալական ցանցում «հանդիպեցի» իմ լավ բարեկամին ու ընկերոջը՝ Սարգիս Հացպանյանին... Բայց դա այլ պատմություն է...

Սարգիսին գտնելու ուրախությունից դեռ ուշքի չեկած, Facebook-ում իմ մի հրապարակման տակ հանկարծ նկատեցի Մարիետա Բադալյանի փոքրիկ գրությունը. «Վարդգես, ես չեմ մոռացել իմ մասին գրած քո հիանալի տողերը... Հիմա կարող եմ շնորհակալություն հայտնել»... Աչքերիս չհավատալով, անմիջապես պատասխանեցի. «Մարիետա, անչափ ուրախ եմ, որ դու կաս, որ քո անկրկնելի արվեստը ապրում է»...

Կրկին ձեռքս առա իմ գրքերից մեկում տպագրված Մարիետային նվիրած մանրապատումն ու զգացի, որ այս պահին ավելի լավ բան չեմ կարող գրել... Այն տպագրվելուց 12 տարի է անցել։ Շատ բան է մոռացվել այդ 12 տարում։ Ինձ թվում է, սակայն, որ այս տողերը կարող էին գրված լինել նաև երեկ կամ այսօր։ Այն ոչ միայն մարդուն վեհացնող Արվեստի, այլև մարդուն հավատազրկող, հոգեպես ոչնչացնող այսօրվա մեր իրականության մասին է նաև։ Ահա այդ մանրապատումը.

ՊԱՏՐԱՆՔ

Ամեն ինչից հոգնած ու ձանձրացած, մի օր եկա տուն, մեկնվեցի բազմոցին և, հենց այնպես, հին սովորությամբ, սեղմեցի ռադիոընդունիչի կոճակը։ Նույն պահին, այն է, ուզում էի կրկին սեղմել կոճակը և ազատել ինձ քաղաքական ճամարտակություններից, կուսակցական լեզվակռիվներից ու գերժամանակակից երաժշտական աղմուկից, բայց ձեռքս մնաց օդում...
Աշխարհից ու ամեն ինչից վերացած, քաղաքակրթությունից, նիստերի դահլիճներից, շուկաներից ու երկրային ամեն ինչից շատ վեր, մեր երազների մոռացված աշխարհում ինչ-որ տեղ, չնաշխարհիկ մի ձայն երգում էր, թե՞ այդ հեռու՜-հեռու եդեմական մի երկրում սար ու ձորերի միջով մեղմ ու հանդարտ կուսական մի աղբյուր էր կարկաչում.

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն, անու՜շ, անու՜շ,
Անրջայի՜ն, թեթևասա՜հ,
Ամպ ու հովերն անու՜շ, անու՜շ...

Աստված իմ, սա ի՜նչ հրաշք է։ Իսկույն մոռացա հոգնություն ու ձանձրույթ։ Աշխարհը նորից գեղեցկացավ ու պայծառացավ։ Կրկին ինձ պատկերացան մանկության ու պատանեկության անհոգ օրերն իմ՝ վառվռուն ու լուսեղեն երազներով լի։ Մանկության ու երազների իմ բարձրաբերձ լեռներում եմ դարձյալ։ Օդը՝ սառն ու մաքուր, երկինքը՝ կապու՜յտ-կապույտ, աշխարհը՝ լուսե հեքիաթ։ Մեղմ հովից թեթև շրշում են ծառ ու ծաղիկ, թռչուններն ուրախ գեղգեղում են անուշ...

Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային...

Աշխարհը միանգամից այլափոխվեց. շուրջբոլոր լույս ու սեր է ճառագում։  Ասես աղքատ ու թշվառ այն երկիրը չէ այս, որտեղ մարդիկ ոչ շատ վաղուց ունեին հավատ ու երազներ։ Ասես աշխարհում չեն եղել պատերազմ ու վիշտ, ոտնահարված և կոխկրտված մարդկային իրավունքներ ու երազանքներ, բռնաբարված հույս ու մորթված հավատ, անարդարություն ու արյուն...

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում ժամերն անու՜շ, անու՜շ,
Շվին փչեց հովիվն ահա¬
Աղջիկն ու սերն անու՜շ, անու՜շ...

Որքա՜ն լավ է... Այնքա՜ն ազնիվ ու մաքուր է ամեն ինչ։ Երկնի լազուրում, թևերը լայն տարածած, հպարտ ու վես ճախրում է երազների կապույտ թռչունն իմ։ Ահա ես կանգնած եմ բա՜րձր-բարձր մի սարի կատարին և մանկական իմ զնգուն ձայնով շեփորում եմ. ես սիրում եմ քեզ՝ կյանք, ես սիրում եմ ձեզ՝ լեռներ, ես սիրում եմ ամենքիդ, սիրու՜մ եմ, սիրու՜մ...
...Երգն ավարտվեց։ Երազների և անցած լուսեղեն օրերի հեքիաթային երկրից նորից հիմնահարցերի, շուկա-բազարային հարաբերությունների ու հետընթաց այս առաջընթացի աշխարհն ընկա։ Հրաշք հեքիաթը մեղմիկ մարեց։ Ոսկե ձկնիկը կրկին սահեց երազների ու հեքիաթների արևավառ աշխարհը...

   ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ք. Ստեփանակերտ

15.9.11

«Մենք ենք, մեր սարերը» անմխիթար վիճակում չէ, այլ՝ խայտառակ»


Հայաստանյան լրատվամիջոցներում Արցախի խորհրդանիշը համարվող «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի խայտառակ վիճակի մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած լուրը կարդալուց մի քանի օր հետո NEWS.am-ում հանդիպեցի նոր նյութի, որտեղ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Ավագյանը հերքում է «Չենք լռելու»-ի տարածած լուրը։ «Նախ, համաձայն չեմ, որ հուշարձանն անմխիթար վիճակում է, երկրորդն էլ ամեն տարի համապատասխան գումարներ ենք հատկացնում հուշարձանի պահպանության, տարածքի բարեկարգման, լուսավորության եւ այլ աշխատանքների համար»,- ասել է նա։

Առաջին՝ «Մենք ենք, մեր սարերը» ձեռքի թաշկինակ չէ, որ դնես գրպանում ու հանգիստ հայտարարես, թե՝ այն մաքուր է, որովհետեւ մեր տանը լվացքի մեքենա կա... Երկրորդ՝ «Չենք լռելու»-ն հայտնել է կոթողի ոչ թե անմխիթար վիճակի մասին, այլ խայտառակ վիճակի մասին եւ, որպես ապացույց, իր տարածած լուրին կցել է տեսագրություն, որ թվագրված է՝ 12.09.2011։ Այսինքն՝ հուշարձանը նկարել է մի քանի օր առաջ։

Ես չգիտեմ, թե ամեն տարի «համապատասխան» ինչ գումարներ են հատկացնում «հուշարձանի պահպանության, տարածքի բարեկարգման, լուսավորության եւ այլ աշխատանքների համար» եւ այս պահին այդ գումարն ամենեւին ինձ չի հետաքրքրում։ Ես հստակ մի բան գիտեմ, այն է՝ Արցախի խորհրդանիշը, մեր մշակույթի կոթողներից մեկն այսօր անտիրության է մատնված։ Խոսքը տարբեր հիմարների կողմից արձանի վրա արված գրությունների ու փորագրությունների մասին չէ միայն, ովքեր իրենց ողորմելի անունը «դրոշմել» են հուշարձանի վրա՝ կարծելով, թե անմահանալու ամենակարճ ճանապարհը դա է։ Խոսքն այն մասին է, որ տեղ-տեղ հուշակոթողի քարերը ջարդված են կամ այլանդակորեն փորփրված, իսկ հուշարձանի վրա, ավելի կոնկրետ՝ խեղճ պապիկի գլխին արդեն քանի տարի է խոտ ու մոլախոտ է բուսնում...

Ինչ վերաբերում է «լուսավորությանը», իրոք այնտեղ արկղանման բաներ կան ընկած, որոնք վաղուց որպես լուսարձակ են ծառայել։ Իսկ հուշարձանի տարածքի «մաքրության» մասին ավելի լավ է չխոսենք...

Սա է իրողությունը։ Տխուր իրողությունը, եւ արցախցի յուրաքանչյուր պաշտոնյա կարող է ծառայողական իր ավտոմեքենայով 2-3 րոպեում մեկնել այնտեղ ու սեփական աչքերով տեսնել դա... Եվ ցավն այն է, որ արցախյան լրատվամիջոցներում այդ մասին քիչ չեն գրվել, սակայն «սայլը» մնացել է այնտեղ, որտեղ միշտ եղել է...

«Մենք ենք, մեր սարերը» այսօր ոչ միայն խորհրդանիշ է եւ մշակութային արժեք, այսօր այն ակամա դարձել է մի այլ երեւույթի քարեղեն վկայությունը, որ կոչվում է՝ «Մենք ենք, մեր պրոբլեմները»։ Տեսականորեն՝ հեշտ լուծելի, իրականում՝ անտիրության մատնած պրոբլեմները։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Նոր էջ» թերթի խմբագիր
Ստեփանակերտ

14.9.11

Հայ դիվանագետները կրկին «ոսկե ձու» են ածել...


90-ական թվականների սկզբներին Արցախի քաղաքական գործիչներից մեկը մեկնել էր Ուրուգվայ։ Հարավամերիկյան այդ երկրից վերադառնալուն պես, մի ոտքը դեռ նոր էր դրել գետնին, բայց արդեն աջ ու ձախ հայտարարություններ էր անում եւ հարցազրույցներ տալիս, թե մոտակա օրերին Ուրուգվայը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ հայտարարությունն աշխարհով մեկ տարածվելուց հետո դժվար չէր կռահել, որ նման բան չի լինելու։ Առաջին հերթին թեկուզ այն պատճառով, որ այդ լուրը լսելուն պես Ադրբեջանի իշխանությունները, նրանց դիվանագետներն անմիջապես հակաքայլեր են ձեռնարկելու եւ «վնասազերծելու» հարավամերիկյան այդ հանրապետությանը...

Թե հայ քաղաքական գործիչն էր ցանկալին իրականության տեղ ընդունել, թե հակառակորդն էր իրոք խափանել Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությունը, փաստն այն է, որ քաղաքական գործչի այդ հայտարարությունից շուրջ 20 տարի է անցել, սակայն Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ չճանաչված, այն դեպքում, երբ Ղարաբաղյան շարժումից տարիներ հետո անկախության դրոշ պարզած մի շարք երկրներ արդեն ճանաչվել են այլ պետությունների, այդ թվում՝ գերտերությունների կողմից։

Վերջին օրերին հայկական մամուլում կրկին սկսեցին լուրեր շրջանառվել առ այն, որ «սեպտեմբերի 9-ին անակնկալ հայտարարություն է կատարել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն», այն է՝ ելույթ ունենալով Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված Ուրուգվայի խորհրդարանական համաժողովի ժամանակ, Ալմագրոն մասնավորապես ասել է, թե «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը», հետո ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը»։

Ձնագնդի պես գլորվելով մեծացող ու տարածվող այս լրատվությունը կարդալով, անմիջապես հիշեցի 90-ական թվականների սկզբի հայ «դիվանագետին» ու հասկացա, որ պատմությունը կրկնվում է։ Դրանում հատկապես համոզվեցի, երբ տեսնում եմ, թե ինչպես են հայ քաղաքական գործիչներն, իրար հերթ չտալով, աջ ու ձախ մեկնաբանություններ անում այդ կապակցությամբ։ Այն էլ՝ որպես կատարված, ավարտված իրողության մասին։ Անգամ կարծիքներ հնչեցին, թե Ուրուգվային, ամենայն հավանականությամբ, հետեւելու են այլ պետություններ։ Նույնիսկ վկայակոչեցին 1915 թ. Ուրուգվայի կողմից աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը եւ այլն։

Քաղաքական գործիչներից ոմանք ավելի հեռու գնացին՝ հաշվելով, որ Ուրուգվայի կողմից ԼՂՀ-ն ճանաչելն արդեն իրողություն է ու մեր գրպանում է, փորձում են «սեփականաշնորհել» այն, հայտարարելով, թե ի շնորհիվ Ուրուգվայում ապրող հայ համայնքի, նրանց լոբբինգի արդյունք է դա։ Կարծես մի հպարտանալու բան է, երբ արդար որոշման հանգում են ոչ թե սեփական համոզվածության ու սկզբունքների, այլ այլոց կողմից արված լոբբինգի շնորհիվ...

Ուրուգվայի կողմից Արցախի պետականությունը «ճանաչելուց» 2 օր հետո Regnum-ում նյութ տպագրվեց «Ուրուգվայի ԱԳՆ-ն հերքել է ԼՂՀ-ն ճանաչելու տեղեկատվությունը» վերնագրով, որտեղ ասվում է, թե Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը կապվել է Ուրուգվայի ԱԳՆ-ի հետ եւ, ինչպես հաղորդում է aze.az-ը, Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ռ. Կարրերասը հերքել է դա, «միանշանակ հաստատելով, որ իր երկիրը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով»։

Չգիտեմ, գուցե թե հնարավոր է, որ Ուրուգվայն իրոք ճանաչի Արցախի պետականությունը (չնայած դրանում շատ լուրջ կասկածում եմ), սակայն ինձ մի այլ խնդիր է հետաքրքրում, որ շատ նման է ոսկե ձու ածող հավի պատմությանը։ Երբ սնապարծ հավիկն իր լույս աշխարհ բերելիք «ոսկե ձվի» գովքն է անում ու բոլորն այդ հրաշք ձվից են խոսում, աղվեսը թաքուն մտնում է հավաբուն, իր գործը տեսնում, դունչը լիզելով, դուրս գալիս ու հայտնում. «Ի՞նչ եք փչում, էստեղ ոչ հավ կա, ոչ էլ ոսկե ձու...»։

Երկոտանի թռչուններից վերադառնանք երկոտանի մեր հերոսներին, ովքեր դեռ «ձու չածած», սիրում են աշխարհով մեկ տարածել, թե՝ ահա-ահա մի չտեսնված-չլսված «ոսկե ձու» ենք լույս աշխարհ բերելու... Մի՞թե դիվանագիտական արտակարգ իմաստություն է պահանջվում սովորելու-հասկանալու դարերի խորքից եկող մի պարզ ճշմարտություն. «Գետը չհասած, փողքերը վեր չեն քաշի...»։ Թե՞ մեր դիվանագիտությունը շարունակում է ապացուցել, որ գետնաքարշ եղել է, գետնաքարշ էլ մնացել է։ Եվ դեռ բոլորիս ջգրու՝ այդպես էլ մնալու է...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

16.8.11

13-ամյա երեխային գուցե կարելի է խաբել, բայց մի ողջ ժողովրդի՝ հազիվ թե


Անկասկած ուրախալի է, որ ղարաբաղցի դպրոցական Ադելինա Ավագիմյանի նամակին՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, պատասխան է եկել Բաքվից։ Այն գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչներից մեկը՝ Էլնուր Ասլանով անվամբ։ Ցավալի է, սակայն, որ այս առիթն անգամ Ադրբեջանը բաց չի թողել խեղաթյուրելու իրողությունը՝ սկսած հին ժամանակներից մինչեւ ոչ վաղ անցյալը, երբ Խորհրդային Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ադրբեջան» անվամբ հանրապետությունը, ինչպես նաեւ մինչեւ մեր օրերը, որի կարեւոր անցուդարձերը, բարեբախտաբար թե դժբախտաբար, շատ թարմ են մեր հիշողության մեջ։


"Дорогая Аделина, Администрация Президента Азербайджанской Республики внимательно относится к обращениям каждого жителя Азербайджана на имя Президента Ильхама Алиева, и потому твое письмо не могло остаться без ответа",- այս տողերով է սկսվում պատասխան նամակը, եւ հենց նամակի առաջին իսկ տողում գլխիվայր շրջված է իրողությունը։ 

Ղարաբաղցի Ադելինան Ադրբեջանի քաղաքացի չէ։ Նա իր երկրի քաղաքացին է, որ կոչվում է Արցախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Եթե արցախցի այս դպրոցականը Ադրբեջանի քաղաքացի լիներ, պարոն Ալիեւը օր ու գիշեր իր երկրի ռազմական բյուջեն ուռճացնելու եւ երկրորդ անգամ Ղարաբաղի վրա հարձակվելու մասին հայտարարություններ չէր անի։

"Ты пишешь, что родилась и живешь в городе Степанакерт. В действительности этот город называется Ханкенди",- Ադրբեջանի նախագահի անունից հայտնում է նրա աշխատակազմի բաժնի վարիչը։ Կարծում եմ, 50-55 հազարանոց Ստեփանակերտի բնակչությանը պետք չէ 450-500 կմ հեռվից բացատրել, թե իրականում ինչպես է կոչվում իրենց քաղաքը։ Ապա պատասխան նամակի հեղինակը հայտնում է, որ 1805 թ. մայիսին "Карабахское ханство вступило в состав Российской империи" մի համաձայնագրով, որը ղարաբաղյան կողմից ստորագրել է Իբրահիմ խանը, իսկ այդ փաստաթղթում "нет и намека на какую-либо политическую роль армян в Карабахе. Хотя мы, безусловно, не отрицаем, что армяне жили в Нагорном Карабахе, но они составляли лишь меньшинство от общего числа населения".

Երեւի աշխատակազմի բաժնի վարիչին թվում է, թե փոքրիկ այդ փաստաթղթում պետք է արտացոլված լինեին Ռուսաստանի կողմից կռվող ղարաբաղցի հազարավոր հայ կամավորականների անունները, նաեւ այն մասին, թե ինչու հանկարծ նույն այդ խանը հանկարծ «մոռացել է» պարսկական իր ծագումը, կրոնական պատկանելությունը, ռուսների դեմ գործած նենգությունները եւ սիրով նստել ու համաձայնագիր ստորագրել Ղարաբաղը Ռուսաստանին միանալու մասին։

Աշխատակազմի «պատմաբանը» ստեփանակերտցի դպրոցականին բացատրում է նաեւ, որ հենց այդ տարիներին են հայերը բնակություն հաստատել Ղարաբաղում։ "Так, царская администрация преследуя собственные цели изменила в определенной степени этнический состав в Нагорном Карабахе",- գրում նա։ Երեւի նա ամաչել է ավելացնել նաեւ, որ միաժամանակ այդ տարիներին ցարական կառավարության հրամանով հարյուրավոր տարիներ առաջ պատրաստված խաչքարեր ու հայատառ ծանր գերեզմանաքարեր՝ իրենց մեջքին շալակած, բերել եւ տարածել են Ղարաբաղով մեկ, իսկ 12-13-րդ դարում կամ ավելի վաղ շինված Գանձասարի վանքը, Դադիվանքը, Ամարասը եւ հայկական բազմաթիվ մյուս վանքերն ու եկեղեցական համալիրները 18-րդ դարում Ռուսաստանի ցարի հրամանով Արցախ են բերել ճապոնական ժամանակակից տրակտորներով...

Իր պատասխանի շարադրանքից ոգեւորված, նախագահական աշխատակազմի բաժնի վարիչը ղարաբաղցի դպրոցականին բացատրում է, որ "американская поп-исполнительница армянского происхождения, Шер, настоящее имя которой Шерилин Саркисян, родилась в США. А известный французский актер и шансонье армянского присхождения Шарль Азнавур родился в Париже. Но это вовсе не означает, что США, или отдельно Калифорния, Франция, или отдельно Париж, являются древними провинциями Армении". Դրանով երեւի ցանկանում է հասկացնել, թե չնայած Լեռնային Ղարաբաղում հայերն անցյալ դարի սկզբներին 90-95 տոկոս են կազմել, իսկ ղարաբաղյան շարժման նախօրյակին՝ 1980-88 թվականներին՝ 70-75 տոկոս, միեւնույն է, Ղարաբաղը ադրբեջանական է, որովհետեւ Բաքվում այդպես են ցանկանում։

Էլնուր Ասլանովի բերած միամիտ այս օրինակի ոգով նրան անդրադարձնենք, որ ինչ վերաբերում է Արցախ-Ղարաբաղի կողմից Ռուսաստանին միանալու համաձայնագրի տակ Իբրահիմ խանի ստորագրությանը, ապա դրանից չի անհետանում Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը ու դրանից չի հետեւում, թե Ղարաբաղը պատկանում էր մի քանի տասնյակ քոչվոր մահմեդականի, ինչպես Իոսիֆ Ստալինի կողմից ավելի քան 30 տարի Մոսկվայում ստորագրած փաստաթղթերը չեն նշանակում, որ Ռուսաստանը վրացական հող է...

Ի պատասխան Ադելինայի նամակի հետեւյալ տողերի՝ «Իմ պապիկից եմ լսել, որ պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ երբ այստեղ ադրբեջանցիներ կային, երբ մահանում էին, նրանց Ղարաբաղից դուրս էին տանում եւ թաղում նրանց իսկական հայրենիքում, որովհետեւ գիտեին, որ սա իրենց երկիրը, իրենց հողը չէ։ Դրա համար այստեղ գրեթե ադրբեջանցիների գերեզմաններ չկան...», ադրբեջանցի պաշտոնյան հայտնում է, որ "сказанное тобой в действительности лишь подтверждает факт массового уничтожения азербайджанских, мусульманских кладбищ, храмов и мавзолеев в Нагорном Карабахе и прилегающих к нему районах".

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը երեւի նկատի ունի Նախիջեւանում հայկական հազարավոր խաչքարերի ջարդը՝ տրակտորներով, բահ ու քլունգներով, եւ այն, որ միջազգային UNESCO-ի աշխատակիցներին այդպես էլ արգելել են մուտք գործել Նախիջեւան ու սեփական աչքերով տեսնել «ինտերնացիոնալիստական» Ադրբեջանի կողմից 21-րդ դարի շեմին իրականացրած անմեղ խաչքարերի ջարդը։

Մերօրյա պատմությունը գլխիվայր շրջելով, նա հայտնում է, թե ոչ թե Ադրբեջանն է պատերազմ սկսել, այլ՝ հայերը. "не азербайджанцы развязали конфликт, в результате которого армянами были атакованы азербайджанские села, деревни и города, осуществлены этнические чистки, направленные против мирного азербайджанского населения Нагорного Карабаха"...
Երեւի իմաստ չունի կետ առ կետ քննարկել Արցախցի 13-ամյա դպրոցականի 1,5 էջանոց նամակին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչի կողմից որպես պատասխան գրված 10 էջանոց սուրոգաթը։ Հատկապես երբ չեն պատասխանել փոքրիկի նամակի ամենահիմնական հարցերին.

«Դուք ամբողջ ժամանակը միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին եք խոսում։ Ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում։ Կարծես ուրիշ պրոբլեմներ եւ խնդիրներ չունեք։ Ուրիշ ոչ մի հարց կարծես Ձեզ չի հուզում... Եթե մեր երկիրը նվաճելու համար պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը պաշտպանելու»,- գրել էր փոքրիկը եւ հարցրել՝ եթե պատերազմ սկսեք, արդյո՞ք Դուք, Ձեր երեխաները, Ձեր բարեկամներն ու ընկերները մասնակցելու եք այդ պատերազմին, թե՞ շարքային ադրբեջանցի երիտասարդներին եք ուղարկելու մեր երկրի վրա։

«Եթե այդքան շատ փող ունեք, ինչո՞ւ եք շարունակ զենք գնում, դրանով Դուք կարող եք այնպիսի կյանք կառուցել Ձեր երկրում, որ Ձեր ժողովուրդը (հատկապես նրանք, ովքեր Ձեր հայրիկի կողմից սկսած պատերազմի պատճառով փախստական են դարձել) երջանիկ ապրի եւ ոչ մի պրոբլեմ չունենա։ Դա՞ է լավ, թե՞ նրանց պատերազմի դաշտ ուղարկելը...»,- փոքրիկի այս գլխավոր հարցը եւս մնացել է անպատասխան։

Փոխարենը նրան հեքիաթ են պատմում այն մասին, որ "В Азербайджане счастливо проживают представители десятков различных национальностей, в том числе и армяне, которых твои ровесники могут тут видеть... Приглашаю тебя, Аделина, посетить Баку, Гянджу, Сумгаит, побывать в районах Азербайджана, увидеть их развитие и новый облик. Приезжай с родителями, с папой, мамой, бабушкой и дедушкой, им не понаслышке должно быть знакомо азербайджанское гостеприимство и созидательный характер моего народа".

Փոքրիկ Ադելինայի համերկրացիներն ու բարեկամներն այդ «ինտերնացիոնալիստական» ձայնի կանչով արդեն մի անգամ մեկնել են վերոհիշյալ քաղաքներ ու համատեղ ուժերով Սումգայիթ կառուցել, շենացրել ու գեղեցկացրել Բաքուն։ Արդյունքում, թե ինչ են ստացել, արդեն հայտնի է՝ ի պատասխան ղարաբաղցիների Հայաստանին միանալու պահանջով խաղաղ ցույցերի, այդ մարդկանցից շատերը մորթվել են նույն այդ Սումգայիթի, Բաքվի իրենց տներում, իսկ Ադրբեջանի այդ եւ այլ բնակավայրերում ապրող շուրջ կես միլիոն հայեր մահից մի կերպ փրկվելով, եկել են Արցախ, մեկնել Հայաստան, Ռուսաստան եւ այլուր։ Հազիվ թե փոքրիկ Ադելինայի այդ ամենի ականատես ծնողները, տատն ու պապը ցանկանան կրկին ճաշակել «ադրբեջանական հյուրասիրության» համը։

Իսկ "cозидательный характер моего народа" ասելով, Է. Ասլանովը երեւի նկատի է ունեցել 21-րդ դարի շեմին Եվրոպայի կենտրոնում ադրբեջանցի զինվորականի կողմից Ղարաբաղի ու ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի հետ առնչություն չունեցող քնած երիտասարդ հայ սպային կացնահարելը։ Քարե դարե գործիքներին լավ տիրապետելը մի՞թե բավարար փաստարկ է, որպեսզի ընդամենը 90 տարի առաջ խորհրդային ղեկավարների կողմից առաջին անգամ «հանրապետության» կարգավիճակ ստացած ժողովուրդը փորձի աշխարհին համոզել իր «հնագույն» ծագումը, Արցախ-Ղարաբաղն էլ հայտարարելով «ադրբեջանական պատմական հող»։

Ըստ երեւույթին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը, որին բախտ է վիճակվել գրելու իր երկրի ղեկավարին ուղղված նամակի պատասխանը, դրանից այնքան է ոգեւորվել, որ պատմական փաստերը վերաշարադրելիս, սրբագրելիս ու գլխիվայր շրջելիս, անգամ ոչ վաղ անցյալի հայտնի իրադարձությունները խեղաթյուրելիս մոռացել է, որ այդ ամենը գրում է իր երկրի նախագահի, այլ ոչ միայն սեփական համեստ անձի անունից։ Այլապես իր գրած պատասխանում երբեմն կմտածեր ստի ու կեղծիքի չափաբաժինը նվազեցնելու մասին։ Ինքը թերեւս կարող է ստել՝ որքան սիրտն ուզում է, բայց երկրի նախագահի համար այնքան էլ պատվաբեր չէ, երբ նրա կողմից պատասխանում են սուտ ու կեղծիքով։

Ադրբեջանի նախագահի դպիրը չի հասկանում, որ հնարավոր չէ պատերազմում հաղթել ու անկախ պետություն կերտել շնորհիվ ինչ-որ "полевых командиров и полоумных экстремистов"-ի, եւ որ վաղուց պատմության լուսանցքներում են մնացել տարիներ առաջ Մոսկվային մոլորեցնելու համար հնարած այդ տերմինները։ Այստեղ նման բաներ չկան։ Փոխարենը ԼՂՀ սահմանները վերահսկում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, որտեղ ծառայում են մեր զավակները։

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ պատասխան նամակում կան նաեւ ճշմարիտ տողեր՝ թեկուզ այլ ենթատեքստով։ Ղարաբաղյան շարժումից ու պատերազմից հետո իրոք մեզանում ոմանք շատ մեծ հարստության տեր են դարձել (ինչպես եւ Ադրբեջանում է), իրոք "Им самим живется очень хорошо, а вот армянской общине (հեղինակը «մոռացել» է ժողովուրդ բառը - Վ.Օ.) Нагорного Карабаха - плохо", բայց, այդուհանդերձ, նույն այդ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով եւ խորհրդարանական ու այլ ընտրություններով բազմիցս արդեն պատասխանել է այդ հարցին։ Ադրբեջանում եւս հազարավոր մարդիկ վատ են ապրում։ Թեկուզ փախստական այն «միլիոնը», որոնց դիտմամբ շուրջ 20 տարի պահում են վրաններում, որպեսզի միջազգային հանրությունից անհրաժեշտ դիվիդենտներ քաղեն։ Սակայն ինչ վերաբերում է ղարաբաղցիներին, հազիվ թե գտնվի մեկը, որ մորթվելը գերադասի վատ ապրելուց։

Գուցե թե հնարավոր է 13-ամյա Ադելինային կամ մի այլ երեխայի խաբել, բայց մի ողջ ժողովրդի հազիվ թե հնարավոր լինի խաբել։ Հատկապես երբ դա վերաբերում է նրա կյանքը, ազատությունը եւ երկիրը խլելուն։

Այստեղ խնդիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից նրա աշխատակազմի բաժնի վարիչի կողմից գրած պատասխան նամակը չէ 13-ամյա արցախցուն, այլ այն, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավը չի ուզում հասկանալ եւ համակերպվել այն մտքին, որ աշխարհի բոլոր կայսրություններն ու գաղութատիրությունները մի օր փլուզվել եւ փլուզվում են, որի արդյունքում բազմաթիվ ազգեր անկախություն են ստացել, ոմանք նաեւ առաջին անգամ պետականություն են ստեղծում։ Փլուզվել է հինավուրց Բյուզանդական կայսրությունը, փլուզվել է անգամ հսկա ԽՍՀՄ-ը։ Խորհրդային կայսրության ջանքերով ստեղծված Ադրբեջանի 70-ամյա գաղութային գերությունից ազատագրվել է նաեւ Արցախ-Ղարաբաղը, եւ արդեն 20 տարի է ունի անկախ իր պետականությունը, ինչպես նույն Ադրբեջանը։
Պատմության անիվը երբեք ետ չի գլորվում։ Գաղութատիրության գնացքը մեր կայարանից մեկնել է 20 տարի առաջ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ